Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքն էլ՝ տուժել։
Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։Իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել, ով երեկ հանդես էր եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, թե ոչ ոքի չի սպանել։
Ըստ էության, այդ դեպքերից հետո Ղազախստանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ և հայերի նկատմամբ հաշվեհարդար լինելու կոչեր են հնչում և բողոքի ակցիաներ են անցկացվում։ ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի ղազախ գործիչների հետ, ովքեր հիմնականում նշում են, թե այդ դեպքերին պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ և դրանք զուտ երկու խմբերի միջև տեղի ունեցած միջադեպ է։
Քաղաքագետ Դասիմ Սատպաևը մեզ հետ զրույցում ևս նման կարծիք հայտնեց, սակայն նաև ընդգծեց, որ շատ ազգամիջյան կոնֆլիկտներ, քաղաքացիական պատերազմներ սկսվել են հենց նման կենցաղային թեմաներով։ Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ այդ ամենը հետագայում քաղաքական ենթատեքստ էլ է ստացել, սակայն նրա խոսքով, արդար քննությունը և այդ մասին պարբերաբար տեղեկություններ տրամադրելը կարող է փրկել իրավիճակը։
Իսկ օրինակ ղազախ լրագրող Սերգեյ Դուվանովն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ի սկզբանե այդ ամենը երկու խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած սովորական վեճ էր, սակայն ամեն ինչ արվել է, որ որպեսզիդրան տրվի միջէթնիկական բախման բնույթ: «Հունվարի 2-ին ինչ-որ մեկը նպատակաուղղված սոցիալական ցանցերում տեղեկություն տարածեց ՝ բնութագրելով կատարվածը որպես երկու ազգերի միջև կոնֆլիկտ, ինչն էլ մարդկանց մոտ զայրույթ առաջացրեց, որն էլ իր հերթին առանձին մարդկանց մոտ վերածվեց հայերի նկատմամբ անհանդուրժողականության», – նշեց նա: Որպես լրագրող, նրա համար զարմանալի էր նաև ցույցերի անցկացումը։ «Անկախ Ղազախստանի պատմությունը չգիտի, թե ինչ են ինքնաբուխ հանրային ցույցերը: Բոլոր տիպի հանրային ցույցերը միշտ որևէ մեկի կողմից կազմակերպված են եղել՝ կամ ընդդիմության, կամ արհմիությունների ղեկավարների, կամ հասարակական կազմակերպությունների, կամ քաղաքացիական ակտիվիստների, կամ էլ ադմինիստրացիաների: Շատ դժվար է 300 մարդու առանց պայմանավորվելու հավաքվել նույն տեղում նույն ժամին», – հավելեց նա։