Կապանի գիշերօթիկի նախկին տնօրենի եղբայրը ահազանգում է. շինծու գործ, որի ակունքներում գիգանտներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ


Թիվ Ա.Դ. /0117/01/15 քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանի եղբայր Ռոմա Համբարձումյանիը բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ձեզ է դիմում թիվ Ա.Դ. /0117/01/15 գործի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դ. Սարգսյանի 2018 թ.-ի հունիսի 28-ի դատավճռով 6 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Ալբերտի Համբարձումյանի եղբայր Ռոմա Համբարձումյանը: Հարգարժան Արմլուր, այս հարցի շուրջ եղբայրս՝ Դավիթ Համբարձումյանը, նամակներ է ուղարկել Բ.Դ.Խ. նախագահ Գ. Հարությունյանին, մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վ. Ռշտունուն, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին: Նամակներն ողղարկվել է կալանավայրից: Վերոնշյալ վճռի դեմ Դ. Համբարձումյանի շահերի պաշտպան Ռուբեն Ղազարյանը 2018 թ.-ի օգոստոսին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը վարույթ էր ընդունվել Կ. Մարդանյանի նախագահությամբ: Բողոք էին ներկայացրել նաև գործով մյուս ամբաստանյալներ Ա. Մինասյանի և Է. Համբարձումյանի պաշտպանները: Մինչև նոյեմբերի 23-ը ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել տարբեր պատճառներով: 2018 թ.-ի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած համաներման օրենքից հետո առաջին դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, այնուհետև հետաձգվել և նշանակվել է դեկտեմբերի 13-ին, ինչը չի կայացվել և պատճառաբանվել է, որ դատարանի կազմը համալրված չէ, քանի որ դատավոր Մնացական Հարությունյանը մեկնել է հերթական արձակուրդ:Այսինքն դատարանը չէ՞ր իմանում, որ դեկտեմբերի 13-ին Մ.Հարությունյանը մեկնելու է հերթական արձակուրդ և որպես սիմվոլիկա դեկտեմբերի 13-ը նշանակում է դատական նիստի օր: Դավիթ Համբաձումյանը, հիասթափված լինելով, էլ չեմ խոսում երեխաների և ընտանիքի սպասողական վիճակից, դեկտեմբերի 13-ից հետո կալանավայրից նամակներ է ուղարկում Բ.Դ.Խ.-ին, Մ.Ի.Պ.-ին, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օր առաջ դատական նիստ կայացնեն և համաներումով ազատ արձակեն: Ավելին, Դ. Համբարձումյանը, Է. Համբարձումյանը և Ա. ՄԻնասյանը գրավոր դիմում են ներկայացնում նախագահող դատավորին, որպեսզի բողոքը քննության չառնեն: 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից հետո հաջորդ դատական նիստը նշանակվում է 2019 թ.-ի հունվարի 21-ին, սակայն Դ. Համբարձումյանի կողմից վերոնշյալ մարմինների ղեկավարներին նամակ ուղարկելուց հետո սայլը մի փոքր շարժվեց տեղից: Դատարանի կազմը համալրում են մեկ այլ դատավորով և դատական նիստ են նշանակում դեկտեմբերի 27-ին, սակայն տվյալ դատական նիստը չի կայանում, քանի որ դատավորը այլ դատական նիստի էր մասնակցում, և պարզվեց, որ այս օրն էլ էին որպես սիմվոլիկա նշանակել, բայց այդ օրը դատարանը ջանասիրաբար քննության առավ Ս. Մայրապետյանի գործը և գրավով ազատ արձակեց: Այսինքն մենք համոզվեցինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար չեն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019թ-ի հունվարի 11-ին ժամը 17:00-ին: Այսինքն հաշվի չեն առել, որ Դ. Համբարձումյանը 2015թ-ի մայիսի 15-ից գտնվում է նախնական կալանավորված անձի կարգավիճակում, զրկված երկարատև տեսակցությունից և այլն: Այսինքն, եթե կալանավոր ես՝ բարձրագույն արժեք չես, բարձրագույն արժեք չես՝ մարդ չես, մարդ չես՝ ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունք չունես: Մենք խնդրել ենք Դավիթին, որպեսզի հացադուլ չհայտարարի, որովհետև բողոքելու ողջամիտ ձևերը դեռ չեն սպառվել և նա առողջական խնդիրներ ունի: Ուստի հարգարժան Արմլուր խնդրում և ակնկալում ենք, որպեսզի այս հարցը բարձրացնեք, քանզի այս իրավիճակում միայն Դավիթը չի հայտնվել, այլ շատ շատերը: Մարդուն կալանավորելու ժամանակ օրվա ցանկացած պահի, թեկուզ կեսգիշերին դատավորի պակաս չի զգացվում, բայց նման դեպքերում, երբ ամբողջ ընտանիքն է սպասում անհամբեր՝ դատավորի պակաս է զգացվում: Համաներման օրենքում հստակ ասված է. 9. Սույն օրենքի կատարումը վերապահել՝ 1) ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին՝ ա) այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը ՀՀ ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարաններում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել: 11. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում: Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա այդ մարմինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն: Այստեղ էլ ողջամիտ ժամկետները խախտվել են, և հարիր չէ, որ «Դատաստանագիրք» ունեցող երկրում դեռևս ընտրովի արդարադատություն լինի: Ուղղակի մեր էթիկան թույլ չի տվել հրապարակել Դավիթի 8 և 5 տարեկան որդիների կողմից Ձմեռ պապին ուղղված նամակը, որտեղ նրանք խնդրում էին, որ իրենց հայրը Ամանորին տանը լինի: Այդպես էլ դատարանների կողմից ողջամիտ ժամկետ ասվածը չընկալվեց ուղիղ իմաստով: Ուղիղ 3 տարի առաջին ատյանը քննեց այս շինծու գործը, հիմա էլ Վերաքննիչ քրեականում է ձգձգվում: Հարգարժան Արմլուր, խնդրում ենք բարձրաձայնել այս հարցը, Դավիթը կարող է օր առաջ տանը լինել, ազատության մեջ, որտեղ անհամբեր սպասում է իր ընտանիքը: Հարգելի Արմլուր, խնդրում ենք հետևողական լինել, այս ձգձումները մեր մոտ մտավախություն են առաջացնում, որ ոմանք ամեն ինչ անում են, որպեսզի Դավիթի ազատությունը ձգձգվի, որովհետև ժամանակին այս շինծու գործի ակունքներում կանգնած են եղել այդ համակարգի շատ գիգանտներ: Կրկին անգամ խնդրում ենք բարձրաձայնել այս հարցը, մենք Դավիթին խնդրել ենք, որպեսզի հացադուլ չհայտարարի, իսկ հունվարի 11—ի ժամը 17:00-ն սարերի հետևում չէ:

Հարգանքով՝ Դավիթ Համբարձումյանի եղբայր Ռոմա Համբարձումյան




Լրահոս