ԵՎՍ ՄԵԿԸ ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ՞ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանք է առաջադրել 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին: Ավելին, երեկ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը դեռ որոշում չի կայացրել. այս գործով դատաքննությունը կշարունակվի այսօր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մեծ է հավանականությունը, որ դատարանը կբավարարի ՀՔԾ միջնորդությունը, եւ Արմեն Գեւորգյանը կկալանավորվի: Այդ են հուշում ե՛ւ մեղադրանքի բովանդակությունը, ե՛ւ, ընդհանրապես, իրադարձությունների ընթացքը: Դեռ օգոստոսին Ա.Գեւորգյանին մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, եւ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: Հիմա այդ մեղադրանքին ավելացել է եւս մեկը` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: Առայժմ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Գեւորգյանի փաստաբանները չեն մանրամասնում, թե Գեւորգյանն ինչպես է օժանդակել սահմանադրական կարգի տապալմանը: Պաշտպան Էրիկ Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է, թե «Քրեական իրավունքի տեսության համաձայն` օժանդակելը կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը»: Եթե հիշենք` ով էր Արմեն Գեւորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչ դիրք էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում, ապա կարելի է ենթադրել մեղադրանքի բովանդակությունը:
Բացի այդ, Գեւորգյանը մեկ ուրիշ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար. այս երկու մեղադրանքը եւս նոր է առաջադրվել:

 

 

 

Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին` 1.5 տարի: ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլեւ այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ. սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին: Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: Նշենք նաեւ, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, եւ միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար: Եւ ահա դեպքի վայրից հայտնաբերված սեւ արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառն ինքնաթիռի սեւ արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սեւ արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ եւ ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն:

 

 

 

Կապանում ներկայացված Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի նմուշների հետագա ճակատագիրը հարցականի տակ է. մի կողմից առաջ է քաշվում Կապանի թանգարանի անմխիթար պայմաններն ու այդ պատճառով ցուցանմուշները Երեւան տեղափոխելու պահանջը, մյուս կողմից՝ կապանցիները պահանջում են թանգարանային նմուշներն իրենց քաղաքում թողնել համայնքը մշակույթի այդ օջախից չզրկելու համար: Այս հարցի շուրջ տարակարծություններն ի հայտ գալուց հետո ուշագրավ փաստ է բացահայտվել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Կապանի թանգարանի աշխատակիցների հաստիքները պահվել են Երեւանի քաղաքային բյուջեի հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ թանգարանն, ըստ էության, կարգավիճակ չունի, կախված է օդից: Ու հիմա որպեսզի Կապանի թանգարանը չփակվի, Կապանի քաղաքապետին առաջարկվել է ստեղծել առանձին ՀՈԱԿ, առանձին միավոր, որպեսզի աշխատակիցներն էլ ֆինանսավորվեն հենց Կապանի քաղաքապետարանի կողմից:

 

 

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որ մեղադրվում է ապօրինի հարստացման եւ ապօրինի եկամուտների օրինականացման համար եւ գտնվում է կալանավայրում, հայտարարություն է տարածել` պատրաստակամություն հայտնելով 6 մլն դոլար փոխանցել պետությանը: Թեեւ հայտարարության մեջ Ղազարյանը պնդել է, որ իրենց տանը հայտնաբերված կանխիկ գումարը, նաեւ իր ու կնոջ բանկային հաշիվներում առկա միջոցների ծագման աղբյուրներն օրինական են, ստացվել են մինչեւ ՀՀ քրեական օրենսգրքում ապօրինի քրեական հարստացում հասկացությունը սահմանելը, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել 6 մլն դոլարը նվիրաբերել: «Ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաեւ կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից` քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները` մոտ 6 միլիոն դոլարի չափով, փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»,- ասել է նա: Հատկանշական է փաստը, որ Ղազարյանն այս հայտարարությունը տարածել է երեկ, երբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել իր կալանքը երկարաձգելու համար: Ու որքան էլ նա պնդում է` գումարը պատրաստ է ներկայացնել անկախ խափանման միջոցից, ակնհայտ է` սա իր ազատության գինն է:
Տեղի ունեցողն ուշագրավ է մեկ առումով. թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկելու նախկին իշխանություններից վերադարձնելու ժողովրդից թալանվածը, ընդ որում` վերադարձնել «կոպեկ առ կոպեկ»: Նա մի քանի անգամ հրապարակային ելույթներում նման հորդորով դիմել էր նախկին իշխանության ներկայացուցիչներին: Եւ հիմա հարուցված քրեական գործերի շրջանակներում կարծես սկսվել է այդ գործընթացը. ՍերԺ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել պետական բյուջե փոխանցել իր հաշվին եղած 30 մլն դոլարը, որի վրա կալանք է դրված: Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանն էլ իր հերթին հայտարարել է Երեւանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին: Իրեն պատկանող անշարժ գույքի մի մասը պետությանը նվիրելու մասին հայտարարել է նաեւ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը. խոսքն այն անշարժ գույքի մասին է, որի ձեռքբերման օրինականությունը կասկածի տակ է: Կարճ ասած` հիմա բոլորը շտապում են վճարել համապատասխան գումար, միայն թե հայտնվեն ազատության մեջ: Շահում են իրենք, շահում է պետությունը:




Լրահոս