ԴԺՎԱՐ Է ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՆՇՄԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը չհայտնվեց խորհրդարանում` հակառակ այն բանի, որ այն միշտ իր տեղը ունեցել է ԱԺ-ում: Հիմա ինչո՞ւ նման պատկեր ստացվեց: Խնդիրը միայն ա՞յն էր, որ պայքարը գաղափարական չէր, ինչպես նշված էր կուսակցության հայտարարությունում, թե՞ այլ բան կա:
-Դե, ընդհանուր էմոցիոնալ ֆոնը բարձր էր, եւ դրված էր այս հարցը. կա՛մ հեղափոխության կողմից ես, կա՛մ դեմ ես հեղափոխությանը: Ուղղակի ինչ-որ հանրային տրամադրությունների ազդեցության տակ էլի այդ սեւ ու սպիտակի պայքարն էր ընթանում:
-Ասում եք` դրված էր հարցը, որ կա՛մ կողմ ես հեղափոխությանը, կա՛մ դեմ: Այսինքն` ստացվում է, որ կուսակցությունը դե՞մ է եղել հեղափոխությանը:
-«Դաշնակցությունը» կողմ է հեղափոխությանը, եւ մայիսին էլ մենք արեցինք հայտարարություն, որ աջակցում ենք հեղափոխությանը: Մենք դրական արձագանքեցինք վարչապետի առաջարկին եւ կառավարության մաս կազմեցինք: Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ փոփոխություններին եւ դրանով մեր աջակցությունն ենք հայտնել հեղափոխությանը:
-Երբեւէ չե՞ք մտածել, որ չեք հայտնվի ԱԺ-ում: Ընդհանրապես սպասելի չէ՞ր:
-Անկեղծ ասաց` ոչ: Մենք մի քիչ ավելի դրական սպասելիքներ ունեինք:
-Այսպես ասած` հին կուսակցություններից անցավ միայն «Բարգավաճ Հայաստանը»: Դուք եւ ՀՀԿ-ն դուրս մնացիք: Ինչի՞ հետ էր սա կապված: Գուցե նոր կուսակցությունների հանդեպ հետաքրքրությունն ու սպասելիքներն ավելի մե՞ծ են:
-«Հանրապետություն» կուսակցությունը եւս ԱԺ-ում չէ: Այսինքն` «ԵԼՔ» դաշինքի մեկ երրորդը: Կարելի է նաեւ այդպես ասել, որ, այո, նոր կուսակցությունների հանդեպ հետաքրքրություն կար: «Բարգավաճը» կար եւ մնաց, «ԵԼՔ»-ի երկու երրորդը կար եւ մնաց: Դրա համար չարժի կապել հների կամ նորերի հետ: Սա ավելի շատ կապված էր էյֆորիկ տրամադրությունների, փոփոխությունների հետ: Հեղափոխության գլխին կանգնած ուժը ամենաշատ ձայնը պիտի տաներ, դա պարզ է: Նույն տրամաբանությամբ 1991-ին ՀՀՇ-ի թեկնածուն ամենաշատ ձայնը հավաքեց:
-Չե՞ք կարծում, որ ընտրողը քաղաքական ուժին միանգամից ասոցացնում է անձերի հետ: Իսկ «Դաշնակցության» պաստառի վրա անձեր չկային:
-Միգուցե դա էլ էր խնդիր: Դա շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Ամեն դեպքում, մենք միշտ էլ այդպես ենք հանդես եկել, եւ անհատների վրա շեշտը չի դրվել: Դա այդքան էլ կապ չունի: Էյֆորիկ ֆոնը բարձր էր, եւ փոփոխությունների ցանկությունները մեծ են, եւ այդ ֆոնի վրա դժվարություններ ունեցանք ցույց տալու, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ փոփոխությունները եւ ինչով ենք տարբերվում այլ ուժերից:
-Կուսակցությունը հետեւություններ արե՞ց ընտրության արդյունքներից:
-Դե, հիմա քննարկման փուլում ենք եւ հետեւություններ ենք անում: Սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ կային, դրա համար ունեցանք այն պատկերը, որը տեսնում ենք:
-Հիմա ի՞նչ եք անելու: Արտախորհրդարանական ընդդիմություն կլինե՞ք:
-Իհարկե:
-Հնարավո՞ր է` ՀՀԿ-ի հետ համագործակցեք:
-Ինչի՞ շուրջ:
-Իրենք էլ ասում են, որ ընդդիմադիր են լինելու: Գուցե ընդհանուր եզրեր գտնվեն:
-Ցանկացած համագործակցություն պետք է բխի կողմերի միջեւ ընդհանրություններից եւ տարբերություններից, ու դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ խնդիր է առաջադրվում: Եթե խնդիր առաջադրվի, որը միասնական է բոլոր ուժերի համար, հնարավոր է համագործակցել: Այսինքն` այդպես չի կարելի ասել, որ սրանք լավն են, կհամագործակցենք, նրանք վատն են, չենք համագործակցի:Հարցը այն է, թե ինչ կլինի օրակարգում: Օրինակ, օրենքի նախագծին կողմ կամ դեմ քվեարկում ես` ելնելով նրանից, թե այդ օրենքը որքանով է համահունչ քո մոտեցումներին, ոչ թե նրանից, թե այդ օրենքի հեղինակն ով է:
-Կարծիքներ են հնչում, որ նոր խորհրդարանը 5 տարի չի մնա, եւ կարիք կլինի կրկին արտահերթ ընտրությունների գնալ: Այս մասին ի՞նչ կասեք:
-Պետք է նայենք, թե խորհրդարանը առաջիկա մի քանի ամիսներին ինչպես կդրսեւորի իրեն: Այս պահի դրությամբ պնդել, թե կլինեն նոր արտահերթ ընտրություններ, կլինի հանրային պահանջ, չենք կարող: Խորհրդարանը միաբեւեռ է: Նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարել, շատ էական տարբերություններ չունեն իշխող դաշինքից: Շատ դժվար է գաղափարական ընդդիմություն նշմարել: Մեր տնտեսական քաղաքականությունը, օրինակ, էականորեն տարբերվում է կառավարության քաղաքականությունից: Ունենք մի ուժի շատ մեծ ներկայացվածություն խորհրդարանում: Մյուս երկու ուժերը այդքան էլ տարբեր մոտեցումներ չունեն, նախագահի ինստիտուտը դեռ կայացման փուլում է գտնվում, հանրային սեկտորը, որը միշտ էական դեր է ունեցել քաղաքականության մեջ, միշտ նշել է կառավարության ձախողումների մասին եւ արտահայտել է ժողովրդի մի զգալի մասի սենտիմենտները: Հիմա այդ հանրային հատվածը` հկ-ները, «Իմ քայլի» ցուցակով ներկայացված են լինելու ԱԺ-ում: Երկրի շահից է բխում, որ գոնե արտախորհրդարանական ընդդիմությունը լինի ուժեղ եւ գաղափարական, այլ ոչ թե նեղացած, ես դրա համար եմ ընդդիմություն: Պետք է հասկանանք, որ կառավարության ձախողում նշանակում է պետության ձախողում, իսկ ընդդիմության նպատակն այն է, որ նման բան թույլ չտա:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԿՈՐԵ՞Լ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մասնակից բոլոր քաղաքական ուժերի կողմից որակվեց ազատ ու արդար: Գրեթե բոլորը միաբերան փաստեցին, որ այս ընտրությունների ժամանակ գրեթե չեն կիրառվել վարչական լծակներ, ֆինանսական միջոցներ, ուղղորդումներ չեն եղել: Ընտրություններին մասնակից ուժերը չեն դիմելու նաեւ Սահմանադրական դատարան վիճարկելու արդյունքները, բայց վերահաշվարկի դիմումներ այնուամենայնիվ ներկայացվել է ռեյտինգային թեկնածուների կողմից: Ընդ որում, վերահաշվարկի դիմումներ ներկայացրել են ԲՀԿ-ականները:

Մասնավորապես ԲՀԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը ընտրության հաջորդ օրը հայտարարություն է տարածել, որ գողացել են իր ձայները: «Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի` էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- ասել է նա: Իսկ արդեն երեկ նմանատիպ հայտարարություն է տարածել նաեւ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանը` նշելով, որ իրականում ինքն ավելի շատ ձայն է ստացել: «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են»։
Նախկին իշխանության ՀՀԿ-ական ներկայացուցիչները չեն պատրաստվում դիմել վերահաշվարկի պահանջով: ՀՀԿ շտաբի պետ Դավիթ Հարությունյանն ասաց, թե չեն պատրաստվում վերահաշվարկ պահանջել, բայց եւ չբացառեց, որ հնարավոր է` լինեն թեկնածուներ, որոնք դիմեն նման քայլի: Ի վերջո, չի բացառվում, որ մարզերում ՀՀԿ-ի ձայները եւս սխալ հաշվարկած լինեն:
Մի ուշագրավ բան եւս. ակնհայտ է, որ հանձնաժողովների նախագահների մեծ մասը ՀՀԿ-ից էին: Վերջիններս ամենեւին էլ չէին աշխատում ՀՀԿ-ի համար: Երբ ընտրատուփից դուրս էր գալիս ՀՀԿ-ի քվերաթերթիկ, նախագահները կա՛մ զարմանում էին, կա՛մ սկսում էին քննադատական խոսքեր հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ին:
Հ.Գ. Մինչ ԲՀԿ-ականները բողոքում են՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, ընտրակաշառք առաջարկելու համար քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել Ծառուկյանի փեսաներից ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանի շտաբի պետ Արամ Հակոբյանի դեմ: Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում. ԲՀԿ-ից էլ հավատացնում են, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ընտրակաշառք խոստանալու կամ տալու հրահանգ չի եղել: Նաեւ լուրեր էին շրջանառվում ՀՀԿ-ականների կողմից որոշ տարածքներում ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն փաստացի տվյալներ չկան:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2018 փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմել է նախաքննական մարմին եւ իր տված բոլոր ցուցմունքները հետ վերցրել: Սակայն անկախ այս հանգամանքից` քրեական գործը չի կարճվել: Ավելին` այն պատուհաս է դարձել իրավապահների համար: Բանն այն է, որ գործով բացի Մարինա Խաչատրյանից այլ անձինք էլ են ցուցմունք տվել, եւ հիմա նրանց որոշ մասը, այդ թվում՝ ԵԾ ավագանու նախկին անդամները, չեն հետաքրքրվում գործով, ցուցմունք չեն տալիս, նաեւ չեն ասում՝ պնդում են իրենց բողոքը, թե ոչ, ուստի քրեական գործը մնացել է այսպես օդից կախված:

 

 

 

ՀԱՇՎԻ ՉԵՆ ՆՍՏԵԼ
ՀՀ կառավարության` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ կայացրած որոշումը խիստ զայրացրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ից աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Ընդ որում, ներմուծողը պետք է 6-ամսյա ժամկետում աջակողմյան ղեկային համակարգը փոխարինի ձախակողմյանով: Դրանից հետո միայն նա կարող է ավտոմեքենան մաքսազերծել, ՀՀ ոստիկանությունում հաշվառել եւ շահագործել: Սակայն նախաձեռնության անդամները իրենց հերթին պնդում են, որ կառավարությունը այս որոշումը ընդունել է առանց համաձայնեցնելու, քննարկելու իրենց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք տեսակետ հայտնեցին, որ մեքենայի ղեկը փոխելու դեպքում տարիներ անց վարելու համար այն կդառնա վտանգավոր: Ըստ նախաձեռնության անդամների` եթե գործող իշխանությունը չփոխի իր կայացրած որոշումը, ապա նրանք կսկսեն իրենց բողոքի ակցիաները եւ կփակեն հայ-վրացական սահմանը: Նշենք, որ այս պահին «Բագրատաշեն» անցակետի մոտ ավելի քան 400 մեքենա կա կայանված:

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլեւս չեն համարվի գործարանի աշխատող: Բայց չնայած սրան` գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը ի վերջո լուծում կտա այս հարցին: Մյուս կողմից` Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպասում աշխատանքի հրավերի ծանուցումների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշխատողների խոսքերով` այն կվերագործարկվի ամիսուկեսից:




Լրահոս