«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ՝ ՄԻԱՀԵԾԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԻՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական թոհուբոհի, քաղաքական դաշտի ներկայիս վիճակի, հնարավոր հեռանկարների, մտավորականության եւ քաղաքական գործիչների ֆունկցիաների մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Նա մտավախություն է հայտնել, որ Հայաստանը կարող է կրկին գնալ միահեծան կառավարման ճանապարհով: Պարոն Գինոսյանն այն համոզմանն է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանխորոշել են նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է մտավորականության դերին, նրա համոզմամբ՝ մտավորականը ճարտարապետ է, որը պետք է նախանշի այն, ինչը կառուցելու է աշխղեկը՝ քաղաքական գործիչը:

-Պարո՛ն Գինոսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ի՞նչ դրական տեղաշարժեր եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում նախընտրական քարոզարշավի շրջանում:
-Կարծում եմ՝ գալիք ընտրությունների արդյունքներն ինչ-որ չափով կանխատեսելի են: Ակնհայտ է, որ «Իմ քայլը» ձայների մեծամասնությունն է հավաքելու եւ ակնհայտ առավելությամբ անցնելու է խորհրդարան: Պարզապես ես չէի ցանկանա, որ մենք նորից միահեծան կառավարման համակարգի անցնեինք: Միահեծան իշխանության դեպքում գայթակղությունները մեծ են, իսկ մարդիկ սխալական են: Նախորդ իշխանությունը գոնե ձեւականորեն ապահովում էր այլ ուժերի ներկայությունը խորհրդարանում:
-Բայց հիմա էլ դրա հնարավորությունը կա: Ի՞նչն է խանգարում մյուս ուժերին անցնել խորհրդարան:
-Չեմ ուզենա, որ ասածս վատ իմաստով ընկալվի, բայց ժողովրդական էյֆորիայի ներքո անցկացված Երեւանի ավագանու ընտրություններն արդեն իսկ ցույց են տվել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն հուշում են, թե ինչ է սպասվում խորհրդարանական ընտրություններին:
-Պարո՛ն Գինոսյան, վստահ ենք, որ քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջադրվելու առաջարկներ ստանում եք: Ի վերջո, Ձեզ երբեւէ կտեսնե՞նք նախընտրական ցուցակներում:
-Ո՛չ, ես սկզբունքորեն ոչ մի անգամ չեմ առաջադրվելու, ոչ մի քաղաքական ուժի չեմ անդամակցելու, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու, չնայած որ, այո, պարբերաբար ստանում եմ որպես պատգամավոր առաջադրվելու առաջարկներ: Իմ հիմնադրած եւ իմ կողմից ղեկավարվող «Կարին» խումբն էլ որեւէ նախընտրական քարոզարշավի սկզբունքորեն չի մասնակցել:
-Ինչու՞, արվեստի մարդը չի՞ կարող քաղաքական դիրքորոշում ունենալ:
-Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց, կարծում եմ, կոպտագույն սխալ է, եթե արվեստագետը թույլ է տալիս՝ իրեն օգտագործեն քաղաքական քարոզի համար: Կոպտագույն սխալ է մշակույթը խառնել քաղաքականությանը, մշակույթի գործիչներին զատել տարբեր բանակների: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե Կոմիտասը հորդորեր, թե որ կաթողիկոսին ժողովուրդն ընտրեր: Այդպիսով նա ինքն իրեն կոչնչացներ: Մշակույթի գործիչն ամեն ինչ պետք է անի, որպեսզի զերծ մնա քաղաքական հոսանքներից: Նրա անելիքները վերքաղաքական են, վերկուսակցական: Քաղաքական գործիչներն ընդամենը աշխղեկներ են. հասարակության ճարտարապետը մտավորականությունն է: Վերջինս պետք է նախանշի այն, ինչ պետք է կառուցեն աշխղեկները:
-Չե՞ք կարծում, որ նսեմացնում եք քաղաքական գործիչների դերը:
-Ամենեւին, նման նպատակ չունեմ: Նժդեհն ասել է՝ մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը: Երբ մտավորականն իր տեղում է, մի բան է նախագծում, աշխղեկը չի կարող այլ բան անել: Բայց մենք կարծես հերթական անգամ մտնում ենք մի փուլ, երբ մշակույթի գործիչը աշխղեկի ձեռքին աշխղեկի է վերածվում, փոխանակ ճարտարապետի իր գործը լավագույնս կատարի:
-Եվ վերջին հարցը. ընտրությունների գնալու՞ եք:
-Իհարկե, անպայման գնալու եմ եւ կատարելու եմ քաղաքացիական պարտքս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԷԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«Ես հավատում եմ, որ այն դրական տեղաշարժերը, որ մեր երկրին բերեց թավշյա հեղափոխությունը, շարունակական են լինելու եւ ճիշտ ուղով են տանելու մեզ: Ի տարբերություն իմ շրջապատից ոմանց՝ ոչ մի պարագայում չեմ հուսահատվում: Ժողովրդական շարժմանը, դրա ուժին հավատում եմ եւ հույսս չեմ կորցնում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Նաիրա Շահիրյանը:
Նրա համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտում դեռեւս չկա մի ուժ, որը կարող է ուժեղ ընդդիմություն լինել: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այն, տիկին Շահիրյանի խոսքով, պետք է որ շանսեր չունենա. «Հանրապետականների փոխարեն ես ընդհանրապես չէի մասնակցի ընտրություններին: Այդ կուսակցությունն առհասարակ չպետք է երեւար քաղաքական դաշտում: Քանի տարի էր՝ հանրապետականները երկրի ղեկին էին, ի՞նչ արեցին, որ նորից հավակնում են աթոռի: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում՝ այդքանից հետո ինչպես կարող են մարդիկ գնալ ու հանրապետականներին ընտրել»,-մեկնաբանեց դերասանուհին:
Բոլոր դեպքերում տիկին Շահիրյանը կարեւորում է ամեն մեկի ձայնը եւ հորդորում է քաղաքացիներին անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Սկսած գործը հարկավոր է ավարտին հասցնել: Սեփական դիրքորոշումը ցույց տալու լավագույն պահն է, այնպես որ, չի կարելի հապաղել»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ տիկին Շահիրյանը որքանով է կարեւորում այն հանգամանքը, որ հեղափոխությունը մուտք գործի նաեւ թատրոններ, անմիջականորեն անդրադառնա դերասանների կենսամակարդակի վրա. «Եթե երկրի վիճակը լավանա (իսկ դրան պետք է նպաստենք յուրաքանչյուրս, այդ թվում՝ ընտրությունների միջոցով), կլավանա նաեւ թատրոնների վիճակը, չէ՞ որ իրավիճակը մշակույթի ոլորտում անմիջական արտացոլանքն է երկրի վիճակի: Եթե մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան, լավ տրամադրություն ունենան, թատրոն հաճախ կայցելեն, դերասանների համար էլ լավ կլինի: Ամեն բան փոխկապակցված է»,-եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի` «Արսենալ»-ի հետ խաղում գրանցված արդյունքը: Հանդիպումը կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում եւ ավարտվել է 2:2 հաշվով: «Թիմերը 4 գոլ խփեցին եւ 2:2 խաղացին: Ինչպես միշտ, մենք սխալներ թույլ տվեցինք, որոնց համար ստիպված եղանք վճարել: Այդուհանդերձ, ՄՅՈւ-ի խաղում կար ոգի: Մենք պատրաստ էինք կռվել, թիմին պետք է արժանին մատուցել դրա համար: Ֆուտբոլիստները ներդրեցին ողջ ուժերն ու հոգնեցին` ցույց տալով ցանկություն: Նրանցից ոմանք այս մրցաշրջանում հաճախ չեն խաղացել, բայց մենք խաղացինք հոգով ու սրտով»,- ասել է Մոուրինյուն:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտա»-ն վեպի հերթական էկրանավորման նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականին: «Իրականում աշխատանքներն արդեն տարվում են, նախապատրաստական շրջանն ավարտված է»,-ընդգծել է ռեժիսորը` հավելելով, որ նկարահանումները նախատեսվում է սկսել 2019թ. գարնանը: Ենթադրվում է, որ ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2021 թվականին: Հայտնի է նաեւ, որ նոր ֆիլմի պրոդյուսերները կլինեն Կոնստանտին Էրնստը, Իգոր Տոլստունովը, Լեոնարդ Բլավատնիկը եւ Ռուբեն Դիշդիշյանը:




Լրահոս