ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԹՈՂՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանի հետ։

-Պարո՛ն Քոքոբելյան, ընդհանուր քարոզարշավի ընթացքը ինչպե՞ս կգնահատեք։
-Շատ բարձր տրամադրությամբ ենք իրականացնում քարոզչությունը։ Մեր հասարակության մեջ շատ խորը ըմբռնում կա գաղափարների եւ մոտեցումների հետ կապված։ Կան շատ հետաքրքիր հարցադրումներ կապված ծրագրային դրույթների հետ։ ՀՀ բոլոր մարզերում եղել եմ, եւ բոլոր տեղերում էլ այդ խանդավառությունն ու վճռականությունը տեսնում եմ, եւ ամենակարեւորը, այն պատրաստակամությունն եմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձեռքները քշտած` ՀՀ-ն վեր հանեն այս վիճակից։ Դա մեզ ոգեւորում է, դա մեզ պարտավորեցնում է, եւ վստահեցնում եմ Ձեզ՝ ավելի մեծ պատգամ, քան մեր քաղաքացիների պատգամն է, որ մենք ժամանակ չունենք, որ ՀՀ քաղաքացին այլեւս սպասելու ժամանակ չունի, չկա։ Մենք բոլորս` թե՛ պառլամենտում, թե՛ կառավարությունում աշխատողները, ամեն ինչ պետք է անենք, որ շատ արագ ՀՀ-ի այս խեղճացած տնտեսությունը այս վիճակից դուրս գա, եւ մեր երկիրը ունենա շեշտակի զարգացող տնտեսություն։
-Հետեւո՞ւմ եք մյուս ուժերի քարոզարշավներին։ Սեւի եւ սպիտակի բաժանում կա՞։
-Տեսնում եմ, որ որոշ ուժեր փորձում են քարոզչությունը տեղափոխել գաղափարական դաշտից անձնավորված դաշտ, սեւ ու սպիտակի դաշտ։ Շատերը չեն ուզում պատկերացնել, որ հասարակությունը լավ տարբերակում է, թե ով ինչով է զբաղվել եւ ով ինչքանով է իր ասածին հետամուտ լինում։
-Համաձա՞յն եք, որ պայքարը գաղափարական չէ։
-Ես դա բազմիցս շեշտել եմ, եւ պատճառներից մեկն էլ դա է, որ ես ՀՀ ներկայիս իշխանություններին հրավիրել եմ բանավեճի արտաքին քաղաքականության եւ տնտեսության հարցերի հետ կապված։ Ինչո՞ւ հենց իշխանություններին, այլ ոչ թե մյուսներին. մյուսների արտաքին քաղաքական ծրագրերը գրեթե չի տարբերվում այսօրվա իշխանության ծրագրերից, իսկ տնտեսական առումով պատասխանատուն իշխանությունն է։ Այն քաղաքական ուժերը, որոնք չունեն արտաքին քաղաքականության անվտանգության, տնտեսության, Արցախի հիմնախնդրի հետ կապված հստակ մոտեցումներ, ես դա թերացում եմ համարում։
-Այս քարոզարշավի ժամանակ բոլորը ընդունում են, որ «Իմ քայլը» դաշինքը առաջին տեղում է լինելու, իսկ իրենք խոսում են 2-րդ, 3-րդ տեղը լինելու մասին։ Դուք ո՞ր ուժը լինելու ակնկալիքն ունեք։
-«Մենք» դաշինքը միակ քաղաքական ընդդիմադիր ուժն է այսօրվա իշխանության։ Կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են՝ մի քիչ իշխանության հետ ենք, մի քիչ այստեղ ենք։ Հասկանում եմ, որ նախկին իշխանության դիրքավորված շատերի համար կոմֆորտի զոնայում է այսօրվա իշխանությանը ընդդիմություն լինելը, բայց գաղափարական, բովանդակային առումով միակ ուժը, որը ընդդիմադիր է, դա «Մենք» դաշինքն է։
Արտաքին քաղաքականության մասով մեր դաշինքի եւ ներկայիս իշխանությունների մոտեցումները էապես տարբերվում են։ Շատերը այսօր փորձում են լղոզել, ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ՝ չի ստացվելու։
-Դուք միշտ ընդդիմադիր եք եղել, սակայն ինչպես հասկացանք Ձեր հայտարարագրից, բավականին հաջողությունների հասցրել եք հասնել։ Հե՞շտ էր աշխատել նախկին Հայաստանում։
-Շատ դժվար էր։ Նախկին իշխանությունները ձերբակալել են իմ հարազատ եղբորը, անօրինական ձերբակալել են, 1 տարի պահել են բանտախցում եւ պահանջել, որ ես քաղաքականությամբ չզբաղվեմ։ Ես այդ մասին քիչ եմ խոսում, որովհետեւ նեղացած կեցվածք ընդունող մարդ չեմ։ Ես ընդդիմադիր եմ եղել ոչ թե նրա համար, որ դա եղել է քաղաքական կապրիզ, այլ իրոք չեմ կիսել այն մոտեցումները, որոնք ունեցել են նախկին իշխանությունները, համաձայն չեմ եղել այն թալանի հետ, որը եղել է Հայաստանում։ Եղել են շատերը, որոնք իշխանությունների մոտ ընդդիմություն են աշխատել, իսկ ես պայքարել եմ, կորցրել եմ, դրանից չեմ վախեցել եւ դրանից չեմ խուսափել։ Չեմ ուզում հիշեցնել մարտի 1-ը, չեմ ուզում հիշեցնել այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել մեր շրջապատի նկատմամբ։ Մենք մի քանի օր առաջ Բյուրեղավան քաղաքում ոստիկանության մոտ միտինգ էինք անում։ Նախկին իշխանությունների ժամանակ դրա մասին մտածելը նույնիսկ վտանգավոր էր։
-Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։
-Կա մի ակնհայտ իրողություն, որ նախկին իշխանությունների կողմից ՀՀԿ են ներթափանցել շատ-շատ կրիմինալ մարդիկ, տնտեսական հանցագործներ, եւ նրանք են ապահովել այդ կուսակցության ձայնահավաքը, փողաբաժանությունը, եւ ցավում եմ, որ Հանրապետականում լինելով` շատ քաղաքական գործիչներ այդ քաղաքական կամքը չունեցան, որ կարողանան խոչընդոտել նրանց ներթափանցումը իրենց կուսակցություն։ Այդ առումով ՀՀԿ-ն չեմ անվանի հանցագործ կուսակցություն, որովհետեւ հանցագործները մարդիկ են, որոնց ընդամենը պետք է օրենքի առաջ պատասխանատվության կանչել։ Այսօրվա իշխանությունները այդ առումով մի բացթողում են ունեցել. քաղաքական գնահատական չեն տվել նախկին ռեժիմի եւ նախկին իշխանության կատարածներին։ Եթե քաղաքական գնահատական տված լինեին, հավատացած եղե՛ք` նույն Արարատ Միրզոյանը ստիպված չէր լինի նման բան ասել։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՊՐՈՑՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Թամրազյանը որոշել է լուծել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի հետ 2018թ. փետրվարի 9-ին կնքված աշխատաքային պայմանագիրը: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Նարինե Բուդուրյանին նշանակել է նշված դպրոցի տնօրեն եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Մինչեւ այդ նշանակումը, նոյեմբերի 29-ին, կայացել է այդ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:

Տավուշի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ մրցույթին մասնակցել են 2 հոգի` Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Նարինե Բուդուրյանը եւ «Հույսի կամուրջ» հկ աշխատակից Արթուր Միրզոյանը: Ն. Բուդուրյանը ստացել է 5, Ա. Միրզոյանը` 3 քվե: Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ընտրության հարցն ավելի քան մեկ տարի գյուղում մեծ լարվածություն էր առաջացրել, կրքեր բորբոքել: Այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ.մի քանի ամիս եղել էր այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2017թ. դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել էր կառավարություն, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Վաչե Գաբրիելյանը 2018թ. հունվարի 8-ին մարզպետ Հ. Աբովյանին ուղարկված գրությամբ առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանին, սակայն մարզպետը վերջինիս դպրոցի տնօրեն չի նշանակել: Մարզպետը փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Բերդ քաղաքի բնակիչ Անահիտ Ջուլհակյանի աշխատանքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցում դժգոհություն կար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՄԵԾ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ ՍԿՍՎԵՑ
Դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Բագրատաշենի մաքսակետում կաշառքի մեծ գործով դատավարությունը: Մեղադրյալի աթոռին 19 հոգի են: Նրանցից Վահե Օհանյանը եւ Արթուր Մարգարյանը մաքսակետի պաշտոնյաներ են, մնացածները` Տավուշի մարզի բնակիչներ, ովքեր կաշառքով, ապօրինաբար 2017թ. Վրաստանից Հայաստան ապրանքներ են ներկրել:
Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող անձ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակից, այդ բաժանմունքի աշխատակից Արթուր Մարգարյանի միջնորդությամբ Տավուշի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար Ա. Մարգարյանի միջոցով նրանցից տարբեր չափով գումարների կաշառք է ստացել:
Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նշված ժամանակահատվածում նպաստելով Վահե Օհանյանի եւ կաշառք տված քաղաքացիների միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն` 18 դեպքով կատարել է կաշառքի միջնորդություն: Արմեն Մատոյանը մեղադրվում է այն բանի համար, որ Վրաստանից ապրանքների անօրինական ներկրման հարցում պաշտոնատար անձի հովանավորչությունը ստանալու համար վերը նշված ժամանակահատվածում չորս դեպքերով ազգականներ Էդգար Մատոյանի եւ Հարություն Շիրվանյանի օժանդակությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակից Արթուր Մարգարյանի միջնորդությամբ տարբեր չափերի գումարի կաշառք է տվել Վահե Օհանյանին: Էդգար Մատոյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա չորս դեպքերով օժանդակել է իր եղբոր` Արմեն Մատոյանի կողմից Բագրատաշենի բաժանմունքի պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այս գործով մեղադրյալներ Հարություն Շիրվանյանին, Արտաշես Հարությունյանին, Լեւոն Ավագյանին, Վաչե Ասատրյանին, Արկադի Նավասարտովին, Հրաչիկ Ջալալյանին, Ռուսլան Դանիլովին, Արա Հակոբյանին, Արամ Հարությունյանին, Ռաֆիկ Անդրեասյանին, Վլադիմիր Մաթեւոսյանին, Արտակ Կիրակոսյանին, Մհերիկ Բաղդասարյանին, Սեւակ Խաչատրյանին ու Սասուն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանից առանց օրենքով սահմանված ստուգումների, հայտարարագրման եւ մաքսատուրք վճարելու տարբեր ապրանքներ Հայաստան ներմուծելու համար միջնորդի միջոցով կաշառք տալու համար:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս