Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում <<Պորշե>> մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար դրամի, նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակվեց բացահայտման միջոցառումների ծրագիր, որի իրականացմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց բավական օպերատիվ։
Նախ պարզվեց, որ լուսարձակները գողացած անձինք Մելիք-Ադամյան փողոցից շարժվել են Տիգրան Մեծի պողոտայի կողմ։ Այստեղ տեսնելով գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ավտոմեքենա՝ թաքնվել են աղբամանների հետևում։ Մեքենայի հեռանալուն պես գողոնը թողել են աղբամանների մոտ ու շար=վել Մհեր Մկրտչյան փողոցի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց վերադարձել են, վերցրել լուսարձակներն ու Հանրապետության փողոցով հեռացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները վերականգնեցին ոչ միայն դեպքի վայրում և հարակից տարածքում նրանց շարժը, այլև օպերատիվ ճանապարհով պարզեցին, թե Հանրապետության փողոցով ուր են գնացել։ Կազմակերպվեցին գիշերային դարանակալումներ։ Ոստիկանները հետևողական աշխատանքի արդյունքում հետքը գտան։
Գողության հաջորդ օրը դիմակավորված անձանց ինքնությունը հայտնի էր։ Նրանց հայտնաբերման գործընթացը ևս կարճ տևեց։ Արդեն հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, նրանցից Արթուր Մեժլումյանը հայտնաբերվեց Երևանի Մելքումովի և Գևորգ Չաուշի փողոցների խաչմերուկում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հաշվառված, 31-ամյա Մեժլումյանը տվեց ինքնախոստովանական ցուցմունք։
Ժամեր անց մայրաքաղաքի շինարարների փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև մյուսը՝ Կապանում հաշվառված 29-ամյա Համազասպ Պետրոսյանը։
Հայտնաբերվեցին նաև գողացված լուսարձակները, որոնք թաքցված էին Նորագավիթի 1-ին փողոցով անցնող երկաթուղու հարևանությամբ։ Առգրավվել ու փաթեթավորվել է նաև երկաթե իր, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Ի դեպ, բերման ենթարկվածներից Արթուր Մեժլումյանի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, որը ևս առգրավվել ու փաթեթավորվել է՝ փորձաքննության համար։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը, Արթուր Մեժլումյանն ու Համազասպ Պետրոսյանը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կատարվածի մանրամասները նախաքննությամբ պարզվում են։