«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԵՏՔ, ՈՉ ԹԵ «ՍԱՊՈՆՎՈՂՆԵՐ»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում: ԿԸՀ-ի հաստատած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն` խորհրդարան է անցել քաղաքական 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը, որը ստացել է 70.44% ձայն, ԲՀԿ-ն՝ 8.27% ձայնով եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայնով: Ընտրությունների արդյունքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

-Պարո՛ն Հախվերդյան, ընտրությունների արդյունքներից ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք: Փաստորեն, ձայների առյուծի բաժինը քաղաքական մեկ ուժի է բաժին հասել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կրկին կանգնած ենք միահեծան իշխանություն ունենալու վտանգի առաջ:
-Հա, իհարկե, դրանից խուսափելու համար էլ ամբողջ ընտանիքով «Սասնա ծռեր»-ին էինք ընտրել: Ուզում էի, որ խորհրդարանում հակակշիռ լիներ, բայց չստացվեց:
-Փաստորեն, խորհրդարանում չի լինելու ռեալ ընդդիմություն, որը կզսպի, այսպես ասած, բռի մեջ կպահի իշխանությանը:
-Խելացի մարդիկ կան, իհարկե, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում, բայց ես կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ»: Ամեն դեպքում, իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ: Եթե իշխանությունը որեւէ խոշոր սխալ կատարի, ժողովուրդը ոտքի կելնի, ցույցեր կանի: Եթե Նիկոլը չարդարացնի ժողովրդի հույսերը, մարդիկ կըմբոստանան:
-«Հանրապետական» կուսակցությունը որպես ընդդիմություն, որպես ռեալ հակակշիռ պե՞տք էր ներկայիս իշխանությանը: Դուք ի՞նչ կասեք:
-Չէ, այ մարդ, դրանցից վատ հոտ էր գալիս: Մեծ երիզորդից ազատվեցինք (նկատի ունի Սերժ Սարգսյանին-հեղ.), իսկ մնացածն արդեն նրա որդերն էին: Հիմա իշխանությունն ինչ սխալ էլ անի, ակնհայտ կերպով երեւալու է: Ժողովուրդը պետք է առավել քան երբեւէ զգոն եւ ակտիվ լինի: Այս պարագայում մեծ նշանակություն եմ տալիս մամուլի ազատությանը: Բայց մի բան պետք է ասեմ. կոնկրետ ինձ համար այդ առումով իրավիճակ չի փոխվել: Խորհրդային միության փլուզումից ի վեր ինձ մեկ-երկու անգամ են թույլ տվել ուղիղ եթերում խոսել:
-Այսինքն՝ ընդդիմության դերը պետք է ստանձնեն ժողովուրդն ու մամու՞լը:
-Հա, բայց կարեւոր է, որ հեղափոխությունը մարդկանց գլխների մեջ լինի, այլապես նույն ճաշակի են մնացել:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Ընդհանուր առմամբ, անճաշակություն է տիրում: Որպես երգահան` ասեմ՝ հայ ազգը 6.8 ռիթմից չկարողացավ դուրս գալ: Երգարվեստով կարելի է որոշել ժողովրդի տեսակը, ճաշակը: Այդ առումով ոչինչ չի փոխվել, ավելի է վատացել վիճակը: Առաջ գոնե գիտեինք, որ եթերը Բադալյանինն էր, Մաթեւոսյանինն էր, բայց հիմա բեմ են դուրս գալիս ինչ-որ լպրծուններ ու մկկում են: Չմոռանամ ասել, որ երգերի խոսքերին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում: Երգը պետք է ինչ-որ թեմա, պրոբլեմ շոշափի: Կարեւոր չէ՝ ինչ ձայով կերգես, կարեւորն այն է, թե ինչ կերգես, ինչ տեղ կհասցնես: Բայց հիմա այնքան գարշահոտություն է գալիս… Տպավորություն է, որ ժամանակը շատերի կողքով պարզապես անցնում է:
-Մշակույթի նախարարությունն այս պարագայում անելիք ունի՞
-Մշակույթի նախարարությունը պետք է բոլորից մեկ աստիճան բարձր կանգնած լինի եւ պետք է բոլորին ստիպի ենթարկվել իրեն: Մշակույթը նախ եւ առաջ ապրելակերպ է: Դրա մեջ մտնում է էկոլոգիան, մարդկանց նիստուկացը: Այստեղից է պետք մաքրել գարշելիությունները:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ ՀՀԿ-Ի ՄԻՍ ԵՆՔ ՈՒՏԵԼՈՒ»

«Այս Նոր տարուն հայերը ՀՀԿ-ին են դնելու սեղանին, հանրապետականների միս են ուտելու. այդքան տարի իրենք մեր միսը կերան, այս տարի էլ մենք իրենցն ուտենք, ի՞նչ կլինի որ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատակով նշեց դերասան Անդրանիկ Հարությունյանը:
Նա Ամանորն առանձնապես չի սիրում, ինչպես իր ծննդյան օրը, բայց եթե նշել, ուրեմն այնպես, որ երբեք չմոռացվի. «Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ մարդիկ, գումար չունենալով, վարկ են վերցնում, որ Նոր տարի անեն, հետո ամբողջ տարին այդ վարկն են փակում: Այնքան են մրցակցության մեջ մտնում, որ մոռանում են տոնի խորհուրդը: Հիշում եմ, որ մի տարի նույնիսկ կոկորդիլոսի միս էին դնում սեղաններին»,-նկատեց դերասանը:
Շուրջ 7 տարի է՝ Անդրանիկն Ամանորը տանը չի նշում, այլ աշխատանքի վայրում: Տոնական գիշերը նա անցկացնում է որեւէ ռեստորանում որպես հանդիսավար: Այս տարի եւս դերասանն Ամանորին տանը չի լինելու. «Ստիպված ես գումար աշխատել, որ ամբողջ տարին դրանով ապրես»,-ասաց նա: Տան անդամները, սակայն, չեն նեղսրտում, ըմբռնումով են մոտենում:
Անդրանիկն այն համոզման է, որ պարտադիր չէ՝ Ամանորը գա, որ օրը տոն դառնա: Ըստ նրա՝ հայերիս համար ամեն օրն էլ հեշտությամբ տոնի է վերածվում. «Մենք ուտող-խմող, ուրախացող ազգ ենք, այնպես որ, ամեն օր էլ Ամանոր է»,-ծիծաղելով շեշտեց մեր զրուցակիցը:
Նա Ձմեռ պապիկից արդեն 20 տարի է՝ նույն բանն է խնդրում, որ հայ ազգը լավ, բարեկեցիկ կյանքով ապրի: Անդրանիկի խոսքով՝ հիմա արդեն կան բոլոր պայմանները, որպեսզի իր ցանկությունն իրականություն դառնա. «Այնպես, ինչպես մի քանի ամսում ամբողջ ազգը ոտքի կանգնեց, նույն կերպ կարող է պայքարել իր լավ կյանքի համար: Ուզում եմ, որ 2019 թվականից դրվեն մեր ազգի բարեկեցիկ կյանքի հիմքերը»,-եզրափակեց դերասանը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս