Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։
«Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – հավելեց Խաչատրյանը:
Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։
Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ: