Աջ ղեկով մեքենաները կրկին կներկրվեն. կառավարությունը զիջեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ էր դրվել աջ ղեկով մեքենաների շահագործմանը վերաբերող մի նախագիծ: Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է թույլատրել  մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան մինչև 2019-ի ապրիլը, որից հետո արգելքը նորից կգործի։

Եվ այս ավտոմեքենաները կարող են շահագործվել առանց ղեկը փոխելու: Իհարկե, այս որոշումն ուժի մեջ կմտնի,. եթե նորընտիր խորհրդարանը հաստատի այն: Նշենք, որ մինչ այս տարբեր առաջարկներ էին արվում և օրինակ պայման էր դրվել, որ ներկրումից հետո ղեկը պետք է փոխվի և հետո միայն շահագործվի: Սակայն փաստացի բավարարվել է քաղաքացիների երկու պահանջներն էլ. երկարաձգվել է աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը, ինչպես նաև չեղյալ է հայտարարվել ղեկի տեղը փոխելու պայմանը։

Հանրային քննարկումը կավարտվի հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ և հաստատվելու դեպքում ներկրումը կթույլատրվի։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։




Լրահոս