Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ: Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ: Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում: Սա այն բանից հետո, երբ ավելի ուշ վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ պարզելու, թե իրեն ճնշել են, թե ոչ: Նա օգնականի միջոցով փոխանցել է հետեւյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որեւէ մեկի հետ դատական նիստից դուրս որեւէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որեւէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»:
ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին, ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջները. ֆինանսական պարտավորություններն ընկերության ակտիվներից շատ են: Մինչդեռ բժշկական կենտրոնը պնդում է, որ վարկեր է վերցրել ժամանակակից բուժսարքավորումներ գնելու համար: Ու հիմա այս պատմությունը գնալով նոր զարգացումներ է ստանում. ԲԿ-ին մինչեւ 2020թ. թույլ չեն տալու մասնակցել պետական գնումների գործընթացին:
Հայաստանի պետական պարտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր հետեւողականորեն նվազել, նոյեմբեր ամսվա ընթացքում, ընդհակառակը, ավելացել է: Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 724.1 մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ն այն հասել է 6 մլրդ 765.5 մլն դոլարի: Պատճառը վարկային նոր միջոցների ներգրավումն է եղել: ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 194.8 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 825.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Սակայն նկատենք, որ չնայած պետական պարտքի ավելացմանը` տարեսկզբի տվյալների համեմատ, այնուամենայնիվ, այս ցուցանիշը ցածր է. հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել ՀՀ վարչապետ, մայիսի 1-ի դրությամբ «ժառանգել էր» 6 մլրդ 867.5 մլն դոլար պարտք: Եւ, փաստորեն, այս յոթ ամիսների ընթացքում նախկին իշխանությունների թողած պետական պարտքը պակասել է էապես՝ 102 մլն դոլարով:
ԱՆԻՄԱՍՏ ՍՊԱՍՈՒՄ
Այս օրերին Հայաստանում հանրությունը շունչը պահած սպասում է ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին: Ճիշտ նույն անհամբերությամբ, ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ սպասում են՝ արդյոք ԱՄՆ նախագահն իր ելույթում կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ:
ԱԺ արտահերթ ընտրություններից հինգ օր է անցել, սակայն մինչեւ հիմա ո՛չ ՌԴ իշխանությունները, ո՛չ էլ ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից որեւէ մեկը չի շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ: Սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրությունների արդյունքներն ընդունել են բոլորը` ե՛ւ ընտրություններին մասնակից ուժերը, անգամ նրանք, որ պարտվել են, ե՛ւ ՀՀ քաղաքացին, ե՛ւ միջազգային դիտորդական կազմակերպությունները:
ՌԴ-ի, նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների շնորհավորանքի բացակայությունը դարձել է Հայաստանում ամենաքննարկվող թեման` առիթ հանդիսանալով քաղաքագիտական տարբեր վերլուծությունների:
Բայց եթե անկեղծ լինենք, ապա այս թեման շատ արհեստական է, նույնիսկ անիմաստ: Անիմաստ, որովհետեւ գերտերությունների աջակցությունը փնտրում են սեփական երկրում լեգիտիմություն չունեցող իշխանությունները (ինչպիսին ՀՀ նախկին իշխանություններն էին):
Ի վերջո, նախկինում, երբ ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, թանաքը դեռ չչորացած, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Արեւմուտքը շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, ավելի վաղ` Ռոբերտ Քոչարյանին, դրանից նրանց լեգիտիմությունն ավելացա՞վ, սեփական երկրի քաղաքացիների վերաբերմունքը լեգիտիմությունից զուրկ իշխանության նկատմամբ փոխվե՞ց: Իհարկե, ոչ: Միեւնույն է, անկախ օտարերկրյա պետությունների ղեկավարների շնորհավորական ուղերձներից` նրանք համարվում էին ոչ լեգիտիմ:
Հիմա եթե ՌԴ-ն կամ ԱՊՀ որեւէ երկիր չի շնորհավորել Փաշինյանին, պակասե՞ց նրա իշխանության լեգիտիմությունը: Իհարկե, ոչ. փաստ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ազատ եւ արդար, անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյոք շնորհավորական ուղերձների բացակայությունը նշանակում է, որ նույն ՌԴ-ն չի ճանաչելու Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակն ԱԺ ընտրություններում, չի ճանաչելու նրան՝ որպես ՀՀ իշխանություն, ու, որպես այդ ամենի հետեւանք, հրաժարվելու է նրան ընդունել միջպետական հարաբերություններում: Իհարկե, ոչ: Եւ ուրեմն այդ սպասումներն անիմաստ են, ակնկալիքները՝ ձեւական: