Ազգային ժողովի առաջին նիստի ինտրիգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ազգային ժողովի ղեկավար կազմը գրեթե հայտնի է, և առաջին նիստին էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն ԲՀԿ-ի մոտ Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուի շուրջ անորոշությունը դեռ շարունակվում է:  Ինչպես հայտնի է` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել էր, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Իսկ ԲՀԿ-ի պարագայում անորոշությունը շարունակվում է, սակայն թեկնածուներ ամեն դեպքում առկա է ու շրջանառվում են մի քանի անուններ:

Հայտնի է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն ԱԺ ղեկավար կազմի անդամներն ընտրվում են փակ, գաղտնի քվեարկությամբ, այդ թվում`ԱԺ փոխնախագահները: Հետաքրքիր է, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե տրամաբանական է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը լինի ԱԺ փոխնախագահ: Այդպիսի տեսակետ նաև ավելի վաղ հայտնել էին «Իմ քայլը» դաշինքի այլ ներկայացուցիչներ ևս: Սակայն այստեղ կարևոր է նաև, թե ով կլինի ԲՀԿ-ի թեկնածուն. ի վերջո չեն բացառվում անակնկալներ, երբ թեկնածուից ելնելով որոշման փոփոխություն լինի:

Եվ չնայած ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում որոշում առկա չէ, սակայն իրենց հասանելիք հանձնաժողովների հարցում կարծես թե ամեն ինչ պարզ է: Նաիրա Զոհրաբյանը կրկին կգլխավորի Եվրոինտեգրման հանձնաժողովը, իսկ Միքայել Մելքումյանն էլ` ֆինանսավարկայինը: Իսկ մեկ հանձնաժողով էլ կստանա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի մասին է խոսքը: Այս առումով «Իմ քայլը» դաշինքի պարագայում ևս հստակություն է.  արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, Կրթության եւ գիտության հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը:




Լրահոս