Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու հետ կապված: Այդ մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել:
Գործարարի պաշտպանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Փաստաբանների պնդմամբ, Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Չնայած դրան՝ գործարարը չէր կարողացել մեկնել բուժման, քանի որ ՀՔԾ֊-ն հրաժարվել էր վերադարձնել նրա անձնագիրը:
Այսօր ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան, և ՄԻԵԴ-ը հունվարի 8-ին հարցումներ է կատարել ՀՀ կառավարությանը: