Այսօր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Սակայն այսօր նաեւ 1988 թվականի Սպիտակի ու Գյումրու ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցն է: Եվ ինչպես նախկինում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները լինելու են Շիրակի եւ Լոռու մարզերում, սակայն ոչ թե քարոզչություն անելու, այլ հարգելու նպատակով երկրաշարժի զոհերի հիշատակը: Ըստ էության, նախընտրական քարոզարշավը կարելի է համարել ավարտված, քանի որ, օրվա խորհրդով պայմանավորված, քաղաքական ուժերը` առանցքային դերակատարները, մեծ հանդիպումներ չեն անցկացնի:
Եթե փորձենք ամփոփել նախընտրական քարոզարշավը, ապա կարող ենք արձանագրել ստանդարտ քարոզարշավ, ինչպիսին եղել է նախկինում` մեծ ու փոքր հանրահավաքներ, ընտրողների հետ ռեյտինգային թեկնածուների հանդիպումներ: Հիմնական «փոխհրաձգությունը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ էր, թեեւ մի քանի կարճ փոխհրաձգություններ եղան Նիկոլ Փաշինյանի ու ՀՅԴ-ի, Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» միջեւ: ԲՀԿ-ն իր ոճի մեջ էր. Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանրահավաքներ էին անցկացվում մարզկենտրոններում, հիմնականում` մարդաշատ: ՀՅԴ-ն նույնպես հանդիպումների առումով պասիվ չէր, բայց եւ շռնդալից չէր նրանց գործունեությունը, հանդիպումներն էլ սակավամարդ էին:
Իհարկե, քարոզարշավի ընթացքին հետաքրքրություն մտցրեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ով անձամբ այցելում էր բնակարաններ, երթեւեկում հասարակական տրանսպորտով, եւ նաեւ «ՔՈ» կուսակցությունը, ում խորհրդանիշը մանդարինն էր, եւ քարոզչություն էին անում` հենց այդ միրգը բաժանելով:
Մյուս ուժերի պարագայում ստանդարտ քարոզչություն էր, դե իսկ զանգվածային միջոցառումների առումով ամենապասիվը ՀՀԿ-ն էր, որն իշխանության տարիներին, ընդհակառակը, ամենաակտիվն էր: Այս կուսակցության անդամներից թերեւս միայն Լոռու մարզից առաջադրված վարկանիշային թեկնածու Էդուարդ Շարմազանովին կարելի էր տեսնել ժողովրդի մեջ խոսելիս, քարոզչություն անելիս, այն էլ` իրենց տարածաշրջանի գյուղերում: Մյուսները գերադասում էին սոցիալական կայքերում, տեսաուղերձների, գովազդների, հարցազրույցների միջոցով արտահայտվել` միաժամանակ չմոռանալով ամեն երկրորդ նախադասությունը խոսել իբր վախի մթնոլորտի, իբր իրենց կողմնակիցներին հալածելու մասին: Եվ բնական է, որ կուսակցությունից միայն մի քանի հոգի այս ընթացքում ընդգծվեցին հենց այդպիսի քարոզչության պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների մեծ մասը ցանկացել է ինքնաբացարկներ հայտնել, սակայն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խնդրել է այդպես չվարվել եւ թեկուզ քարոզարշավ չիրականացնել, նստել տանը, սակայն ինքնաբացարկ չհայտնել: ԵՎ ՀՀԿ-ականների պասիվությունը պայմանավորված է ոչ միայն ժողովրդի վստահությունը չունենալու, այլ հենց վերը նշված պատճառով:
Ինչպես քարոզարշավի սկզբի օրերին, այնպես էլ ամբողջ ընթացքում, բացի «Իմ քայլը» դաշինքից, մյուս բոլոր ուժերը քարոզարշավ են իրականացրել երկրորդ տեղը զբաղեցնելու միտումով: Եվ ամբողջ քարոզարշավի ժամանակ` խոսքերի եւ ելույթների ընթացքում եւս «Լուսավոր Հայաստան», «Մենք», ԲՀԿ, «Սասնա Ծռեր» ուժերը խոսում էին հենց այդ մասին: ՀՀԿ-ն թեեւ որեւէ տեղի մասին չի խոսում, սակայն կարեւորում են հենց իրենց պես ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում:
Եվ ահա այս ընթացքում` հատկապես դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվել են բազմապիսի սոցիոլոգիական հարցումներ: Պատկերը հիմնականում նույնն է` առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղում` «ԲՀԿ-ն», երրորդ տեղում` «Լուսավոր Հայաստանը»: Իհարկե, Հայաստանում սոցիոլոգիական հարցումներին վաղուց ի վեր որեւէ մեկը չի հավատում, բայց դե նախընտրական այս շրջանում ոմանք փորձում են իրենց ծառայությունները մատուցել:
Մինչ այդ նկատենք, որ անկախ այդ հարցումների արդյունքներից` վերջին օրերին եղել են իրադարձություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների տրամադրության վրա: Օրինակ` հարցումներից հետո տեղի ունեցավ նախօրեի բանավեճը` առաջին դեմքերի մասնակցությամբ: Չնայած իրականում դա ավելի շատ բանավեճ էր միայն Վիգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, սակայն հետաքրքիր դրվագներ, խոսքեր եղան, որոնք կարող են ազդեցություն ունենալ: Դրան զուգահեռ նաեւ տեղի է ունեցել ՀՀԿ երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարություններն ու դրա հետեւանքները, երբ նրան իր հայտարարությունների համար նաեւ ԱԱԾ հրավիրեցին: Նաեւ եղավ սեպտեմբերին հրապարակված ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ գաղտնալսման շարունակության հրապարակումը, որը հենց տեղի ունեցավ մեծ բանավեճից ժամեր առաջ:
Սակայն այս ամենը եղավ ոչ թե ի վնաս «Իմ քայլը» դաշինքի, ինչպես կցանկանային նրա ընդդիմախոսները, այլ հօգուտ նրա: Եվ թե՛ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները, թե՛ գաղտնալսման հրապարակումը, թեեւ կարող էին վնաս հասցնել Նիկոլ Փաշինյանին, սակայն հակառակ էֆեկտն ունեցան եւ պատճառ դարձան հանրային մոբիլիզացիայի եւ ՀՀԿ-ականների մերժման:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ Է
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՅԴ-ական կարկառուն գործիչ Հրայր Կարապետյանը 2013 թվականից զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսի պաշտոնը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր դեռ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր էր եւ սկսել էր հանդես գալ «հրաշալի քառյակի» շրջանակներում: Այդ նշանակմամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, նպատակ ուներ կամաց-կամաց իր կողմը գրավել ՀՅԴ-ին, ինչը վերջապես հաջողվեց ու համագործակցության հուշագրով փաստաթղթավորվեց 2016թ. փետրվարին:
Այժմ, երբ մայիսից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, եւ բազմաթիվ կադրային փոփոխություններ են եղել նաեւ դիվանագիտական ճակատում, Հրայր Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել: ՀՅԴ-ական գործիչը պաշտոնանկ չեղավ անգամ այն ժամանակ, երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո տարաձայնությունների պատճառով Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ին տրված պորտֆելները ետ վերցնելու եւ ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին. միաժամանակ, իրենց հերթին կառավարությունից դուրս գալու մասին հայտարարել էր ՀՅԴ-ն: Ու, փաստորեն, այդքանից հետո Հրայր Կարապետյանը դեռ պաշտոնավարում է, ավելին` երեկ նա ներկա էր Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ հայ համայնքի հետ հանդիպմանը: Չնայած, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հնարավոր է` առաջիկայում Կարապետյանը եւս պաշտոնանկ արվի:
ՆՈՐ Է ՀԻՇԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ դատական հայց է ներկայացրել «Աշտարակ կաթ» ընկերությունը: Սակայն հետո պարզվել է` թյուրիմացաբար, եւ հայցվորը ետ է վերցրել դիմումը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն այս տարվա հուլիսի 26-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով բռնագանձել 42 հազար դրամ: Բանն այն է, որ Ֆեդերացիայի` «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲ ընկերությունը դեռ 2016թ. «Աշտարակ կաթ» ընկերությունից ապրանք է գնել, եւ ըստ հայցվորի` գումարը չի վճարել: Սակայն դատարանում նախնական դատաքննության ժամանակ պարզվել է, որ 42 հազար դրամը վճարվել է ժամանակին, ավելին` պատասխանողը ներկայացրել է վճարման հանձնարարագրի պատճենը, ինչից հետո «Աշտարակ կաթ» ընկերությունը հրաժարվել է հայցից, ու վեճն ավարտվել է: Իսկ թե ինչու է «Աշտարակ կաթ» ընկերությունն այս պարտքի մասին հիշել երկու տարի անց, ինչու ժամանակին չի իմացվել գումարը վճարելու եւ վճարման հանձնարարագրի առկայության մասին, մնում է միայն ենթադրել:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ
ԵՏՄ-ին անդամակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով. «Այսօր ՀՀ-ում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման եւ տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ»։
ԵԱՏՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաջողություն մաղթելով Հայաստանին. «Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»:
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին եւ արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է
Կառավարությունը երեկվա իր նիստում փոփոխություններ է կատարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրության որոշ դրույթներում եւ համապատասխանեցրել դրանք «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ըստ հիմնավորման` ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 20-ի N 746 որոշմամբ ստեղծվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: ՀՀ կառավարության որոշմամբ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի որոշմամբ շարադրված կանոնադրության որոշ դրույթներ հակասում են «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրությունը համապատասխանեցվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: