ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԹԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում թեժ նախընտրական քարոզարշավ էր, կրքեր էին բորբոքվել նաեւ Արցախի իշխանությունների ներսում: Պատճառը ՀՀ իշխանությունների նկատմամբ նրանց հայտարարություններն էին:

Ամեն ինչ սկսվեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը ՔՊ վարչության նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հայտարարությունից, որը ոչ միանշանակ էր ընդունվել Արցախի պաշտոնյաների կողմից: Սակայն պատճառը ոչ թե Միքայելյանի հայտարարության բովանդակությունն էր, այլ այդ հայտարարությունը Արցախի իշխանությունների կողմից կոնտեքստից կտրված ընկալելը: Նրանք է՛լ չէին փորձել ամբողջությամբ լսել ելույթն ու ճշտել իրականությունը, այլ շտապել էին մեկնաբանել. արդյունքում տհաճ պատմություն ստացվեց:
Մասնավորապես, նոյեմբերի 26-ին ելույթ ունենալով Թալին եւ Գյումրի քաղաքներում` Սասուն Միքայելյանը նշել էր. «Ես ասել եմ ու մեկ անգամ եւս կասեմ` այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձեւ են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ այս հաղթանակը, մեր Արցախյան ազատամարտը այլեւս հաջողություն չէր ունենա, նաեւ վերջ կդրվեր Արցախյան հերոսամարտին»:
Այդ հայտարարությանը կոշտ արձագանքեցին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նախագահի խորհրդական Արշավիր Ղահրամանյանը: Նրանց միացավ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, բայց ոչ թե անձամբ, այլ իր մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի միջոցով: ԵՒ խոսնակը կրկին շատ կոշտ արձագանքեց՝ սոցիալական ցանցի իր էջում գրառում անելով (որը հետո հեռացրեց):
ԵՒ այս ամենը տեղի է ունեցել առանց Միքայելյանի հայտարարություններն ինքնուրույն, ամբողջական լսելու, այլ բավարարվել են միայն` կայքերում կոնտեքստից կտրված վերնագրերն ընթերցելով ու հափշտապ կարծիք հնչեցնելով:
Նույն օրն իսկ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ու բավական կոշտ՝ կոչ անելով «չոգեւորվել», այլ «հանգիստ տեղները նստել»:
Այնուհետեւ, այս պատմությունը դեռ չմարսած, Արցախի իշխանությունների կողմից սկսվեցին մեկնաբանություններ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ եւ կրկին նույն ոճով՝ առանց Փաշինյանի ելույթն ամբողջական լսելու, այլ կոնտեքստից կտրված հատվածների վերաբերյալ դատողություններ անելով: Բանն այն է, որ Ալավերդիում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս Փաշինյանը նշել էր. «Ես Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է ազգային բանակում, այլեւ ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ …Նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ, ընդհանրապես, բանակում չեն ծառայել։ Էս իրանք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ հանձնո՞ղն ենք»,- նշել էր Փաշինյանը: Այսինքն՝ նա խոսել էր ոչ թե Ղարաբաղի, այլ ղարաբաղցի ղեկավարների մասին (հավանաբար նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀ-ում ղարաբաղցի այլ պաշտոնյաների):
Արդեն այս հայտարարությանը հետեւեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի դիտարկումը, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: «Օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- ասել էր նա:
Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ Փաշինյանն իր հերթին շատ կոշտ արձագանքեց` հորդորելով Արցախի նախագահին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:
Նկատենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մինչ այդ նման միջադեպ, նման կոշտ հայտարարություններ Արցախին ու Արցախից՝ ուղղված ՀՀ պաշտոնյաներին, չէին եղել:
Տեղի ունեցածը թեժ քննարկումների առիթ է հանդիսացել նախ եւ առաջ Արցախի իշխանական շրջանակների ներսում: Արդեն տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, եւ իսկապես երկու երկրների միջեւ լարվածությունը մեծանում է` Արցախի իշխանությունները քննարկել են ստեղծված իրավիճակը, փորձել են լուծումներ գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի իշխանության ներսում երկու տեսակետ է եղել: Մի մասը կարծել է, թե հաշտության առաջին քայլը պետք է անի Հայաստանը, որ իրենք պետք է կոշտ մոտեցում ցուցաբերեն (պատահական չէ, որ երբեմն մասնավոր զրույցներում արցախցի պաշտոնյաներն ասում են, թե Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ իրենց շնորհիվ՝ Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղյան պատերազմի արդյունքում):
Իսկ երկրորդ տեսակետի կողմնակիցներն էլ համառորեն պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն եւ, ամենակարեւորը, իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Եվ այդ քննարկումներում հաղթել են Հայաստանի հետ հաշտության գնալու տեսակետ ունեցողները: Մեր տեղեկություններով` մինչ ՀՀԿ-ից շատերը նախընտրական քարոզարշավի օրերին փորձում էին շահարկել այդ միջադեպը` Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ընդհուպ մինչեւ ղարաբաղատյացության մեջ, նախկին իշխանավորներից եղել են մարդիկ, ովքեր փորձել են հարթել իրավիճակը, զրուցել Արցախի ղեկավարության հետ` կոչ անելով ընդունել սխալն ու հաշտության գալ:
Մյուս կողմից խնդիր է ծագել, թե ով պետք է հաշտեցնի կողմերին: Արցախի իշխանությունները իրենց ներսում չեն գտել մի այնպիսի անձնավորության, որ կարող էր երկուստեք ընդունելի լինել թե՛ Փաշինյանի, թե՛ Արցախի համար: Այդպիսի մարդ կարող էր լինել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, սակայն երբ վերջինս Փաշինյանի իշխանությանն աջակցող կոչեր էր հնչեցրել, դա Ստեփանակերտում դուր չէր եկել շատերին: Եվ որպես երկուստեք ընկալելի անձնավորություն, որը կարող էր Փաշինյանի թիմի հետ խոսել, մշտապես եղել է Սասուն Միքայելյանը, սակայն արցախցի մի շարք պաշտոնյաների հայտնի սխալի պատճառով նրան եւս չեն դիմել:
Եվ երկարատեւ քննարկումներից հետո որոշվել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն անձամբ գա Հայաստան: Ու երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպում:
Եվ վերջապես, ամենայն հավանականությամբ, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղահրամանյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Հաշվի առնելով Մնացականյանի անձը, զբաղեցրած պաշտոնը` նրան ոչ թե սոսկ պաշտոնանկ կանեն, այլ Հայաստանում ուրիշ աշխատանքի կնշանակեն: Թե ով է ղեկավարելու Արցախի ՊՆ-ն, դեռ հայտնի չէ:
Միաժամանակ, ըստ մեր աղբյուրների` փորձում են հարմար առիթ գտնել, որպեսզի Սասուն Միքայելյանն այցելի Ղարաբաղ եւ տեղում հաշտվեն: Եվ չի բացառվում նաեւ, որ դա լինի Ամանորին` պատգամավորի` դիրքեր այցելելու անվան տակ, կամ շատ մոտ ապագայում որեւէ այլ միջոցառման շրջանակներում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀԾԿՀ-ն համաձայնություն է տալու «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միակ բաժնետերին՝ Կիպրոսում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՄՏՍ Հայաստան» ընկերությանն օտարելուն: Նշենք, որ 2007 թ., երբ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարտ» ընկերության տնօրենն էր, Հայաստանում հիմնվեց հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ՋիԷնՍի-ալֆա»-ն, որն ավելի ուշ՝ 2012 թվականից, դարձավ ռուսական հայտնի «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Ասում են՝ Կարապետյանի միջամտությամբ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ ընկերությունը պատկանում է հենց Կարապետյանին: Իսկ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նրա ընկերն էր՝ Վահան Մարտիրոսյանը, որը հետո Կարապետյանի կառավարությունում նշանակվեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

 

 

 

ԴԵՌ ԿՈՐՈՇԵՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 2-ի որոշումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք` Հարությունյանը մեղադրվում է մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ արդյոք իրենք Վճռաբեկ դատարանում կբողոքարկե՞ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ վերաքննիչ դատարանի որոշումն իրենք դեռ չեն ստացել, կստանան, կուսումնասիրեն, ըստ դրա՝ կորոշեն բողոք ներկայացնել, թե ոչ:

 

 

 

ՆԵՂԱՑԱԾ ՉԷ
Առաջիկայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում կնշանակվի Արման Հովակիմյանը՝ ներկայիս տնօրենի ԺՊ-ն: Վերջինս, ըստ լուրերի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Մրցույթին դիմել էր 6 անձ, բայց մասնակցել եւ հաղթահարել են 3-ը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր նաեւ առողջապահության փոխնախարարի ԺՊ Սերգեյ Խաչատրյանը: Բայց նախարարն իր տեղակալի փոխարեն տնօրեն է նշանակել Արման Հովակիմյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե նեղացած չէ այդ որոշումից: «Ամեն ինչ շատ լավ է, իմ տրամադրությունը շատ բարձր է, ես ոչ ոքից չեմ նեղացել, առիթ էլ չկա նեղանալու: Դիմելու ժամանակ մտածում էի, որ իմ ներուժը, կարողությունը, այսքան տարիների փորձը, արտերկրի առաջավոր կլինիկաների հետ շփումները կարող են օգուտ բերել այդ հիվանդանոցին: Բայց…»: Արդյոք կմնա փոխնախարարի պաշտոնին, թե ոչ, Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Տեղեր կան, որտեղ կարող եմ աշխատել. առանց գործ չեմ մնա հաստատ»:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին: «Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է, ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են»,- ասել է Ն. Փաշինյանը: Նա ընդգծել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել արդիականացնել ռազմաարդյունաբերական համալիրը: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ ՀՀ-ն տեխնոլոգիական եւ ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում: Ասել եմ, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ միջոցների ներդրման մասին է»,- ասել է նա:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍՕՐ
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի Արտգործնախարարության բազմակողմ եւ երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Նշենք, որ ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 14-ին: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ տնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի հարցեր: ՍՏՀԿ կազմի մեջ մտնում է 12 երկիր` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Կազմակերպությունում մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ դիտորդի կարգավիճակ ունեն:




Լրահոս