Գործել է` «ինչ ուզեմ, կարող եմ անել» սկզբունքը. Արթուր Սաքունցը` զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ զինակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն դադարում: Մասնավորապես, այսօր հայտնի են դարձել վիճաբանությանը մասնակից երկու անձանց ինքնությունը և նրանցից մեկը, ով նախկինում նաև դատապարտված է եղել, այսօր ներկայացել է Ոստիկանություն: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Armlur.am-ի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե հասարակությունն այժմ սովորում է ազատ ապրելուն և կան մարդիկ, ովքեր մտածում են, թե իրենց ամեն ինչ կարելի է:

-Պարո’ն Սաքունց, երեկ տեղի ունեցած միջադեպը ինչի՞ հետևանք եք համարում: Արդյոք գործ ունենք անպատժելիության մթնոլորտի հետ:

-Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք գտնվում ենք ազատության պայմաններում ապրելու, սովորելու մեջ: Քանի որ երկար ժամանակ եղել է խիստ ռեժիմ, մարդիկ իրենց վարքագիծը մշակել և դրսևորել են ելնելով այն ռիսկերից, որ կարող են բախվել բռնությունների: Եվ հիմա, երբ այդ բռնությունների կամ ճնշումների մեխանիզմը հանվում է, արդեն մարդը սկսում է մտածել, որ կարող է` ինչ ուզի անի:

-Այսինքն, երեկ տեղի ունեցածը կապո՞ւմ եք` «ինչ ուզեմ, կարող եմ անել» դրսևորման հետ:

-Հենց դա է: Նախկինում ոչ թե օրենքի գերակայություն է գործել, այլ խտրականություն: Եվ միայն իշխանության ներկայացուցիչները կամ նրանց համար կշիռ ունեցող անձիք են եղել անբռնազբոս և խայտառակ վարքագիծ դրսևորել և մնացել անպատիժ: Դա է եղել օրինակը: Պարզապես երկար ժամանակ մարդիկ տեսել են, որ նման կերպ իրենց կարող են պահել միայն ընտրյալները կամ հովանավորչություն ունեցողները: Հիմա երբ հովանավորչության ինստիտուտը վերացել է, քաղաքացիները գտնում են, որ իրենք էլ կարող են իրենց նման կերպ պահել` կարգը խախտելով: Դրա համար եմ ասում, որ մենք սովորում ենք ազատության մեջ ապրելուն: Եվ դա մշակույթ է:

-Միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատապարտված է եղել: Սա չի՞ խոսում անպատժելիության մթնոլորտի մասին:

-Ես չեմ ուզում վարքագիծը պայմանավորել անձի` նախկինում  դատված լինելով: Իմ նշած նախկին իշխանավորներից և հովանավորություն ունեցող անձանցից թերևս ոչ մեկը չի ենթարկվել ազատազրկման, սակայն դա չի նշանակում, որ նրանք անթերի են. թուղթը կարևոր չէ: 30 տարի պարզապես սերմանվել է այն մտածելակերպը, որ կան արտոնյալներ և բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ, որը սակայն այժմ վերածել է:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս