«Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել սեւ ցուցակում ներառել Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից աղբամանի ձեռքբերման կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին մասնակցության հայտ է ներկայացրել Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ն, որի կողմից առաջարկված գնային առաջարկը կազմել է 320 հազար դրամ: Սակայն որոշ ժամանակ անց Ա/Ձ-ի հայտը մերժվել է, քանի որ վերջինս հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է ժամկետանց պարտավորություն` 33 հազար 671 դրամի չափով:
Ավելին, Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ին առաջարկվել է մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Սակայն դա չի արվել Ա/Ձ-ի կողմից: Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է բավարարել ՊՈԱԿ-ի` Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջը: Եւ օտարերկրացուն պատկանող Ա/Ձ-ն երկու տարով ներառվել է սեւ ցուցակում: