ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը հիմնականում ընթացավ «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ հակամարտությամբ: Սակայն ՀՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո իշխող դաշինքը կարծես թե մոռացել է տվյալ կուսակցության գոյության մասին: Նկատենք, որ ընտրություններից հետո «Իմ քայլը» քաղաքական թիմի անդամները չեն էլ անդրադառնում այդ կուսակցությանը եւ նրանց էջը համարում են փակված: Այս մասին են վկայում նաեւ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար, ՔՊ անդամ, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի պատասխանները. նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ նույնիսկ մի բառ խոսել ՀՀԿ-ի մասին: Ու ստացվում է` նախկին իշխանություններն, ըստ էության, համակերպվելու են առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ, մանավանդ, որ չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Դեռ ընտրություններից առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը, հիշեցնենք, չհայտնվեց ԱԺ-ում, հայտարարեց, թե նոր ԱԺ-ն կարճ կյանք է ունենալու: Նախընտրական քարոզարշավի ժամանակ «Սասնա ծռերի» հայտարարությունն արժանացավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սուր արձագանքին: Հիմա նրանք նույնը պնդում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո. այդ մասին խոսել է «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորած Վարուժան Ավետիսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը այս, ԱԺ-ում ձեւավորված ընդդիմության եւ այլ հարեցերի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ:
-Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կասեք ընտրությունների արդյունքների մասին: Ընդհանուր առմամբ գո՞հ եք:
-Արդյունքները, բնականաբար, սպասելի էին: Շատ գոհ եմ:
-Շատերն են դժգոհում ռեյտինգային ընտրակարգից եւ ասում, որ դա ապաքաղաքականացնում է ընտրությունները: Բողոքում են` պայքարը գաղափարական եւ ծրագրային չէր: Խորհրդարան են գալիս այն մարդիկ, ովքեր ոչ թե կապ ունեն քաղաքականության հետ, հասկանում են դրանից, այլ ուղղակի ծանոթ, բարեկամի, շրջապատին ասում են` ընտրե՛ք մեզ:
-Ձեր կարծիքով ծանոթ բարեկամներով հնարավո՞ր է Հայաստանում մոտ 900.000 ձայն հավաքել: Իհարկե, ոչ: Եվ դա էլ վկայում է այն մասին, որ ընտրությունները միանշանակ քաղաքական էին: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ձայներ իրենց անցկացրած քարոզարշավի եւ իրենց ծրագրերի արդյունքում: Բնականաբար, տարբեր ռեյտինգային թեկնածուների համար իրենց բարեկամները քվեարկել են, բայց միայն համամասնականի դեպքում էլ թեկնածուների բոլոր ծանոթ, բարեկամները կքվեարկեին: Դա բոլոր երկրներում էլ բնականաբար այդպես է եւ այդպես պետք է լիներ:
-ՀՀԿ-ի մասով ի՞նչ կասեք: Ինչպիսի՞ ընդդիմություն կլինի: Կարծես թե մտադրություն կա փողոցային պայքարի անցնելու:
-Ոչինչ: Ոչ մի բան: Ես որեւէ բան չեմ ասի ՀՀԿ-ի մասով:
-Կարծում եք` խորհրդարանական ընդդիմությունը գաղափարակա՞ն ընդդիմություն է:
-Կարծում եմ` դա կերեւա Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում: Իմ կարծելով չէ: Ժամանակը ցույց կտա:
-«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է, որ այս ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու, եւ նորից կարիք է լինելու արտահերթ ընտրությունների: Հնարավո՞ր է, որ նման բան լինի:
-«Սասնա ծռեր» կուսակցությունը չի որոշում, թե խորհրդարանը քանի տարի կգործի: Դա որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Եվ մեր ժողովուրդը ընտրությունների օրը արտահայտել է իր դիրքորոշումը: Եթե ժողովուրդը մի օր որոշի, որ պետք է կրկին լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք կլինեն: Բայց պետք է ասեմ, որ ես նման նախադրյալներ չեմ տեսնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են «Ծռերը» նման բան հայտարարում:
-Չգիտեմ: Պետք է իրենց հարցնել:

 

 

 

ԸՕ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՆՁԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու Վահրամ Ավագյանը կուսակցությանը ամենաշատ ձայներ բերած թեկնածուն է Էդմոն Մարուքյանից եւ Մանե Թանդիլյանից հետո: Սակայն այնպես է ստացվել, որ պատգամավորի թեկնածուն ԱԺ-ում մանդատ չի ստանալու: Խնդիրն այն է, որ կուսակցությունը պարզապես կոնկրետ Արագածոտնի մարզում այնքան ձայն չի հավաքել, որ այդ մարզից պատգամավոր ունենա: Նշենք, որ կան պատգամավորներ, որոնք հավաքել են երկու անգամ ավելի քիչ ձայն, քան Վահրամ Ավագյանը, եւ նրանք հայտնվելու են ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի մասին զրուցել է ԼՀԿ պատգամավորի թեկնածու Վահրամ Ավագյանի հետ:

-Պարո՛ն Ավագյան, Դուք կուսակցությունում ամենաշատ ձայներ հավաքած երրորդ թեկնածուն եք, սակայն մանդատ չեք ստանալու: Որքանո՞վ է սա արդար: Սա ընտրական օրենսգրքի բացթողում համարո՞ւմ եք:
-Այն, որ Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ բացթողում է, կարծում եմ, նորություն չի որեւէ մեկի համար։ Իսկ ինչ վերաբերում է իմ քվեներին, անկախ դրանց քանակից ու կուսակցությունում կամ ինչ-որ չափանիշներով զբաղեցրած իմ հորիզոնականներից` ես շարունակում եմ պատասխանատու լինել ինձ ուղղված վստահության յուրաքանչյուր քվեի համար եւ չեմ պատրաստվում խուսափել մարդկանց խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների ուղիները գտնելու կամքից ու պատասխանատվությունից։
-Սա համարո՞ւմ եք մարդու իրավունքների խախտում։
-Անարդար է, թե ոչ, թողնում եմ օբյեկտիվ վերլուծությանը, ես գործընթացի կողմ եմ, հետեւաբար սուբյեկտիվ կարծիք ունեմ, որը այս պահին չեմ հնչեցնի։
-Զրուցե՞լ եք կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հետ: Ի՞նչ է նա ասում այս մասին:
-Իհարկե, զրուցել եմ։ Ուզում եմ ասել, որ սա կապված չէ որեւէ անձի հետ եւ որեւէ մեկից կախված չէ` ինչ կլինի։ Սա ընդամենը ԸՕ-ի բացթողումն էր, եւ պետք չէ անձերի հետ կապել։ Սա նախորդ իշխանության կողմից մեզ փոխանցված թերի ԸՕ-ի արդյունք է, որը ոտնահարում է մարդկանց ներկայացված լինելու իրավունքը:
-Որպես փոխհատուցում հնարավո՞ր է Ձեզ առաջարկվի որեւէ աշխատանք ԱԺ-ում: Նման քննարկումներ կա՞ն:
-Նման քննարկումներ չկան։ Ես որեւէ փոխհատուցման չեմ սպասում։ Մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են իրենց քվեն։ Հետամուտ եմ լինելու, որ այդ մարդկանց հարցերը բարձրաձայնվեն եւ լուծում ստանան։ Դա, բնականաբար, լինելու է ԱԺ-ում մանդատ ստացած իմ գործընկերների միջոցով նաեւ։

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ՆՎԱԶԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների ստացած ձայները հետաքրքիր են ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում նույն մարդկանց ստացած ձայների հետ համեմատության մեջ: Եվ հիմնականում, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուներից, մյուս ուժերի ներկայացուցիչ թեկնածուների ձայներն էապես նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ նախորդ ընտրություններում առաջադրված հայրենի Լոռու մարզում ստացել էր 6136 ձայն, այս տարի առաջադրված լինելով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում` ստացել է 4450 ձայն: Իսկ Մանե Թանդիլյանը նախորդ տարի առաջադրված էր թիվ 1 ընտրատարածքում եւ ստացել էր 5110 ձայն, իսկ այս տարի նա առաջադրված էր թիվ 4 ընտրատարածքում եւ ստացել է 3636 ձայն: Չնայած Գեւորգ Գորգիսյանը չի փոխել իր ընտրատարածքը, սակայն ձայների կտրուկ նվազում է ունեցել: Նախորդ տարի նա թիվ 2 ընտրատարածքում ստացել էր 3168 ձայն, այս տարի` 1672 ձայն:

 

 

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԱՃԵԼՈՎ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Այսպես, անցած տարվա վերջին կազմել են 7 մլն 450 հազար դրամ (5 մլն 620 հազար դրամ) եւ 16 հազար 100 դոլար (2016-ին` 12.7 հազար): Մուկուչյանի եկամուտը սեփական աշխատավարձն է` երկու վայրից ստացած, որը ամսական կազմում է 924 հազար դրամ: Նրա կնոջ` նոտար Իննա Շահնազարյանի դրամական միջոցները եւս թեեւ չնչին, բայց աճի միտումներ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Իննա Շահնազարյանը անցած տարեվերջին ուներ 3.4 մլն դրամ եւ 16 հազար 250 դոլար: Որպես եկամուտ Մուկուչյանի կինը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 8 մլն 26 հազար դրամը, որը ամսական կազմում է 668 հազար դրամ:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորների` Ալեքսեյ Սուքոյանի ու Կարինե Պետրոսյանի` ԲԴԽ ներկայացած միջնորդությունները մերժվեցին: Ինչպես հայտնի է, դատավորները միջնորդել էին ԲԴԽ այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս դատավորները դատական դեպարտամենտից ստացել են պատասխան, ըստ որի` մերժել են իրենց միջնորդությունը: Որպես պատճառ նշված է եղել միջնորդություններ հարուցելու հիմքերի բացակայությունը: Ուշագրավն այն է, որ ԲԴԽ անդամները իրենք անձամբ չեն պատասխանել դատավորների դիմումին, այլ դա արել է դատական դեպարտամենտը, մինչդեռ ԲԴԽ-ն պարտավոր էր բացատրել, հիմնավորել վարույթ չհարուցելու հիմքերը:




Լրահոս