Ինչպես հայտնի է՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 10.00-ին: Նոր խորհրդարանը կազմված է լինելու երեք խմբակցություններից՝ «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ): Խորհրդարանի առաջին նիստում ընտրվելու են աԺ ղեկավար կազմի անդամները, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները։
Արդեն իսկ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում՝ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ ԱԺ նածագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցություններից և «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը, սակայն մի քանի անուն է շրջանառվում։
Իսկ ահա խորհրդարանն այս անգամ վարչապետ չի ընտրելու։ Բանն այն է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Սահմանադրության 150-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: