«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել` նշելով, որ վիճակը անվերհասկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Ըստ կուսակցության` պատճառն այն է, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել` այն դարձնելով հակահայկական։
Կուսակցությունը կոչ արեց ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը անհապաղ արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար։
Armlur.am-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ ի՞նչ է պատրաստվում անել այս մասով։ «ԱԳՆ տեղակալ պարոն Շավարշ Քոչարյանը ամեն բան ասել է այդ մասին։ ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են Ղազախստանի իշխանությունների հետ»,- ասաց խոսնակը։ Հետաքրքրվեցինք` այսինքն արտգործնախարարությունը չի՞ պատրաստվում ԱԳՆ կանչել Հայաստանում Ղազախստանի դեսպանին։
«Ոչ թե չի պատրաստվում կանչել, այլ ուղղակի մենք կապի մեջ ենք ղազախական կողմի հետ։ Մեր դեսպանը կապի մեջ է նրանց հետ։ Սրանից ավել որևէ բան չեմ կարող ասել, որովհետև նախօրեին էլ տեղի է ունեցել երկու արտգործնախարարների հեռախոսացրույցը»: