Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 442 մրցանակային տեղեր, այդ թվում՝ 152՝ 1-ին, 144՝ 2-րդ, 146՝ 3-րդ:
«Մենք բոլորս ուրախանում ու հպարտանում ենք ձեր նվաճումներով: Դուք մեծապես նպաստում եք ոչ միայն մեր հանրապետությունում սպորտի զարգացման ու տարածման, այլ նաև Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու և միջազգային ասպարեզում մեր երկիրն արժանիորեն ներկայացնելու գործին: Դա յուրօրինակ ծառայություն է հայրենիքին ու հարազատ ժողովրդին և արժանի է բարձր գնահատանքի», – իր ելույթում ընդգծել է Արցախի նախագահը։
Այս հաղթանակներին հասնելու գործում Բակո Սահակյանն անգնահատելի է համարել արցախցի մարզիչների դերը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում բարձրակարգ մարզիկների պատրաստման ու դաստիարակման, իրենց փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու, նրանց ըստ ամենայնի սատարելու և աջակցելու համար:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը, հետևողական աշխատանքներ տանել այս ասպարեզում բարեփոխումները շարունակելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, մեր մարզիկների ու մարզիչների աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ:
Բակո Սահակյանն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին ու ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն: