ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ` ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 5 ամիս տեւած փնտրտուքներից հետո` դեկտեմբերի 6-ին, Պրահայում հայտնաբերվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որը իրավապահներին էր ներկայացել Ֆրանկլին Գոնսալես անուն ազգանունով: Մինչ ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը կազմակեպելու հարցով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նրա դեմ հարուցված քրեական գործով նոր փուլ է սկսել:

Ինչպես հայտնի է, հուլիսի 6-ից Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում: Վերջինս եւ իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանը հետախուզվում էին ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Արտեմ Պետրոսյանն ինքնակամ ներկայացավ իրավապահներին, նրան կալանավորեցին երեք թիկնապահների հետ, իսկ Նարեկ Սարգսյանին փնտրում էին:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ իրավապահները արձանագրել են, որ Հայաստանը լքելուց հետո Նարեկ Սարգսյանը որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, ապա մեքենայով գնացել է Գերմանիա, այնտեղ եւս կարճ ժամանակ է մնացել եւ կրկին մեքենայով գնացել այլ եվրոպական երկիր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ նա հիմնականում շրջել է եվրոպական երկրներում, ուստի նրա կոնկրետ գտնվելու վայրը չի հաջողվում ճշտել եւ դեռ ավելին` նա որեւէ կասկածելի բան չի իրականացնում, որ իրավապահները նրան բերման ենթարկեն:
Եվ ահա դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Պրահայում հայտնաբերեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հիմա ԱԱԾ-ն այս գործով անցել է նոր փուլի: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն այս օրերին կրկին հարցաքննության է կանչել Նարեկ Սարգսյանի գործով կալանավորված թիկնապահներին:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կրկին ցուցմունք է վերցրել Նարեկ Սարգսյանի թիկնապահներից 49-ամյա տղամարդուն առեւանգելու, ծեծի ենթարկելու դեպքից: Ինչպես հայտնի է, 49-ամյա Արամը դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Սարգսյանը իրեն առեւանգել եւ ծեծի է ենթարկել, քանի որ նա ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Այս ակումբի բացման հետեւանքով Նարեկ Սարգսյանի եւ իր միջեւ վեճ է եղել, եւ նրան առեւանգել են եւ ծեծի ենթարկել:
Ի դեպ, գրել էինք, որ գործով կալանավորված թիկնապահները դեպքի ողջ մանրամասները պատմել էին ԱԱԾ քննիչներին, թե ինչպես են առեւանգել, ուր են տարել, ինչ են արել: Եվ հիմա ԱԱԾ-ն կրկին թիկնապահներին կանչում է հարցաքննության: Ըստ էության, նախաքննական մարմինը այս քայլին դիմում է, որպեսզի Նարեկ Սարգսյանի Հայաստան տեղափոխելուց հետո գործով ապացույցները, փաստերը ավելի հիմնավոր լինեն: Դժվար չէ ենթադրել, որ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց հետո երբ հարցաքննվի եւ, առհասարակ, առերեսման գնա իր թիկնապահների հետ, չի ընդունի մեղադրանքները, եւ դեռ ավելին՝ կփորձի ամեն գնով պաշտպանվել: Այնպես որ, այս հարցում կարեւոր է իրավապահների պատրաստվածությունը մեղադրանքները մինչեւ վերջ պնդելու եւ ապացուցելու համար: Այլապես, հետեւանքները կարող են ծանր լինել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՅԹՈՒՑԻԿՆ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք էր ցանկացել մուտք գործել մի տղամարդ: Նրան վնասազերծել էին, հետո կալանավորել: Գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կառավարություն մուտք գործել փորձող քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Նա նշել է, թե աշխատանք է ուզել, իրեն աշխատանք չեն տալիս, ուզում է այդ կերպ ուշադրություն գրավել:
«Նա դիմել է նաեւ ինձ Ազգային անվտանգության ծառայության համակարգում աշխատանքի անցնելու համար, սակայն Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքը արգելում է 27 տարին լրացած եւ բարձր քաղաքացիներին աշխատանքի ընդունելուց, բացի այդ նա հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում»,- պատմել է Վանեցյանը:
Եվ ահա ԱԱԾ-ն այս գործով նախաքննությունը ավարտել է եւ այն ուղարկվել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ պայթուցիչով կառավարության մուտք գործել ցանկացող անձը եղել է Շամիր Սահակյանը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի ձեռք բերելով, պահելով, փոխադրելով եւ կրելով ռազմամթերք հանդիսացող 386-337-78 գործարանային համարի «Ֆ-1» տեսակի նռնակն իր «ՈՒԶՌԳՄ» տեսակի, 75-67-386 գործարանային համարի պայթուցիչով, 2018թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մուտք է գործել Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարության թիվ 1 կառավարական շենք, սակայն կենտրոնական մուտքի մոտ բռնվել եւ վնասազերծվել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից:
Դատելով իրավիճակից, որ ազատամարտիկը հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում, նրան անմեղսունակ պետք է համարեին եւ ազատ արձակեին, սակայն այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շամիր Սահակյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը ասաց, երբ նա մոտեցել է շենքին, զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հայտնել է՝ «մարդկանց շենքից հանե՛ք, քանի որ ցանկանում եմ ինքս ինձ վնասել»: Նրա այդ քայլի պատճառը այն է, որ նա ազատամարտիկ է, իսկ ազատամարտիկները անտեսված են, եւ նա այդ քայլով ցանկացել է կառավարության ուշադրությունը հրավիրել ազատամարտիկների սոցիալական վիճակին: Նա հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում եւ նախաքննական մարմինը փորձաքննություն էր նշանակել, որի եզրակացությունը ստացանք, եւ հայտնի դարձավ, որ նրա մոտ առկա է սահմանափակ մեղսունակություն, եւ սահմանափակ մեղսունակները ենթարկվում են պատասխանատվության»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է երեք տասնյակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի` երկրում աղքատության դեմ պայքարից մինչեւ արտաքին քաղաքական թեմաներով: Ծրագրո՞ւմ եք արդյոք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ եւ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հարաբերությունները Եվրամիության հետ` լինելով ռուսական ազդեցության գոտում, մասնավորապես` Եվրասիական տնտեսական միության անդամ, հարցին ի պատասխան` Ն. Փաշինյանը պատասխանել է. «Ինձ դուր չի գալիս այդ ձեւակերպումը` Ռուսաստանի ազդեցության տակ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, դրանից բացի մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ասել, որ Եվրոպայի խորհրդի ազդեցության տակ ենք: Մենք Ռուսաստանի հետ գործընկերներ ենք, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի հետ, մեր երկիրը որեւէ ազդեցության գոտում չէ: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին մեր միջազգային գործընկերների հետ, նշեմ, որ ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես` Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելության հետ կապված: Մեր երկիրը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչպես նաեւ ԵՏՄ-ի»:

 

 

ՀԱՅՏՆԻ ՉԷ
ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո` 7-րդ օրը: Դրանից հետո կհայտարարվի ԱԺ առաջին նիստի օրվա մասին: Նա չի ցանկացել նախնական արդյունքների հիման վրա ասել, թե Ազգային ժողովում քանի պատգամավոր կլինի. հայտարարությունը կլինի միայն վերջնական արդյունքներից հետո: Աժ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը` դեկտեմբերի 16-ին, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

 

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ
Եվրամիությունը ակնկալում է աշխատել Հայաստանի` ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ, այս մասին նշված է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի հայտարարությունում: «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետեւեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը: Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության` այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ եւ վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման ուղղությամբ»,-հայտարարել է Եվրամիությունը:

 

 

 

ԱՅՍՕՐ
Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով` գործում նոր բան չկա: Նրա խոսքով` Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, սակայն պատրաստ է պատասխանատվություն կրել նաեւ հարազատներին մեղսագրվող արարքների համար: Ինչ վերաբերում է գրավին, ապա Մկրտչյանն ասել է. «Գրավի միջնորդություն ներկայացվել է 20 մլն դրամ: Կարծում եմ` դատարանը կաշկանդված չէ ավելի բարձր գրավի չափ սահմանելու հարցում»: Ինչ վերաբերում է հարցին` հնարավո՞ր է ՄԻԵԴ դիմեն, նա պատասխանել է, որ այդ հարցի հետ կապված խնդիր կա: «ՄԻԵԴ դիմելու դեպքում պետք է նշվի` Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Մանվել Գրիգորյանի ընկալումն այնպիսին է, որ իր համար ընդունելի չէ այդ ձեւակերպումը»,-ասել է նա: Երեկ` դատական նիստին, Գիրգորյանը հանդես է եկել ելույթով եւ չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Դատարանը որոշումը կհրապարակի այսօր: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:




Լրահոս