7-րդ գումարման Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներն այսօր ստացան իրենց պատգամավորական մանդատները: Ինչպես արդեն հայտնի է՝ նորընտիր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ կ«Իմ քայլը» դաշինքից, «Բարգավաճ Հայասստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից:
Ինչպես հայտնի է` ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենաավագ պատգամավորը: Ինչպես վեցերորդ, այնպես էլ յոթերորդ գումարման խորհրդարանում, ամենաավագ պատգամավորը Կնյազ Հասանովն է: Նա ծնվել է 1945 թվականին: 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել, ՀՀԿ խմբակցության անդամ:
Իսկ ամենաերիտասարդ պատգամավորները երկուսն են` ԲՀԿ-ից և «Իմ քայլը» դաշինքից:
Քաջիկ Գևորգյան, ԲՀԿ – ծնվել է 1993թ.-ի նոյեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Սովորել է ԵՊՀ մագիստրատուրայում։ 2013-2016թթ․ աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես մասնագետ։
Սոնա Ղազարյան, «Իմ քայլը», ծնվել է 1993թ.-ի մարտի 30-ին: Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։ Սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան) և ստացել մագիստորսի կոչում։ Աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում։ 2017թ․ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը՝ որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա փորձագետի օգնական։ Միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես մեդիա փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ Աշխատել է «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու։