ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 88-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: 1988թ. դեկտեմբերի 7-ին ընդամենը հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին Հայաստանի հյուսիսային բնակավայրերը: Ավերիչ երկրաշարժից զոհվեց 25 հազար քաղաքացի, վիրավորների թիվն անցնում էր 31 հազարը, իսկ ավելի քան 515 հազար ընտանիք մնաց անօթեւան: Ողբերգություն, որի հետեւանքներն իրենց զգանցել են տալիս առ այսօր, եւ որի մասին կհիշենք դեռ շատ երկար: Մանավանդ, երբ երկրաշարժից 30 տարի անց ցավով պետք է արձանագրենք, որ աղետի գոտին չի վերականգնվել, ու Գյումրիում դեռեւս մնացած կիսափուլ որոշ շենքեր, «դոմիկ» կոչված ժամանակավոր կացարանները, որտեղ արդեն 30 տարի բնակվում են մարդիկ, շարունակում են մնալ երկրաշարժի կենդանի վկա, որպես ամոթալի խարան:
30 տարին քիչ ժամանակ չէր աղետի գոտին վերականգնելու համար, մանավանդ, երբ ժամանակին ահռելի գումարներ են տրամադրվել այդ նպատակով: Տրամադրվել, բայց, արի ու տես, որ տեղ չեն հասել, որովհետեւ նախկին իշխանությունների համար վերջին մոտ քսան տարում աղետի գոտին գումարների մի հսկա լվացքատուն էր` ատկատների անսպառ աղբյուր, սեփական գրպանի գերհարստացման համար:

 

 

Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից` մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին` 92.3 մլն դոլար: Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը` փորձելով ճողոպրել այստեղից:

 

 

 

Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ առհասարակ կապի դուրս չեն եկել:

 

 

 

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին անկում է գրանցվել անասնաբուծության ոլորտում` 3 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով 5 տոկոսով նվազել են տավարի մսի արտադրության ծավալները, խոզի մսինը` 5.1 տոկոսով, իսկ ոչխարինը` 4.8 տոկոսով: Միաժամանակ, Հայաստանում նվազել է անասնագլխաքանակը` խոզերինը` 5 տոկոսով, ոչխարինը` 8.8 տոկոսով, պակասել է նաեւ կովերի գլխաքանակը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած տարին անասնաբուծության համար ոչ բարենպաստ էր, կերի մասով զուտ չորային էր, որոշակի գլխաքանակ խոտանվեց»: Նրա խոսքերով` այս խնդրի լուծման մի տարբերակ է ներկրումը, քանի որ նոր գենի ներմուծումը բավականին կարեւոր գործոն է:

 

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
Հայաստանյան խորհրդարանական ընտրությունների թեժ քարոզարշավին համընթաց շարունակվում է ակտիվությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Ու թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, չեն հանդիպել բանակցային սեղանի շուրջ, սակայն բավական ակտիվ քննարկումներ են ընթանում երկու երկրների Արտաքին գործերի նախարարների միջեւ: Ինչպես հայտնի է, հերթական հանդիպումը տեղի է ունեցել Միլանում, որից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել` պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Համանախագահները դիմել են կողմերին ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը շարունակելու եւ երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման եւ հետագա լարվածության նվազեցման համար: Ընդգծելով, որ Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպումը անցել է դրական մթնոլորտում, միջնորդները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ակտիվ արդյունքների միտված բանակցությունները շուտով կվերսկսվեն հակամարտության արդար եւ տեւական կարգավորումը գտնելու համար: Մինչ այդ, ըստ հայտարարության, արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հերթական՝ արդեն չորրորդ հանդիպումն անցկացնելու մասին:
Հատկանշական է, որ համանախագահները շեշտում են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սա, թերեւս, ամենակարեւոր հանգամանքներից մեկն է, քանի որ հատկապես հարեւան երկրում տասնամյակներ շարունակ հակահայկական քաղաքականություն է իրականացվել, ինչն էլ ավելի է դժվարացրել կողմերի դիրքորոշումների մերձեցումն ու փոխհամաձայնության գալու հնարավորությունը: Ու եթե կողմերը ցանկանում են իսկապես հասնել ԼՂ խնդրի լուծման, ապա առաջին հերթին պետք է աշխատեն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ` հստակ բացատրելով փոխզիջումների էությունն ու անհրաժեշտությունը: Այլապես բանակցային գործընթացն իմաստ չունի, եւ խաղաղության գնալու փորձերն երկուստեք կարող են ներքին լուրջ դիմադրության արժանանալ:




Լրահոս