Ինչպես հայտնի է` հունվարի 14-ին տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Առաջին նիստի մեկնարկի հետ մեկտեղ նորընտիր խորհրդարանի լիազորությունները համարում են սկսված:
Եվ քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է, ապա Սահմանադրության համաձայն, վարչապետի նշանակումը կտարբերվի ավանդական եղանակով վարչապետի ընտրություններից, որոնք եղան 2018 թվականին: Մասնավորապես, հենց առաջին նիստի օրը մեծամասնության ներկայացուցիչները գրություն են ուղարկելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` որով ներկայացնելու են վարչապետի իրենց թեկնածուին, այսինքն Նիկոլ Փաշինյանին: Եվ օրենքի համաձայն, նախագահը պետք է անհապաղ ստորագրի վարչապետի նշանակման մասին հրամանագիրը:
Մասնավորապես Սահմանադրության 149 հոդվածի 1-ին մասում նշված է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Այսինքն, վարչապետի ավանդական ընտրություն որպես այդպիսին չի լինելու, այլ նախագահն է ստորագրում Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: