ԱՄՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԱՍ ՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին ողջ աշխարհին ապացուցեց կառավարման համակարագում առկա ժողովրդավարական հատկանիշը։ Դա դրսեւորվեց ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի դեմոկրատների առաջնորդների բանակցության ու, մասնավորապես, հրապարակային բանավեճի միջոցով։ Կարելի է ասել՝ ԱՄՆ-ի համակարգային ժողովրդավարությունը ցույց տվեց, թե դրա առկայությամբ որքան կենսունակ է պետությունը՝ որպես դաս լինելով մյուսների համար։

ԱՄՆ-ում կառավարող վերնախավի ներսում առաջացած խնդիրներն ու հակասությունները լուծելու հիմնական գործիքը բանակցություններն են։ Դա ընդունված ավանդույթ է՝ կոփված տարիներով ու վերածված կառավարման համակարգի առանձնահատկության։ Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների առաջնորդները մշտապես բանակցում են միմյանց հետ պետության կարեւորագույն հարցերի լուծումները գտնելու համար, ինչի օրինակ էր վերոնշյալ հանդիպումը։ Գործադիրի ղեկավարությունը բանակցում էր օրենսդիրում փաստացի ընդդիմության առաջնորդների հետ պետության տարեկան բյուջեն մշակելու ու ընդունելու համար։ Բյուջեի ֆինանսական ծախսերի հարցը ԱՄՆ-ում օրենսդիր-գործադիր հարաբերություններում մշտապես խիստ առանցքային է՝ լուրջ բանավեճեր հարուցելով։ Քանի որ բյուջեն ներկայացնում է կառավարությունը, բայց պետք է հաստատվի Կոնգրեսի մեծամասնության կողմից, հարցը քաղաքական դիվիդենտներ շահելու, միմյանցից զիջումներ կորզելու գործիք է դառնում։ Անցյալ տարի Թրամփն ու դեմոկրատները չկարողացան պայմանավորվել, ինչի արդյունքում կառավարությունը «փակվեց»: Սա ամերիկյան իրավաքաղաքական նորմ է, երբ բյուջեն չի հաստատվում, կառավարությունը հարկադրական պարապուրդի է մատնվում, այսինքն՝ բացառությամբ հիմնական պաշտոնյաներից` մնացած բոլորը չվճարվող պարապուրդի մեջ են գտնվում։ Դա ոչ միայն բացասական է ազդում մարդկանց կենսամակարդակի տեսանկյունից, այլեւ հարվածում է պետական մարմինների, արտաքին հարաբերությունների ու, կարելի է ասել, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին։ Եվ հիմնականում թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունները խուսափում են այդ քայլին գնալուց նաեւ չհարուցելու համար հանրության դժգոհությունը, քանի որ շատերի համար բնավ էլ կարեւոր չէ, թե ում մեղքով է առաջանում հարկադիր պարապուրդը։ Այդ պատճառով էլ գործը մինչ կհասնի նման զարգացման, կողմերը փոխզիջումային տարբերակ, այդուհանդերձ, գտնում են։ Այս տարի նույն խնդիրն է, սակայն Թրամփը կարծես միտք չունի նահանջելու։
Դա դրսեւորվեց վերոնշյալ բանակցությունների մեկնարկին, երբ կողմերը լրատվամիջոցների համար նախատեսված արարողակարգային մասում արդեն իսկ սկսեցին միմյանց մեղադրել բյուջեն չհաստատելու պատասխանատվության մեջ։ Զարմանալի չէ, իհարկե, որ բանավեճի հիմնական դերակատարը նախագահ Թրամփն էր, որը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, շեշտում էր, որ բյուջեում պետք է նախատեսվի Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով հսկայական պատի կառուցումը։ Դրան դեմոկրատները խիստ դեմ են եւ հրաժարվում են ներառել հարցը բյուջեում։ Ուստի եթե նախագահը բյուջեի նախագածում պահպանի պատի կառուցման պայմանը եւ այդ ձեւով դրվի քվեարկության, այն կմերժվի։
Այդուհանդերձ, իրապես գնահատելի էր, որ նախագահն ու օրենսդիրի ընդդիմության ղեկավարությունը հանրությունից չթաքցրին իրենց տարակարծություններն ու դրանք ողջ ծավալով հրապարակային դարձրին։ Ըստ էության, երկու կողմն էլ չկաշկանդվեց այդ հանգամանքից, դեռ ավելին՝ ինքնըստինքյան ստեղծված իրավիճակում անգամ փորձեցին օգուտներ քաղել։ Նման բանավեճի առկայությունն ու հատկապես դրա ոչ ձեւական, հրապարակային բնույթն ինքնին խոսում են ամերիկյան կառավարման համակարագի կենսունակության մասին։ Իսկ վերջինս ապահովված է առաջին հերթին ժողովրդավարությամբ, երբ անկաշկանդ զրույցը վերաճում է բանավեճի, ու ոչ ոքի մտքով չի անցնում վախենալ դրանից՝ նախընտրելով կուլիսային ու գիշերային թաքուն պայմանավորվածությունները։ Հայաստանում նման բանավեճեր տեղի չեն ունեցել, ուստի անհնար է ռեալ համեմատություն անցկացնել։ Դա էլ արդյունք էր այս տարիների ընթացքում անձնակենտրոն իշխանության, երբ խորհրդարանը մեկ անձի կցորդն է եղել եւ երբեւէ լուրջ ընդդիմախոսությամբ հանդես չի եկել։ Այսօր, սակայն, արդեն բոլոր պայմանները ստեղծված են, որ խորհրդարանն ու կառավարությունը ինքնադրսեւորվեն իրար հետ ունեցած տարակարծությունները բաց ասելու, հրապարակայնորեն ներկայանալու ու հանրությանը դրան անմիջական մասնակից դարձնելու միջոցով։ Ժողովրդավարական կերպարանք կրող քաղաքական համակարգի առողջությունը պայմանավորված է թափանցիկությամբ, ինչն էլ պայմանավորում է պետական ինստիտուտների ամրությունը։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ` ՆՈՐԱՍՏԵՂԾ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» նորաստեղծ ընկերությունում բողոքի ակցիա է սպասվում:

Ընկերությունը, որ Գյումիում հիմնադրվեց 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով, 700-800 աշխատատեղ էր ստեղծելու: Ընկերությանն է տրամադրվել նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները:
Ընկերության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 88 թվականի աղետի 30-րդ տարելիցի օրը, որին ներկա գտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջին տեղեկացրել էր, որ արդեն 150 աշխատակից է ընդունել աշխատանքի: Գործարարը Նիկոլ Փաշինյանի հետ եւս մեկ ընկերության հիմնարկեք կատարեց:
Սակայն նորաստեղծ ընկերությունում բողոքի ալիք է հասունանում: Աշխատակիցները բողոքում են աշխատավարձի չափից: Ըստ վերջիններիս` մեկ ամիս աշխատելուց հետո վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ վաստակած գումարը չի գերազանցում անգամ 40 հազար դրամը: «Արդեն 3 ամիս աշխատում եմ: Հենց աշխատավարձի օրը գալիս է, պարզվում է` գրեթե գումար չունենք ստանալու: 10 րոպե որ ուշանում ենք, աշխատավարձից են հետ պահում, կամ էլ կարածներս չեն հավանում ու գումար են կրճատում: Խայտառակություն է, ամբողջ օրը գործարանում ենք, բայց գումար չենք ստանում»,-ասաց բանվորներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Այս օրերին էլ, ըստ աշխատակիցների, տնօրենը պարտադրում է աշխատանքային պայմանագրեր կնքել առանց մեկնաբանելու, թե ինչքան աշխատավարձի դիմաց ինչ աշխատանք են կատարելու: Գործարանում վախի մթնոլորտ է, դա է պատճառը, որ բանվորները չեն ցանկանում ներկայանալ. «Մինիմալ աշխատավարձը 55 հազար դրամ է, պայմանագրերում նշված չէ, թե ինչքան գործի դիմաց ինչ գումար ենք ստանալու, կամ ստանալու ենք, թե ոչ: Թույլ չեն տաիս հարց տալ: Մենք հիմա օրական 65-70 բանվորական տաբատ ենք կարում: Մինչ այդ մեզ ասացին, որ օրական պետք 100-120 հատ կարենք, ինչը հնարավոր չէ, մենք ի վիճակի չենք ֆիզիկապես: Եթե մենք այդ 70 գործը անենք, արդյոք 55 հազար դրամ կստանա՞նք: Ոչ մի տեղ թիվ գրված չէ: Հիմա էլ կարող են գալ ու ասել` 12 հատը հանեցիք, կստանաք 55 հազար դրամ, պակաս եղավ, վստահ եմ գումարը կիսվելու է: Մինչ այդ ասում էին` պայմանագրերը կնայեք, ուզեցիք` կստորագրեք, չուզեցիք` չեք ստորագրի: Իսկ հիմա ասում են` ում ձեռք չի տալիս, թողեք գնացեք»-ասաց բանվորներից մեկը:
Աշխատանքային պայմանագրերում նաեւ նշված է, որ եթե պայմանագիրն աշխատակիցը խզի ժամանակից շուտ, ապա կպարտավորվի 100 հազար դրամ գումար վճարել. «Եթե մեզ ձեռք չտա, ու որոշենք չաշխատել, ո՞նց ենք այդ 100 հազար դրամը վճարելու: Ի՞նչ ստրկատիրական կարգեր են: Մեզ, այսինքն, ստիպելու են գրեթե առանց գումարի աշխատել»,-ավելացրեց բանվորը:
Ընկերության տնօրենը` շվեյցարահայ գործարար Քրիստիան Գելիջին, մեղադրանքները համարում է ոչ հիմնավորված: Ըստ վերջինիս` աշխատանքային պայմանները նորմալ են. «Ես այս գործարանները չեմ սարքել, որ ամեն մեկը գա, իր համար սարքի մի բուն ու առանց աշխատանքի ամեն ամիս փող ստանա: Ամեն մարդ պետք է գա ու իր գործը, իր վրա դրված պարտավորությունը կատարի: Մարդիկ ներկա լինելու համար չեն վարձատրվելու, մարդիկ աշխատելու համար են փող ստանալու: Եթե սաղ օրը նստի, իհարկե, փող չեմ տալու»,-ասաց գործարար Քրիստիան Գելիջին:
Այն, որ աշխատանքային պայմանագրեր են ստորագրվում, Քրիստիան Գելիջին հաստատեց, բայց այն, որ դժգոհություն կա, հերքեց. «Մեր մոտ չգրանցված աշխատողներ չկան, ես բոլորի հետ եմ պայմանագիր ստորագրում: Բայց աշխատավարձերի չափերը խիստ տարբեր են: Գործարքայինի դեպքում աշխատավարձի չափ չենք նշում: Լինում է ամիս` 100 հազար են աշխատում, լինում է ամիս` 60 հազար. ո՞նց կարող ենք աշխատավարձի չափ նշել: Առաջին 3 ամիսը մենք չենք կարող շատ գումար տալ: Մենք պատրաստ ենք սովորեցնելու, երեք ամիսը սովորեն, հետո կբարձրանա: Բանվորներ ունենք` 150 հազար դրամ փող են ստանում»,-ասաց Քրիստիան Գելիջին:
Տնօրնի հետ, սակայն, բանվորները համամիտ չեն: Եթե պայմանները չվերանայվեն, առաջիկայում բողոքի ակցիայով հանդես կգան:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Պաշտոնապես Տավուշի մարզի բնակչությունը 124 հազար է: Սակայն մարզում հաշվառված քաղաքացիներից տասնյակ հազարավորները տարիներ շարունակ բնակվում են Ռուսաստանում կամ այլ երկրներում: Մինչդեռ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընդհանուր թվով 96 ընտրական տեղամասերի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 108 հազար 773: Դրանցից քվեարկությանը մասնակցել է 57 հազար 698-ը: Քվեարկությանը մասնակցածների ցածր թիվը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք չեն բաժանել, շատերը շահագրգիռ չեն եղել ընտրություններին մասնակցելու հարցում կամ, ինչպես նախկինում էր, ընտրողներին միկոավտոբուսներով ընտրական տեղամասեր չեն տեղափոխել: Ընտրական ցուցակներում ներառվածներից շատերը վաղուց Հայաստանում չեն բնակվում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված ԱԺ պատգամավորության ռեյտինգային 2 թեկնածու կար, եւ ոսկեպարցիները դեկտեմբերի 9-ին ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին: Սակայն Ոսկեպարում ցուցակային 743 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 413 հոգի: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղում հաշվառված մոտ 300 հոգի վաղուց բնակվում են Ռուսաստանում, մեծամասամբ` Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որը ոսկեպարցիները կատակով Նոր Ոսկեպար են կոչում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս