22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունն իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, քաջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն:

Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից և գնացել սուպերմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմարկետում որպես մենեջեր աշխատող, Երևան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպերմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը, նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել է նրան և հասնելով նրանց շենքի մուտք՝ դարանակալել է առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:

Երբ 49-ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք և բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը բռունցքներով և ոտքերով հարվածել է տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա մոտ առկա իրերը և պատճառելով զգալի չափերի գույքային վնաս՝ դիմել է փախուստի:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմարկետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագույրը՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս