Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները: «Ժողովուրդ» օրաթերթին փաստի առթիվ տարվող քննությունից որոշ մանրամասաներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել են դիսպետչերական կետի ձայնագրությունը, որտեղ առկա է օդաչուների վերջին խոսակցությունը:
Նախնական տվյալներով` մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին` ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: Ավիապատահարի հետեւանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:
Ինչպես հայտնի է, դեպքից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի (Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Մասնավորապես, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները:
Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները, թե ինչ են խոսել օդաչուները դիսպետչերական կետի անձնակազմի հետ: Մեզ հայտնի է օդաչուների վերջին խոսակցությունը: Այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում:Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է կապ հաստատել օդաչուների հետ հասկանալու համար, թե ինչ որոշում կայացրին` հետ են վերադառնում, թե ոչ: Սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ առհասարակ կապի դուրս չեն եկել:
Սակայն կատարված դեպքը իրավապահների մոտ մի շարք հարցականներ է առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթին քննությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ իրավապահները այս օրերին կոնկրետ հարցադրումներ են արել ՀՀ Զինված ուժերին, թե ինչ պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք էր այդ թռիչքը, արդյոք օդաչուները համապատասխան առողջական ստուգում անցել են, թե ոչ: Ավելին` այս եւ այլ հարցադրումներից բացի իրավապահները կոնկրետ Զինված ուժերին հարց են ուղղել` արդյոք մինչ թռիչքը զորավարժության պատասխանատուները չեն տեսել կամ հաշվի չեն առել եղանակային պայմաննները, որ ինքնաթիռին թույլտվություն են տվել թռիչք կատարել:
Ի դեպ, մարզում տարածված լուրերի համաձայն` միգուցե ինքնաթիռի ուղղությամբ կրակոցներ են եղել, որի հետեւանքով այն վթարի է ենթարկվել, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նման բան չկա, իրավապահները պարզել են, որ ինքնաթիռը պայթել է ժայռին հարվածելու հետեւանքով, ասել է թե` այն վայր է ընկել եւ պայթել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է իր եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
«Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, եւ իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում»,-մասնավորապես ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, ստացվում է, որ որեւէ պաշտոնյա ապահովագրված չէ՞ սրանից:
-Ոչ: Ամեն ինչ կապված է ծախսերի հետ: Խնդիրը ոչ այնքան այս լուծումների մեջ է, որից այսօրվա իշխանությունը փորձում է ամեն կերպ ձերբազատվել, այլ խնդիրը լրիվ այլ հարթության վրա է: Մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում մի երկրի հետ, երկրորդն էլ կանգնած է թիկունքին: Մեզ ապահով կապ է հարկավոր: Իսկ այն, որ ասում են, թե իմացան` ով է հրահանգավորում իրավապահներին եւ այլն, դա պարզից էլ պարզ է: Պետք էր բացահայտել: Չբացահայտեցին, եղավ երկրորդ ձայնագրությունը, հետո կլինի երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա մարտահրավեր է մեր պետականությանը:
-Ոչ, նման բան չենք կարող ասել: Սա մարտահրավեր է թափթփվածությանը:
-Ի՞նչ լուծում եք տեսնում:
-Պետք է բացահայտվի: Մնացածների համար դաս կլինի: Քանի դեռ չի բացահայտվել, մարդիկ ծաղրում են ու հաճույք ստանում:
-Կարծում եք` լուրջ քայլեր չե՞ն իրականացվում բացահայտելու համար:
-Սերժ Սարգսյանը անվտանգությունը վերածել էր քաղաքական ոստիկանության: Նրանք չեն զբաղվել իրենց գործով: 10 տարի շարունակ ծառայել են Սերժին. Էդ տղաները մեղք չունեն: Նրանց պատվեր է իջեցրել, որ մեզնով զբաղվեն: Հիմա էլ նույն բանն է կատարվում: Ավելի քան համոզված եմ, որ հիմա իմ հեռախոսը լսվում է: 10 տարի Սերժի ժամանակ է լսվել, 5 ամիս էլ Նիկոլի ժամանակ է լսվում: Իրենց գործով զբաղվելու փոխարեն հիմարաբար այդ միջոցները այլ տեղ են ծախսում: Եթե հաշվենք, թե վերջին 10 տարում որքան գումար է ծախսվել ինձ հետեւելու, հեռախոսներս լսելու համար, հսկայական գումար կլինի: Եվ դա ինձ պես մինիմում մի 30-40 հոգու: Սա ուղիղ արհամարհանք է անվտանգությանը: Թող գլուխները խփեն պատին, բացահայտեն, թե չէ դառնում են ծաղրի առարկա:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
Որեւէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ Վարչապետի պաշտոնակատարի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։ «ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար եւ երաշխիքների պահպանմամբ: Այս երաշխիքը տարածվում է ցանկացած անձի ու ցանկացած տեսակի հեռախոսային խոսակցության վրա»,- մանրամասնեցին Պաշտպանի աշխատակազմից:
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
ՀՀ կառավարությունը դեռ հստակ որոշում չունի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքի վերաբերյալ: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, եւ ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել: Դա կախված է նաեւ իրավապահ մարմնի դիրքորոշումից: Սակայն շատ ավելի արդյունավետ կլինի ընդունել նվիրաբերվող գույքը հիմա, քան սպասել քրեական վարույթների ավարտին, որոնք կարող են մեկ տարուց ավելի տեւել»,- ասաց Բաբայանը: Կոմիտեի նախագահի խոսքով՝ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցվելուց հետո կդրվի աճուրդի եւ կհանձնվի միջազգային հայտնի որեւէ բրենդի: Նարեկ Բաբայանը նշեց, որ հնարավոր է պետությանը գույք նվիրաբերել ցանկացողներ այս պահին էլի լինեն:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երեւանի եւ ռուսաստանյան խոշոր քաղաքների միջեւ բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ՝ այդ հարցում կարեւորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը: Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երեւանի եւ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաեւ ռուսաստանյան այլ քաղաքների միջեւ համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչեւ տրանսպորտ, աղբահանություն եւ ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում: Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջեւ գործնական հարցերում երկխոսության ծավալմանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Երեւանում եւ Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱՋ ՂԵԿ
ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչեւ 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: Այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հերթական նիստում: «Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաեւ մինչեւ 2019թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչեւ 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետեւ մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: