«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Պարո՛ն Գորգիսյան, նախ խոսենք քարոզարշավի ընթացքի մասին: Շատերը բողոքում են, ասում են` պայքարը ծրագրային չէր: Համակարծի՞ք եք:
-Մենք խոսում էինք մեր ծրագրերից եւ, հետեւաբար, չեմ կարող ասել որեւէ բան: Այդ մասին թող մյուսները մտածեն: Իհարկե, կար սեւի եւ սպիտակի բաժանումը, բայց այս անգամ դա այնքան ազդեցություն չունեցավ, ինչքան նախորդ անգամ: Այն, որ պայքարը ընթանում է նախկին եւ ներկա իշխող ուժերի միջեւ, դա ուղղակի իմիտացիա էր, որը ստեղծվել էր նախկին իշխանության կողմից: Բայց դա չէր կարող արդյունք տալ, եւ տեսանք, որ ՀՀԿ-ն ստացավ իր արժանի գնահատականը ժողովրդի կողմից:
-Արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար:
-Ընդհանուր առմամբ, այո: Պետք է հստակ արձանագրել, որ մեզ մոտ ստացվեց փակել ՀՀԿ-ի ճանապարհը դեպի Աժ: Այսինքն` եթե ԼՀԿ-ն չլիներ, ՀՀԿ-ն երրորդ տեղով կանցներ խորհրդարան:
-Քարոզաշավի ժամանակ գրեթե բոլորը քննադատում էին ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն չհայտնվեց խորհրդարանում:
-Մենք որեւէ անգամ նման կերպ չենք վարվել: Մենք միշտ խոսել ենք մեր ծրագրերից եւ հիմա մենք գնում ենք խորհրդարան` լինելու այն ընդդիմությունը, որը պաշտպանելու է ժողովրդավարան արժեքները, հանուն որի տեղի ունեցավ հեղափոխություն: Թույլ չենք տալու, որ որեւէ կետում իշխանությունը շեղվի այդ արժեքներից:
-Շատ է խոսվում այն մասին, որ պարոն Փաշինյանը աջակցել է Ձեզ, եւ դրա համար էլ հայտնվել եք խորհրդարանում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ձախողված մարդիկ միշտ փորձում են իրենց ձոխողումները արդարացնել եւ հաջողվածներին ինչ-որ պիտակներ են կպցնում: Այդպես է եղել դեռ այն ժամանակ, երբ պարոն Մարուքյանը 2012 թվականին ԱԺ մտավ: Մարդիկ չէին ուզում ընդունել, որ կարող էր այն ժամանակ Վիկտոր Դալաքյանը պարտվել Էդմոն Մարուքյանին: Նույնը եղավ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նույնը եղավ նաեւ «ԵԼՔ»-ի ժամանակ: Այդ ամենը հոգնեցուցիչ է եւ աբսուրդի է հասնում: Ինչքա՞ն կարելի է այդքան նվաստ լինել, որ չցանկանալ գիտակցել սեփական թերացումները, այլ անընդհատ հորինել ինչ-որ բաներ մյուսներին պախարակելու համար:
-Բանավեճի ժամանակ պարոն Մարուքյանի հարցը` ուղղված պարոն Ծառուկյանին, քննարկումների առիթ դարձավ: Պարոն Մարուքյանը նկատի ուներ, որ եթե ԲՀԿ-ն առաջադրված չլինի, «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ-ում երկրորդ տեղո՞ւմ կլինի:
-Խոսքը ԲՀԿ-ի առաջադրվելու մասին չէ: Խոսքը բիզնեսի ռեսուրսների մասին է: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը տարել է մի քանի հազար ձայն. սա վկայում է այն մասին, որ ԲՀԿ չեն ընտրել գաղափարի համար: Շատ են եղել տարբեր ահազանգեր, որ մի տեղ ուսման վարձ են մուծում, մի տեղ վառելափայտ են բաժանում գյուղացիներին, սպառնում են, որ գարնանը մթերում չեն իրականացնի եւ այլն: Այս տարբեր լծակները օգտագործելով եւ անչափ գումարներ ծախսելով` այդ ամենը ինչը տեղի ունեցավ: Եթե լիներ բիզնեսի տարանջատում քաղաքականությունից, բնականաբար, այլ արդյունք կունենայինք:
-Պետք է նկատել , որ ԲՀԿ-ում կան նաեւ քաղաքական դեմքեր: Եվ այս իրավիճակում նայելով ԱԺ-ում հայտնված ընդդիմությանը` ի՞նչ կասեք: Լավ ընդդիմություն ունե՞նք:
-Այո, իհարկե, կան նաեւ քաղաքական դեմքեր, բայց իրենք բավականին քիչ են: Բացի դա էլ` այդ մարդիկ ավելի քիչ ձայն են հավաքել, քան մյուսները: Պետք է նշել, որ ԲՀԿ-ն չի ասել, որ ինքը ընդդիմություն է լինելու: Պարոն Ծառուկյանը ասել է, որ իրենք չեն կարող պարոն Փաշինյանին ընդդիմություն լինել: Պետք է աջակցեն իրեն: Հետեւաբար, ընդդիմության բեռը ամբողջությամբ դրված է մեր ուսերին: Վստահ եմ` պատվով ենք դուրս գալու դրա տակից:
-Ձեր կուսակցությունում 3-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն` Վահրամ Ավագյանը, չստացավ մանդատ, որովհետեւ կուսակցությունը Արագածոտնի մարզում բավականչափ ձայն չհավաքեց: Նրան առաջարկ չի՞ լինելու ԱԺ-ում աշխատելու:
-Դա օրենքի թերություն է: Ես ցավում եմ, որ նման բան եղավ: Վահրամը շատ խոստումնալից երիտասարդ է` շատ մեծ գիտելիքների ու փորձի տեր: Ես տեսնում եմ, որ նրան շատ մեծ ապագա է սպասվում: Ցավում եմ, որ նա չանցավ ԱԺ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Ես չեմ կարծում, որ նա հիմա որեւէ այլ աշխատանքի կարիք ունի ԱԺ-ում: Նա կայացած մարդ է: Դա նույնիսկ չի էլ քննարկվել: Մենք նրան տեսնում ենք քաղաքականության մեջ: Միասին դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:
-Ունե՞նք լավ արտախորհրդարանական ընդդիմություն:
-Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին. դա անարդար կլինի մյուսների նկատմամբ, բայց պետք է նկատենք, որ ունենք բազմամյա փորձով կուսակցություններ: Հիմա մի խնդիր ունենք. հկ սեկտորի ամբողջ ներկայացուցիչների մեծ մասը գնում է ԱԺ կամ քաղաքականացված է: Այդ ամբողջ դաշտը բաց է, ինչ-որ մեկը դա պետք է լրացնի, եւ ես կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժերը շատ լավ կարող են դա անել, եթե ճիշտ աշխատեն:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՇՏ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է
Երեկ կառավարության նիստում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու շուրջ նախագծի քննարկումը բուռն անցավ եւ հանգեցրեց նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զգուշացման:
Նախ նշենք, որ երեկ քննարկված նախագծով առաջարկվում էր 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը: Սրա շուրջ բանավեճ սկսվեց, քանի որ նախագծերին կից ներկայացված էր նաեւ Համաշխարհային բանկի մտահոգությունը, եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ժամանակ խնդրեց կրկին քննարկելու համար, ինչն էլ զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի եւ պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ի՞նչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, էդ ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները էսօր մեր կոռուպցիայի, գնացե՛ք, մտե՛ք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք», – նկատեց Փաշինյանը:
Եվ փաստենք, որ իսկապես ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների օպտիմալացումը կամ փակումն առաջին անգամ չէ տեղի ունենում, եւ շատ է խոսվել այն մասին, որ այդպիսի կառույցները մեծ գումարներ են ստանում, օժտված են պետական կառավարման համակարգի նույն լծակներով, սակայն նրանց օգտակար գործողության գործակիցը զրո է: Եվ այս կառավարությունը գնում է նման անիմաստ կառույցները վերացնելու, նաեւ նախարարությունների օպտիմալացման ճանապարհով:
Սակայն կոնկրետ այս հիմնարկի պարագայում հատկապես հետաքրքիր էր Համաշխարհային բանկի նամակն ու դրա վերաբերյալ կառավարության արձագանքը: Մասնավորապես Ջանջուղազյանի կողմից ուղարկված նամակում նշվել է, թե բանկի մտահոգություններն անտեղի են, ոչ հիմնավորված, եւ մանրամասն ներկայացվել է, թե ինչու են այդպես կարծում:
«Այս իրավիճակը հիմնականում հետեւանք է նրա, որ միջազգային դոնոր կազմակերպությունները, այդ թվում ՀԲ-ն, Հայաստանում իրենց ծրագրերը չեն իրականացնում երկրի համակարգերի եւ ընթացակարգերի կիրառմամբ, այլ յուրաքանչյուր ծրագրի համար ձեւավորում են առանձին ինստիտուտներ, կարողություններ, ընթացակարգեր: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, եւ չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր եւ/կամ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ», – ասված է կառավարության պատասխանում:
Այլ կերպ ասած` այստեղ Համաշխարհային բանկը մտահոգվել է, թե ծրագրերը չեն կարող շարունակվել զուտ իրավական առումով, սակայն ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու եւ անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Շուրջ երկու տասնամյակ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ չհաղթահարեց անցողիկ 5 տոկոսի շեմը: Եւ առաջիկա հինգ տարիներին ՀՅԴ-ն ներկայացված չի լինի նոր խորհրդարանում: Սա, բնականաբար, կուսակցության ներսում քննարկումների թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ներսում ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս անգամ ստացած 49 հազար ձայները հիմնականում գոյացել են ՀՅԴ ռեյտինգային երիտասարդ թեկնածուների քվեների շնորհիվ: Այլ կերպ ասած` եկել է ՀՅԴ-ի ներսում քաղաքական սերնդափոխության ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընտրությունների արդյունքներից հետո ՀՅԴ-ում իսկապես սկսել են մտածել սերնդափոխության եւ ղեկավար կազմը փոխելու, նոր էջից արտախորհրդարանական գիծը սկսելու մասին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ավելի կոնկրետ` մինչեւ գարուն, նման փոփոխություններ դժվար թե տեղի ունենան: Վերադասավորումները ծրագրված են հաջորդ տարի նոր միայն: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՅԴ ստացած քվեների համամասնության առումով մի քանի ուշագրավ փաստ արձանագրեց. օրինակ` Արմավիրի մարզում Արծվիկ Մինասյանը նախորդ ընտրություններում ստացել էր 1761 ձայն, այս անգամ` 1499 ձայն: Մեկ այլ թեկնածու` Արամայիս Մխիթարյանը, 1200-ի փոխարեն ունի 909 ձայն: Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Խաչատրյանը նախորդ տարվա 3458 ձայների փոխարեն ստացել է 2967 քվե: ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ, օրինակ, բարձրացրել է իր քվեների չափը. նախկին 509 ձայնի փոխարեն նա այս տարի Լոռու մարզում ստացել է 868 ձայն: Նախորդ տարվա համեմատ քիչ ձայներ ունեն նաեւ Շիրակի մարզից Ռոմիկ Մանուկյանը՝ 3123-ի փոխարեն 1554: Թիվ 11 ընտրատարածքում, օրինակ, Կյուրեղյանի պես մի քանի ձայն ավել է ստացել Գագիկ Գեւորգյանը` 1771 ձայնի փոխարեն այս տարի 1798 ձայն: Իսկ ահա նախորդ տարի Տավուշի մարզում 5391 ձայն ունեցող Սուրեն Մանուկյանն այս տարի ստացել է 1374 ձայն:
ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Մինչ ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը բացակայում է երկրից, նրա ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել ՀՀ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ վերստուգման 26.11.2018թ ակտը: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը բազմիցս ստուգումներ է իրականացրել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում, անգամ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Հիմա, փաստորեն, ստուգումների արդյունքում կազմվել են ակտեր, եւ ընկերությունը փորձում է բողոքարկել դրանք: