Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանքներ են առաջադրվել: Ավելին, ՀՔԾ-ն դիմել է դատարան` Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Ու իրադարձություների ընթացքը թույլ է տալիս ենթադրելու, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կբավարարի նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ Արմեն Գեւորգյանը կկալանավորվի:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
2018 թվականի օգոստոսի 3-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին: «Ես Արմեն Գեւորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը: Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել էր` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման` Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, եւ այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ եւս քննություն իրականացրեցինք, եւ վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երեւի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետեւ ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը: Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:
4 ամիս անց` նոր մեղադրանքներ
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզվում է, որ Արմեն Գեւրոգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար, ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով:
«Ժողովուրդ» օրաթերթին Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես հիշում եք, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով` Կաշառք ստանալուն օժանդակելու համար: Վարկած կա, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին: Ուստի չի բացառվում , որ հենց այս քրեական գործի շրջանակներում էլ Արմեն Գեւորգյանին կաշառք վերցնելու համար մեղադրանք են առաջադրել:
Պաշտպանը` նոր մեղադրանքների մասին
Ինչ վերաբերում է Գեւորգյանի կողմից մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեղադրանքին, ապա նախաքննական մարմինը դեռեւս պաշտոնապես մանրամասներ չի հայտնում: Գեւորգյանի փաստաբաններն էլ առանձնապես շռայլ չեն իրենց խոսքերում: Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչպես է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն օժանադակել սահմանդրական կարգի տապալմանը. «Օժանդակելը, ըստ քրեական իրավունքի տեսության, կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը: Այսինքն` անձը անմիջականորեն չի կատարում օբյեկտիվ կողմը հանցագործության, այլ ստեղծում է պայմանները այդ հանցագործության միտումը հասցնելու համար, ինչպես արդեն նշեցի, թե՛ տեղեկություն տրամադրելով, թե՛ հանցագործության գործիքները տրամադրելով»:
Մեր այն հարցին` կոնկրետ մարտի 1-ի գործով նա ինչ տեղեկություն է տրամադրել կամ ինչ խոչընդոտներ է վերացրել հանցագործության կատարման, պաշտպանը նշեց. «նախաքննության գաղտնիությունից ելնելով` նման տեղեկություն չեմ կարող հայտնել, իրավունք չունեմ, քանի որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին»:
Մեր այն դիտարկմանը` ինչո՞ւ ընտրություններից հետո Արմեն Գեւորգյանի մեղադրանքների շարքը լրացվեց, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Քանի որ վարույթն իրականացնող քննիչը չեմ եւ հետաբար չեմ կարող ասել, թե քննությունը ինչ տեսակի փաստեր եւ տվյալներ է ձեռք բերել, որոնք հիմք են ծառայել նման մեղադրանքներ առաջադրելու համար, զերծ կմնամ բարձր հայտարարություններից. մենք մեր դիրքորոշումը կհայտնենք դատական նիստը կայանալուց եւ վերջնական դատական ակտը լինելուց հետո»:
Դատավորը կաշկանդվա՞ծ է, թե՞ ոչ
Աղմկահարույց գործերը քննող դատավորները հայտնվել են խնդրի առաջ եւ իրենց վախերով կիսվում են նախաքննական մարմնի ղեկավարների հետ: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Գեւորգյանի կալանքի հարցը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե նա արդյոք կաշկանդված է եւ, առհասարակ, ում է զանգահարել գործի հետ կապված եւ իր մտավախության մասին հայտնել: Ի պատասխան մեր հարցադրումների` վերջինիս օգնական Տիգրան Դավթյանը փոխանցեց Արման Հովհաննիսյանի պատասխանները:
-Պարո՛ն Հովհաննիսյան, դուք կաշկանդվա՞ծ եք, որ քննելու եք Արմեն Գեւորգյանի խափանման միջոց կալանքի հարցը:
-Որեւէ կաշկանդվածություն չունեմ:
-Արդյոք Ձեզ զանգահարել, ասե՞լ են, թե ինչ պետք է անեք գործով:
-Որեւէ մեկից զանգ չեմ ստացել:
-Իսկ դուք զանգահարե՞լ եք:
-Որեւէ մեկին չեմ զանգահարել:
Ավելին, դատավորի օգնական Տիգրան Դավթյանը փոխանցեց, որ դատավոր Հովհաննիսյանը նաեւ հայտնեց. «Գործի ելքով պայմանավորված որեւէ ազդեցություն չի թույլատրվելու, եւ կարծում է, որ նման փորձ էլ չի լինի, եւ կայացվելու է առնվազն գոնե ինձ համար օբյեկտիվ որոշում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
10 հազար դրամի գողության համար 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի զինծառայող որդու ծառայակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` խնդրելով նրան մարդասիրություն դրսեւորել. «Գրում են մի խումբ զինծառայողներ, որոնք մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ: Վերջինիս մայրը` Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին: Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում: Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ո՛չ իր մորը, ո՛չ էլ անչափահաս քույրերին: Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»: Հիշեցնենք, որ Հ. Սարգսյանը 4 երեխաների մայր է: Նա նշել էր, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ երեխաներին կերակրելու գումար չուներ:
ՆՈՒՅՆ ՈՃՈՎ
«Յուրի Տեփանոսյանի սպանությունը հանիրավի մեղսագրվել է Սմբատ Բարսեղյանին: Նրա հայտնի լուսանկարը ֆոտոշոփ էին արել, նաեւ մյուս սպանությունը փորձում են ջարդել Արմեն Բիլյանի վրա»,-ասել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով` շատ ուշագրավ ու ցավալի է, որ հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած ակնհայտ ապօրինությունները, սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն մեղադրողներով: Վերջինս հիշեցրել է, որ մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ լինելու է ամբողջական անցումային արդարադատություն. «Մենք կաջակցենք այդ գործընթացին, որ դա տեղի ունենա: Որքան կարեւոր է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, նույնքան էլ կարեւոր է երկու ոստիկանների սպանության հանգամանքներն ամբողջությամբ շուռ տված, կեղծարարությամբ գործեր սարքած իրավապահների ու փորձագետների պատասխանատվության հարցը»,-ընդգծել է նա:
ԽՆԴԻՐՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաեւ նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ` կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի եւ բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ եւ այլն: Արձանագրվել է կենցաղային, այդ թվում` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման եւ վերանորոգման անհրաժեշտություն:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Դատարանը` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով` դատարանը մերժել է պաշտպանական կողմի` 20 միլիոն գրավով ազատելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը երեկ միջնորդություն էր ներկայացրել դատարան Գրիգորյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Երեկ Գրիգորյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել էր, եւ նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Նախօրեին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում: Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վ. Շահնազարյանն է, որը նույն օրը իրենց տանը որսորդական հրացանից կրակել է իր վրա` փորձելով ինքնասպան լինել: Ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին եւ քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները: Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է: