ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՀՌԵԼԻ ԲԵՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են ե՛ւ ՀՀ քաղաքացիները, ե՛ւ ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, ե՛ւ միջազգային հանրությունը: Ավելին, ընտրություններին մասնակից ուժերից որեւէ մեկը չի պատրաստվում արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Միայն ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից երկուսն են դիմել մի քանի տեղամասում վերահաշվարկի պահանջով` հայտարարելով, որ իրենց ձայները սխալ են հաշվել: Եւ եթե բացահայտվեն ընտրախախտումներ, ապա հազիվ թե դրանք մեծ ազդեցություն ունենան ընդհանուր արդյունքների վրա: Եւ ուրեմն ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած:
Հիմա շատ ավելի կարեւոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլեւ, ընդհակառակը, բազմապատկվել են` հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից: Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա: Եւ իշխանությունն այսօրվանից պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները: Այլապես, հիասթափության ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա:

 

 

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռեւս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետեւյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ:

 

 

 

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Դավիթ Հարությունյանը: Չի բացառվում, որ այս փաստը հիմք հանդիսանա դատավորին բացարկ հայտնելու համար. ի վերջո, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարությունյանն անաչառ քննելու Բեգլարյանի դեմ հարուցված գործը: Արդյոք մեղադրող կողմը բացարկի միջնորդություն կներկայացնի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ Բեգլարյանին մեղադրում են ինքնիրավչության մեջ, որը պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

 

 

 

Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի մասնակցել: Ընտրություններին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից էլ ընտրություններին մասնակցել են միայն երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը:

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Եւ այսպես, ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ՀՅԴ-ին չհաջողվեց ԱԺ ընտրություններում հաղթահարել խորհրդարան անցնելու համար 5 տոկոսանոց շեմը: Խոսքը խորհրդարանի «հնաբնակ» երկու կուսակցությունների մասին է, որոնցից ՀՀԿ-ն դեռ 1995 թվականից իշխանության մեջ էր, արդեն 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո քսան տարի շարունակ իշխանության ղեկին, իսկ ՀՅԴ-ն որոշակի ընդմիջումներով մաս է կազմել իշխող կոալիցիաներին՝ ընդդիմադիր ժամանակ էլ հաճախ գործելով ՀՀԿ-ի հետ համահունչ: Ու հիմա ՀՀԿ-ն, որ 23, իսկ ՀՅԴ-ն՝ 19 տարի շարունակ ներկայացված էին խորհրդարանում, հայտնվել են ԱԺ պատերից դուրս:
Իրադարձությունների նման ընթացքն, իհարկե, սպասելի էր. երկու ուժերն էլ վաղուց ի վեր կորցրել են հասարակության վստահությունը: Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ն համաժողովրդական շարժման արդյունքում հեռացվեց իշխանության ղեկից: ՀՅԴ-ի նկատմամբ եւս խորը անվստահություն կա՝ հաշվի առնելով այս կուսակցության՝ մե՛կ իշխող կոալիցիայի անդամ լինելը, մե՛կ ընդդիմադիր կեցվածքը: Ընդ որում, ՀՅԴ-ականներն իրենք էլ են մի քանի անգամ խոստովանել, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում վարկանիշի անկում են գրանցել: Հիմա այս երկու կուսակցությունները «դատապարտված են» գործելու որպես արտախորհրդարանական ընդդիմություն. արդեն հանդես են եկել նման հայտարարություններով՝ խոստանալով մնալ քաղաքական օլիմպոսում:
Բայց այս երկու կուսակցությունները նոր կարգավիճակում կանգնած են բավական լուրջ խնդրի առաջ. ի տարբերություն նախկին ընդդիմադիր ուժերի՝ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն չունեն հասարակական լայն աջակցություն: Մինչդեռ, նախկինում ընդդիմությունը մշտապես վայելել է հասարակության անվերապահ վստահությունը: Անգամ Կոմունիստական կուսակցությունը ՀՀ անկախացումից հետո ավելի մեծ հանրային աջակցություն ուներ, քան այսօր ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. բավական է հիշել, որ Կոմկուսը 1995թ. ընտրություններից հետո անցավ խորհրդարան: Բացի այդ, եթե ՀՅԴ-ն ինչ-որ առումով դեռ ընդդիմադիր դաշտում գործելու «փորձ» ունի (չնայած 90-ականների նրանց գործունեությունը հիշեցնում էր տեռորիստական կառույցների, իսկ վերջին տարիներին նրանք իշխանությունների վերահսկողության տակ էին), ապա ՀՀԿ-ն նման փորձ էլ չունի. հեռավոր 90-ականների սկզբում էին նրանք ընդդիմադիր դիրքերից հանդես գալիս, բայց եւ արագ հայտնվեցին իշխանության մեջ:
Այնպես որ, այս երկու կուսակցություններից դեռ շատ ժամանակ է պահանջվելու հանրային աջակցություն ստանալու հարցում. հազիվ թե հասարակությունը շուտ մոռանա նրանց իշխանավարման տարիները եւ անգամ նոր իշխանությունների սխալների դեպքում:




Լրահոս