Հաշվի առնելով ՀՔԾ-ի անդրադարձը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին, նաև այս հարցի վերաբերյալ հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում հակիրճ և մատչելի կերպով ներկայացնել ստեղծված իրավիճակը:
2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երևանում սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Ինչպես պարզվել է հոսպիտալացումից մի քանի օր անց, Մայրապետյանի մոտ զարգացել էր այդ հիվանդության ամենածանր ձևը, որի մահացության աստիճանը շատ բարձր է անգամ այն երկրներում, որտեղ ներդրված են այդ հիվանդության ժամանակակից բուժման և հնարավոր բարդությունների դեմ պայքարի բոլոր մեթոդները: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, արդեն նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում, և նրա կյանքը Հայաստանում փրկելու անհնարինության պատճառով հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում ստիպված տեղափոխել են Գերմանիա մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով: Մոտ վեց ամիս տևած, շատ ծանր բուժման արդյունքում բարեբախտաբար հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը: Հարկ է նշել, որ բուժման վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի և թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:
Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Մինչև կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաև կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այդ քարը առաջացել է Սամվել Մայրապետյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ: Այս վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել են անվանի բժիշկ- մասնագետները, և դրա մասին Մայրապետյանի փաստաբանները միշտ տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն դա որևէ արդյունք չի տվել:
Ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակել ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության և քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման, ինչի դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում, ցավոք, չկան:
Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում քարը հայտնաբերելուց հետո երկու անգամ հավաքվել է մեծ հարգանք վայելող, այդ ասպարեզի անվանի բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Հայաստանի առաջատար կլինիկաների անվանի տասը բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, կլինիկաների ղեկավարներ եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն և հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Խնդիրն այն է, որ նշված միջամտության զարգացող ամենատարածված բարդացումը սուր պանկրեատիտի զարգացումն է՝ նույնիսկ մինչև այդ պանկրեատիտ չտարած հիվանդների պարագայում: Այդ բարդության զարգացումը շատ ավելի հավանական է դառնում նշված միջամտության կրկնակի կամ բազմակի լինելու պարագայում: Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ շատ բարձր է էնդոսկոպիկ միջամտության արդյունքում բազմաթիվ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնց դեմ պայքարելու միջոցների բացակայությունը Հայաստանում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Սամվել Մայրապետյանի մահվան: Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ կոնսիլիումը գտել է, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:
Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին և առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը և այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրև քննությունից թաքնվելու միջոց:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ