ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԵՎ ԱՌԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանում ներկայացված Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի նմուշների հետագա ճակատագիրը հարցականի տակ է. մի կողմից առաջ է քաշվում Կապանի թանգարանի անմխիթար պայմաններն ու ցուցանմուշները Երեւան տեղափոխելու պահանջը, մյուս կողմից՝ նմուշները Կապանում թողնելու անհրաժեշտությունն ու համայնքը մշակույթի այդ օջախից չզրկելու հորդորը:

1990 թվականի սկզբին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ եւ տեղական իշխանությունների աջակցությամբ Գորիսում հիմնադրվել է էսթետիկական կենտրոնի մասնաճյուղ, որտեղ Իգիթյանը ցանկացել է ցուցադրել նաեւ Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցանմուշները: Կարճ ժամանակ անց ռազմաքաղաքական իրավիճակի սրման պատճառով Գորիսում գտնվող աշխատանքները տեղափոխվել են Կապան: Այնտեղի Պիոներ պալատի նորակառույց շենքի առաջին հարկը հատկացվել է գեղագիտության դաստիարակության կենտրոնին եւ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի նմուշներին:
Այսպիսով, թեեւ Կապանում ներկայացված Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուն երբեմն ներկայացվում է որպես Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ, սակայն դրա իրավական հիմնավորումը բացակայում է: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդին պատկանող 486 աշխատանք, որի մի մասն ունի վերականգնման կարիք, գտնվում է Կապանի թանգարանում. «Տարիներ շարունակ բարձրաձայնվել է Կապանի թանգարանի շենքի անմխիթար վիճակի մասին, սակայն մինչ օրս այդ խնդրին լուծում չի տրվել: Շենքը չունի ջեռուցման համակարգ, էլեկտրականություն, պատուհանները մասնակի կոտրված են, ուստի այն անբարենպաստ է եւ վտանգավոր թանգարանային գործունեության, բացառիկ մշակութային արժեք ունեցող գործերի պահպանման համար: 468 աշխատանքի միայն մի մասն է ցուցադրված թանգարանում: Մնացածը` հատկապես գրաֆիկական աշխատանքները, պահեստավորված են աշխատասենյակում եւ երբեւէ չեն ցուցադրվել»,-շեշտեց նա:
Տարիներ տեւած բանակցություններից հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի եւ մշակույթի նախարարի տեղակալի գրության համաձայն՝ մեկ տարի առաջ Նունե Ավետիսյանը ներակայացել է Կապան եւ փորձել վերադարձնել ցուցանմուշները Երեւան, սակայն ապարդյուն. «Տեղի իշխանությունները խոչընդոտեցին, եւ գործընթացն իրականացնել չհաջողվեց: Այնուհետեւ պարզվեց, որ կա նաեւ տարածքի սեփականության խնդիր: Թանգարանի գիտական խորհուրդը կարեւորում է թանգարանի մասնաճյուղ ունենալու հարցը, սակայն դա կարող է իրականանալ այն դեպքում, երբ հարցը կտեղափոխվի օրինական դաշտ, եւ մարզկենտրոնի ղեկավարները կլուծեն տարածքի բարելավման խնդիրը: Կապանի թանգարանի ավագ գիտաշխատողը, որը ներկայանում է որպես տնօրեն, ասում է, թե ես չեմ ուզում, որ Կապանը թանգարան ունենա, կամ ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ ունենա, բայց դա ամենեւեին այդպես չէ. իմ ցանկությունն այն է, որ ստեղծվեն նորմալ պայմաններ, եւ թանգարանի կարգավիճակի հարցը լուծվի, պայմանները համապատասխանեն թանգարանային պահանջներին: Չէ՞ որ այդ նմուշների համար, ի վերջո, ես եմ պատասխանատու: Բայց ես կողմ եմ, որ մարզերում լինեն մշակութային օջախներ»,-շեշտեց տիկին Ավետիսյանը:
Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, գեղանկարիչ Բորիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հակադարձեց տիկին Ավետիսյանին՝ նշելով, որ թանգարանի վիճակը նորմալ է, ուղղակի այն թեթեւ վերանորոգման կարիք ունի. «Եթե վիճակն այդքան վատ է, այդ ինչպե՞ս ենք այստեղ միջազգային բիենալե անցկացրել: Իսկ վերանորոգում անպայման արվելու է: Կարեւորն այն է, որ մշակույթի նախարարության ֆոնդը թողնեն Կապանին, չտանեն Երեւան: Այնինչ ամեն ինչ արվում է, որ նմուշները տեղափոխվեն մայրաքաղաք: Ինչ է, ուզում են մարզը զրկե՞լ մշակութային այս օջախից, ուր այցելում են Մեղրիից, Գորիսից, մի շարք այլ քաղաքներից եւ գյուղերից: Վերջերս ինձ կանչեցին Երեւանի քաղաքապետարանից, ասացին, որ մեր թանգարանի աշխատակիցներին այլեւս չեն կարող վարձատրել: Ես էլ դիմել եմ Կապանի քաղաքապետին. նա պատրաստ է քաղաքային բյուջեից վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Եթե կառավարությունը մարզերի զարգացման ծրագիր ունի, ուրեմն չպետք է փակի այս թանգարանը, չպետք է թույլ տա, որ նմուշները տեղափոխվեն Երեւան: Իսկ այսօր այդ վտանգը կա, բայց ոչ ոք չի կարող թանգարանի ֆոնդը մեր ձեռքից վերցնել… Միայն իմ դիակի վրայով»:
Պարզվում է՝ տարիներ շարունակ Կապանի թանգարանի աշխատակիցների հաստիքները պահվել են Երեւանի քաղաքային բյուջեի հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ թանգարանն, ըստ էության, կարգավիճակ չունի, կախված է օդից: Տիկին Ավետիսյանը վերջերս հանդիպում է ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, եւ կարծես թե խնդիրների լուծումն ընթացք է ստանում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հովսեփ Կուբաթյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց՝ որպեսզի Կապանի թանգարանը չփակվի, Կապանի քաղաքապետին առաջարկվել է ստեղծել առանձին ՀՈԱԿ, առանձին միավոր, որպեսզի աշխատակիցներն էլ ֆինանսավորվեն հենց Կապանի քաղաքապետարանի կողմից. «Թանգարանի աշխատակիցները տարիներ շարունակ ֆինանսավորվել են Երեւանի քաղաքապետարանից, որն, ըստ էության, իրավական առումով աբսուրդ որոշում է եղել: Հիմա քաղաքապետարանում իրավական գործընթացներ են տեղի ունենում, որպեսզի ամեն հարց կարգավորվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«Չելսի»-ն սկսել է փոխարինող փնտրել կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, որի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն խաղային պրակտիկայի բացակայության պատճառով իսպանացին լոնդոնյան ակումբից կարող է հեռանալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆաբրեգասին փոխարինելու թեկնածուներից մեկը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսն է, որը նույնպես խաղաժամանակ չի ստանում իր ակումբում: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը մեկ անգամ է դուրս եկել փոխարինման: Անձամբ Սուարեսը ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կիսապաշտպանի տրանսֆերը 15 մլն ֆունտ է գնահատվում, մինչդեռ «Չելսի»-ն Ֆաբրեգասին պատրաստ է վաճառել 11 մլն ֆունտի դիմաց:

 

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՅՈՎ
«Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն տուգանվել է 100 հազար եվրոյով թիմի մարզումից ուշանալու համար: Ակումբն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, որպեսզի ավելորդ աժիոտաժ չստեղծի Դեմբելեի շուրջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Տոտենհեմ»-ի հետ խաղից առաջ: Այդ խաղում, հիշեցնենք, ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել: Հիշեցնենք` Դեմբելեն քնած է մնացել եւ մոտ երկու ժամ ուշացել «Բարսելոնա»-ի մարզումից:




Լրահոս