Այսօր լրանում է 88-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Կառավարությունն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատրաստվում է արտագնա նիստ անցկացնել Գյումրիում: Օրակարգում աղետի գոտում այս տարի իրականացված եւ հաջորդ տարի նախատեսվող աշխատանքների վերաբերյալ զեկույցների քննարկումներն են:
Մինչ այդ, սակայն, հետադարձ հայացք նետելով, նկատենք. երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտին այդպես էլ չի վերականգնվել՝ հակառակ այս տարիներին իշխանությունների տված խոստումներին: Ասվածի ապացույցը Գյումրիում առկա տնակներն են, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնական մասերում երկրաշարժից կիսավեր շենքերի մնացորդները, որոնք մինչեւ հիմա չեն ապամոնտաժվել, այլ մնացել են որպես արհավիրքի մասին տխուր հիշողություն: Աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետներ բազմիցս են հնչել, անգամ ընդունվել են համապատասխան իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ Գյումրիի վերականգնման մասին օրենքը: Բայց բոլոր խոստումները մնացին անկատար: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին, չնայած պատերազմին, էներգետիկ ճգնաժամին, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, միայն Շիրակի մարզում, ըստ պաշտոնական փաստաթղթերի, հասցրեցին վերականգնել 1525,6 հազար քառակուսի մետր մակերեսով 9410 բնակարան, որը կազմում էր երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանների թվի 31, իսկ բնակմակերեսի առումով` շուրջ 41 տոկոսը: Այս տվյալները նշված են ՀՀ կառավարության աշխատակազմի՝ 1998 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 26 պաշտոնական տեղեկագրում: Արդեն 98-ի իշխանափոխությունից հետո իշխանությունները հետեւողականորեն նվազեցրին անօթեւանների թիվը: Սա, իհարկե, մասամբ պայմանավորված էր օբյեկտիվ պատճառներով. այդ մարդկանց մեծ մասը հեռացել էր Հայաստանից եւ դուրս մնացել անօթեւանների հաշվառման ցուցակներից: Բայց անգամ այդ պարագայում այդպես էլ չհաջողվեց վերականգնել աղետի գոտին, չնայած արդեն անցյալում էին պատերազմը, էներգետիկ ճգնաժամը եւ այլն: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը սկզբում աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարեց 2001 թվականը. այդ ժամկետը ոչ միայն նշված էր նրա նախընտրական ծրագրում, այլեւ կառավարության որոշումներում: Բայց այդ տարիներին այդպես էլ լուրջ շինարարություն չարվեց: Եւ իշխանությունները ստիպված էին երկարաձգել վերջնաժամկետն ու խոստանալ, որ աղետի գոտին կվերականգնեն մինչեւ 2003 թվականը: Ոգեւորված էին ամերիկահայ մեծահարուստ Քրքորյանի միջոցներով իրականացվող «Լինսի» ծրագրով, երբ կառուցվեցին շենքեր, բայց ոչ բավարար քանակի: Այդ ընթացքում Գյումրի այցերից մեկի ժամանակ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե ինքը «շողուլի կբերի» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն կասկածել աղետի գոտին մինչեւ 2003թ. վերականգնելու ծրագրի խոստումը: Անցավ 2003թ., սակայն աղետի գոտին այդպես էլ չվերականգնվեց: «Լինսի» ծրագրի ավարտից հետո մի որոշ ժամանակ նոր շինարարություն չէր արվում, այլ բյուջեից անօթեւաններին բնակարանների գնման վկայագրեր էին տալիս, որպեսզի այդ միջոցներով տուն գնեն: Իսկ ավելի ուշ արդեն Քոչարյանը հայտարարեց, թե հայրենիքում չի կարող աղետի գոտի լինել, եւ որ աղետի գոտի այլեւս չկա, չնայած այդ ժամանակ դեռ տասնյակ հազարավոր անօթեւաններ բնակվում էին ժամանակավոր կացարաններում: Աղետի գոտու վերականգնման խոստումներ տվել է նաեւ Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք. 2008թ. նախընտրական ժամանակաշրջանում նա պնդում էր. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»: Հետո արդեն 2012 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Շատ մոտ ապագայում այստեղ այլեւս բնակարանային խնդիր չի լինի»։ Իսկ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պնդեց, որ շատ շուտով որեւէ ընտանիք առանց բնակարան չի մնա։ «Իմ խորին համոզմամբ` «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ են զարգացման նպատակադրումները»,- Շիրակի մարզում հայտարարել էր նա: Ս. Սարգսյանի պաշտոնավարման օրոք եւս որոշակի շինարարություն իրականացվեց Գյումրիում, բայց այդպես էլ չլուծվեց անօթեւանների խնդիրը: Էլ չենք ասում այն մասին, որ «Գլենդել հիլզ» ընկերության կառուցած շենքերն աչքի էին ընկնում իրենց սարսափելի վատ որակով. հիշում եք, հավանաբար, թե ինչպես այդ նորակառույց շենքերում պարբերաբար բնակիչների գլխին էր թափվում առաստաղի սվաղը եւ այսպես շարունակ:
Այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Բայց եւ խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:
2018թ. դեռ աղետի գոտին չի վերականգնվել, եւ Գյումրիում դեռեւս կարելի է հանդիպել բավական մեծ թվով տնակների: Ավելին, այսօր միայն Գյումրիում ամենատարբեր հաշվարկներով 2500 անօթեւան ընտանիք կա. այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանից: Նրա խոսքերով` այդ թվում դասվում են ոչ միայն տնակներում բնակվողները, այլեւ բարձր վթարայնության աստիճան ունեցող շենքերի բնակիչները:
Ինչ վերաբերում է նոր կառավարության մոտեցումներին, ապա հուլիսի 20-ի իր ասուլիսում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Ամենակարեւոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, եւ եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»: Փաշինյանի խոսքերով` պետք է հստակեցնել քաղաքականությունը եւ որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել: Նոյեմբերի 20-ի ասուլիսի ժամանակ էլ նա ընդգծել էր հանդարտ, առանց էմոցիաների այդ խնդիրները հասկանալու, դասավորելու եւ առանձին-առանձին լուծելու անհրաժեշտությունը: «Այսօր աղետի գոտու վերականգնման առումով շատ ավելի կարեւոր են մի շարք ներդումային ծրագրեր, որոնց շուրջ բանակցություններ են տեղի ունենում։ Տնաշինական մի քանի նախագծեր կան, որպեսզի նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն»,- նշել էր նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերը հեղեղված են Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում կուսակցությունների եւ քաղաքական դաշինքների ռեյտինգային թեկնածուների նախընտրական պաստառ-լուսանկարներով: Դրանք փակցված են ճանապարհի եզրի հենապատերին, շենքերի վրա եւ այլուր: Այդ թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնց նոյեմբերյանցիները մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրությունները չէին ճանաչում: Արտառոց է, որ նախընտրական պաստառ-լուսանկարների շարքում չկա Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկարը, եւ սա այն դեպքում, երբ նա ՀՀԿ նախընտրական ցուցակի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում, նաեւ այդ կուսակցությունից Տավուշի մարզում ռեյտինգային թեկնածու է: 54-ամյա Հ. Աբովյանը` որպես Տավուշի մարզպետ, պաշտոնավարեց 4 տարի, մարզի ղեկավարի պաշտոնից ազատվեց 2018թ. հունիսի 1-ին` իր ծննդյան օրը: Նախընտրական պաստառներ չունենալը չի նշանակում, որ նախկին մարզպետը իր քարոզարշավով ակտիվորեն չի զբաղվում: Նա ոչ հրապարակային հանդիպումներ, առանձնազրույցներ է ունենում տարածաշրջանի ընտրողների հետ: Նրա պաշտոնավարման օրոք նրա բարեխոսությամբ հովանավորությամբ են պաշտոն ստացել Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ համայնքների ղեկավարներ, դպրոցների, առողջապահական եւ սոցիալական հիմնարկությունների տնօրեններ: Հ. Աբովյանը կարող է ակնկալել նրանց աջակցությունը, նրանց ու նրանց ենթակա աշխատողների քվեներն առաջիկա ընտրություններում: Չնայած հաշվի առնելով այսօրվա քաղաքական իրավիճակը` միգուցե եւ այդ ամենը դեր չունենա ընտրություններում:
ՋՐԾԱՂԻԿ Է
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի շենքում գործում է նախակրթարան, ուր հաճախում են գյուղի 4-5 տարեկան թվով 18 երեխաներ: Ոսկեպարում մանկապարտեզ չկա: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացանք, որ 2 օր առաջ նախակրթարանի սաների մեջ նկատվել է ջրծաղիկ հիվանդությունը: Այդ հիվանդության առկայութան մասին Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը հայտնել է Տավուշի մարզպետարան եւ Ոսկեպարի բուժկետի բուժքրոջը: Վերջինս նախակրթարանի երեխաների ամենօրյա հսկողություն է կատարում: Նախակրթարանի 8 սաների մոտ նկատվել են ջրծաղկի նշաններ: Այդ մանուկները ներկայումս նախակրթարան չեն հաճախում: Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին նախակրթարանի 18 սաներից նախադպրոցական հասատատություն է հաճախել 6 երեխա, 4 երեխաների ծնողներ, մտահոգություն ունենալով, որ իրենց փոքրիկը եւս կարող է վարակվել, իրենց երեխային դեկտեմբերի 6-ին նախակրթարան չեն ուղարկել: Ոսկեպարի վարչական ղեկավարը հայտնեց, որ Ոսկեպարի նախակրթարանում լավ պայմաններ են առկա, մաքրություն է տիրում, ջրծաղկով հիվանդանալու, դրա տարածման պատճառը պարզված չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ-ում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 75.7 տոկոսը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6%-ը հայտնել է, որ ավելի շուտ մասնակցելու է, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5.7 տոկոսը: Այս մասին հայտնել է «GALLUPInternationalassociation»-ի ՀՀ-ում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը. «Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»: Նավասարդյանի խոսքով` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանն իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 1.4%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` 1.3 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 1.2%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքին` 0.8%-ը, «Օրինաց երկիր» կուսակցությանը` 0.4%-ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ 0.3%-ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությանը՝ 0.1%, «Քրիստոնեա-Դեմոկրատական վերածնունդ» կուսակցության անունը հարցվածներից որեւէ մեկը չի տվել:
ՁՆԱՀՅՈՒՍԻ ՏԱԿ
Նախօրեին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրանցից մեկին` 23-ամյա Հայկ Քարամյանին, երեկ գտել են մահացած, իսկ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: