Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում Սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար Սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:
«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով Սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից Սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն: