Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել սոցցանցի իր էջում` տեղեկացնելով, որ Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության իրավիճակը քննարկել է վրաց իր պաշտոնակցի հետ։ Նա կոչ է արել հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա։
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։
Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,- գրել է Արսեն Թորոսյանը։