ՖՈՏՈ․ Ինչպես եղավ ամեն ինչ․ անցած տարին մեկ ակնթարթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. Հայաստանի համար դարձավ բացառիկ տարի` վերջին երկու տասնամյակի կտրվածքով: Բացառիկ էր առաջին հերթին այն առումով, որ ժողովրդի կամքով իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: Այս համատեքստում ամփոփելով անցնող տարին` կարելի է, ի տարբերություն նախորդ անգամների, վերջապես խոսել հնարավոր դրական փոփոխությունների իրական ակնկալիքների մասին:

Չորրորդ նախագահ

Երբ Սերժ Սարգսյանը տարվա սկզբին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, համատարած ընկալում կար, որ վերջինս իր արարողակարգային դերակատարությամբ ընդամենը տեղապահ է լինելու: Նախագահական ուղղակի ընտրությունների վերացման պայմաններում հատկապես նախագահի դերը համազգային ֆիգուրից էականորեն նվազել էր եւ հանրության ակնկալիքների համատեքստում նկատելի չէր: Նախագահի լիազորությունների ծայրահեղ կրճատումը, ինչպես նաեւ նստավայրի առգրավումը, է՛լ ավելի համոզեցին, որ 4-րդ նախագահը ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի իշխանավարության պայմաններում որեւէ լուրջ դերակատարություն չի ունենալու: Նման մտայնությունը, սակայն, լիովին հիմնավոր էր, քանի որ անհնար էր պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը թույլ կտար Արմեն Սարգսյանին որպես նախագահ ինքնադրսեւորվելու եւ այդ էլ այն պարագայում, երբ ինքն էր 10 տարի կրել նախագահի «տիտղոսը» եւ Արմեն Սարգսյանին այդ աթոռին բազմեցրել ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությամբ:

Սակայն ապրիլ-մայիսյան իրադարձությունները ոչ միայն քաղաքական դասավորությունը փոխեցին Հայաստանում, այլեւ վերափոխություններ հրամցրեցին նաեւ պետակառավարման բնագավառում, որոնցից մեկն էլ վերաբերում էր նախագահի ֆիգուրի ընկալմանը: Կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը լիովին ազատվեց ՀՀԿ-ի` իրապես ճնշող եւ իր գործունեությունը սահմանափակող ներկայությունից ու թերեւս ամենաարագն ադապտացվեց նոր իրողություններին: Լիազորությունների սահմանափակվածությամբ հանդերձ` 4-րդ նախագահը նախորդ ամիսներին հիմնականում ներդաշնակեց ժողովրդի աջակցությունը վայելող քաղաքական շրջանակին: Նոր նախագահից առաջիկայում կարելի է ակնկալել համեմատաբար ավելի ակտիվ ու թափանցիկ գործունեություն` ներքին քաղաքականության մեջ արբիտրի ուրույն կարգավիճակով: Կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի իսկական նախագահությունը սկսվելու է 2019թվականից:

Հեղափոխություն

Ս.թ. ապրիլի 9-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի 7-օրյա բացակայությունը իշխանությունից ճակատագրական հետեւանքներ ունեցավ նրա համար: Իրավիճակում, երբ թվում էր Սարգսյանը չի խորշի նախկին փորձով հանրային ալիքը ճնշելու քայլից, տեղի ունեցավ անսպասելին: Պարզվեց, որ իշխանության փամփուշտները 2008թ. մարտի 1-ին սպառվել էին, ինչպես նաեւ ճաք էր տվել իշխանական բուրգը: Ռուսահայ օլիգարխիայի հետ 2015թ. կոմպրոմիսից շեղված ու, ինչպես միշտ, սեփական ճանապարհային քարտեզը գծած Սարգսյանը կանգնեց փաստի առաջ` հանձին հաստատակամ հրապարակի: Հանրության համառությունը, շարժման ղեկավարության հաշվարկված գործողությունները թույլ չտվեցին իշխանությանը վերակազմակերպվելու` ակամայից ունենալով երկու տարբերակ` կա՛մ դիմել զենքի, կա՛մ հրաժարական տալ: Սարգսյանը խոհեմաբար ընտրեց երկրորդը` չխոչընդոտելով ժողովրդի թեկնածուի վարչապետության ամրագրմանը:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի, ապրիլի 25-ին ֆրուկտիդորական բնույթի իշխանազավթման տապալման, մայիսի 1-ին քրեաօլիգարխիայի ռեւանշի շղթան փակվեց` մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելով: Նախորդ իշխանության անկման եւ ժողովրդի թեկնածուի ընտրության արարը հիրավի պատմական խոշոր նշանակություն ունեցավ, որը վերջ դրեց իշխանության նվաճման արատավոր պրակտիկային: Ուստի հարկ է 2018թ. հեղափոխությունը դիտարկել հենց այս լույսի ներքո, երբ իշխանությունը ոչ թե նախագահականից փոխարկվեց վարչապետականի, փոխանցվեց ժառանգաբար կամ զավթվեց պալատական հեղաշրջմամբ, այլ վերադարձվեց ժողովրդին: Դրանով հաղթահարվեց հոգեբանական բավականին լուրջ բարդույթ, որի տեղապտույտի մեջ էր գտնվում հայ հանրությունը ավելի քան երկու տասնամյակ:Անշուշտ, իշխանության այդ վերադարձը չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի ամրապնդվել ինստիտուցիոնալ մեխանիզմներով ու վերափոխումներով, սակայն պատմական առաջին խոշոր նվաճումն արձանագրված է, որը հաջող հիմք է պետական շինարարության համար:

Նոր խորհրդարան

Պետականաշինության կարեւորագույն գործիքն էլ, ըստ այդմ, պետք է դառնա դեկտեմբերի 9-ին ընտրված Ազգային ժողովը: Այն, կարելի է ասել, իր բնույթով հեղափոխական է, որն իշխանությունը փողոցից տեղափոխել է խորհրդարան: Ի սկբզանե վերջինս կոչված էր հենց քաղաքական իշխանության իրացման մարմին լինելու, սակայն տարիների հետեւողական դեգրադացիայի արդյունքում խորհրդարանը հայկական քաղաքական ներկապնակում վերածվել էր կոճակասեղմության ակումբի, որի միակ խնդիրը նախագահի սպասարկումն էր: Դրա վկայությունն էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողով հետեւողականորեն չայցելելն ու հաշվետվություն չներկայացնելը, այլեւ այն, որ պետության քաղաքական հարցերը որոշվում էին Բաղրամյան 26-ում եւ հաստատվում ոչ այլուր, քան Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում:Հայաստանում խորհրդարանին փոխարինել էր ՀՀԿ Գերագույն մարմինը` ԽՄԿԿ-ի պոլիտբյուրոյի տիպիկ նմանակմամբ: Ի դեպ, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էլ ձեռնասուն մի մարմին էր մինչեւ Ղարաբաղյան շարժումը եւ հենց շարժման շրջանում էլ անթաքույց դրսեւորվեց դրա անկարողությունը պետական ու ազգային նշանակության հարցերը լուծելու հարցում:Այսօր 7-րդ գումարման խորհրդարանը բարդ առաջադրանք ունի կատարելու` ապահովել ռեֆորմների ինստիտուցիոնալությունը եւ վերադարձնել նախորդ տարիներին մսխված քաղաքական կերպարանքը:Խորհրդարանը պետք է վերջնականապես դառնա այն վայրը, որտեղ կայանում է քաղաքականությունը եւ այլեւս չի վերադառնում փողոց: Խորհրդարանի գերագույն խնդիրը պիտի լինի պետական ու հասարակական կյանքում առաջացող խնդիրներին առավելագույնս աշխատող լուծումներ ներկայացնելը: Եթե խորհրդարանը բաց թողնի այս նպաստավոր պահը եւ շարունակի նախկին իներցիոն բնույթը, պատմության դասը կրկնելու նոր կարիք կզգացվի:

Իսկ առայժմ հանրային ակնկալիքները հստակ են, հույսերը` մեծ: Տարիների ընդմիջումից հետո Նոր տարվա գալուստը չի ազդարարվում հոռետեսական կանխատեսումներով ու վատթարագույնից խուսափելու կիսավարտ հույսով: Հայաստանը 2018 թ. լքում է որպես մեջքն ուղղած պետություն` թոթափած նախորդ տարիների իշխանության դելեգիտիմացիայի ծանրագույն բեռը, իսկ 2019 թվականից ակնկալում  է խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս