ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է` այս ընկերությունը դեռեւս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, որը «Զիբիլիքս» գործի շրջանակներում մեղադրվում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ: Անտոնյանն ունի մի քանի հատ տաքսի ծառայություն:
Նրան են պատկանում ոչ միայն Երեւանում «Սվիթ ուեյ տրանս», այլեւ Վանաձորում «Կառուզո տրանս» տաքսի ծառայությունները: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Սվիթ ուեյ տրանս» տաքսի ծառայության հիմնադիրը Քրիստինե Անտոնյանն է` Հ. Անտոնյանի կինը, իսկ «Կառուզո տրանս»-ի հիմնադիրը Համեստ Առաքելյանն է` Անտոնյանի մայրը: