Ղազախստանում սպանության մեջ կասկածվող Նվեր Գուրուրյանն ինքնակամ է ներկայացել Ռուսաստանի իրավապահ մարմիններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով` Գուրուրյանն ինքն է երեկ ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա գտնվել է իր բարեկամների մոտ: ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է Ղազախստանին նրա արտահանձնման հարցը»,- ասացին դեսպանությունից:
Հունվարի 1-ին մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի էին բռնվել։ Ծեծկռտուքի հետևանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Սպանության մեջ կասկածվող Նվեր Գուրուրյանը հայտնել էր, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին, եթե արդար քննություն ընթանա: