«Ժողովուրդ» օրաթերթի նախաամանորյա հարցերին պատասխանել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Նա խոսել է տոնի հետ կապված իր ասոցիացիաների, 2018-ի ամենամեծ ձեռքբերման, Ամանորը նշելու իր նախընտրելի տարբերակի եւ այլ թեմաների շուրջ:
-Հասմի՛կ, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Այն, որ ընտանյոք հանդերձ կրկին բնակվում եմ Հայաստանում: Մինչ այդ վեց ամիս ապրեցի Կանադայում: Իհարկե, որպես քաղաքացի, ինձ համար մեծ ձեռքբերում էր նաեւ թավշյա հեղափոխությունը: Ժողովրդի ձայնն այս անգամ որոշիչ եղավ:
-Իսկ ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել:
-Այս տարի պլանավորում էի հավաքել եւ ունենալ իմ անձնական բենդը, անհատական ծրագրով հանդես գալ Երեւանի տարբեր ակումբներում եւ փաբերում, բայց դուստրս դեռ փոքր է, ինձ հետ շատ կապված է եւ թույլ չտվեց, որ այդ ծրագիրն իրականացնեմ: Երեւի մյուս տարի արդեն կհաջողվի դա անել:
-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը:
-Երբ դեկտեմբերի 31-ի գիշերը ղողանջում են զանգերը, միանշանակ, այդ պահը գերադասում եմ նշել ընտանիքիս հետ տանը: Հետո արդեն կարելի է գնալ ինչ-որ ռեստորան, ակումբ, որովհետեւ քաղաքի ընդհանուր տրամադրությունն այդ ժամանակ շատ լավն է լինում:
-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում:
-Արդեն չեմ սիրում, երբ Ամանորին տնետուն են գնում, նույն մարդիկ իրար այցելում են, նույն քաղցրեղենն են տանում, հետո քո տարած քաղցրը բումերանգի պես վերադառնում է քեզ (ծիծաղում է): Դա արդեն ինձ ձանձրալի է թվում: Թեպետ ժամանակին բավական ընդունելի ձեւ էր:
-Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Մանդարինի բույրի եւ ընդեղենի: Բնականաբար, այնպես չէ, որ միայն տոն օրերին ես այդ ամենն ուտում, բայց հետաքրքիր է, որ ասոցիացիան այդպիսին է: Իսկ մանուկ հասակում Ամանորն ասոցացնում էի տոնածառի, փայլերի հետ:
-Ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը:
-Երբ Կանադայից հետեւում էի թավշյա հեղափոխության ընթացքին: Ցավոք, դա միայն օնլայն էր հնարավոր անել, բայց այն հոգու թրթիռը, հուզմունքը, որ ապրեցի, պարզապես անմոռանալի էր: Տարիներ շարունակ նման սուր զգացողություններ չէի ունեցել: Այդ ժամանակ առաջին անգամ գիտակցեցի, թե որքան հայրենասեր եմ: Իսկապես պատմական պահ էր:
-Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է:
-Այն պահը, երբ մեր տուն եկավ Ձմեռ պապիկ: Միայն մուլտֆիլմերում ու ֆիլմերում էի տեսել: Հիշում եմ, որ ուշադիր նայում էի նրա բեղերին, հագուստին, հատկապես գլխարկին: Փորձում էի հասկանալ՝ իրական էր, թե ոչ: Կարեւորն այն է, որ հավատացի՝ իրական էր:
-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը:
-Փառք տիրոջ, կորուստներ չեն եղել: Երեւի միայն այն կառանձնացնեմ, որ եւս մեկ տարի երգարվեստով չզբաղվեցի, պասիվ էի: Ինչ վերաբերում է Հայաստանին, բնական է, որ հեղափոխությունից հետո կլինի անկումի շրջան, նորմալ է, որ ինչ-ինչ բաներ ձեռք բերելու համար որոշ բաներ էլ կորցրել ենք: Հույս ունեմ, որ դրանք մեծ կորուստներ չեն եղել:
-Ձեր դուստրը՝ Տաթեւը, արդեն տարբերու՞մ է տոն օրերը, գիտակցու՞մ է, թե ինչ է կատարվում իր շուրջը:
-Կարծում եմ՝ դրա համար մի քիչ վաղ է, բայց հիշում եմ, որ երբ Կանադայում էինք, պապիկը բերեց, զարդարեց տունը, եւ ինքը շատ բուռն արձագանքեց այդ ամենին, զգաց, որ մթնոլորտ փոխվեց: Ի դեպ, նա քաջ գիտակցում է տարեդարձների օրերը:
-Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում:
-Նրբաբլիթները: Մայրիկս ամեն տարի պատրաստում է: Բացի այդ՝ ինձ առանձնապես գրավում է սեղանի առատությունը, այն հանգամանքը, որ պատրաստել պետք չէ (ծիծաղում է):
-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:
-Ոչ, փոխարենը դպրոցական տարիներին գրում էի մի տղայի, որին սիրահարված էի: Նա չգիտեր այդ մասին: Իհարկե, նամակները երբեք տեղ չէին հասնում (ծիծաղում է):
-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Առաջին հերթին՝ խաղաղություն ողջ աշխարհին, իսկ անձամբ ինձ համար՝ առողջություն դստերս: Ուզում եմ միշտ հպարտանալ նրանով:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱԼՆ ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՈՐԾ Է»
«Եթե կարողացար փոքրիկներին համոզել, որ հրաշքներին հավատան, ուրեմն աշխատանքդ հաջողվել է: Չէ՞ որ նրանք շատ շուտ են զգում կեղծը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վարուժան Մանուկյանը:
Ներկայացման պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այն բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մոտիվներով: Բեմադրիչը Գոհար Փոքրիկյանն է: Վարուժան Մանուկյանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում շատ կարեւոր է, որ երեխաները չկտրվեն կենդանի շփման հնարավորությունից. «Երեխաներին պետք է տանել հոգեւորի աշխարհ, իսկ վայրկյաններ տեւող տարբեր հնարքներով նրան զարմացնելն այսօր բավական դյուրին է: Ներկայացումից հետո երեխան պետք է «նստվածքով» գնա տուն. դա է կարեւորը»,-շեշտեց նա: Դերասանի համոզմամբ՝ երեխաների համար խաղալը ավելի պատասխանատու գործ է. պետք է կարողանալ ստանալ ե՛ւ գունեղ, գրավիչ, ե՛ւ միաժամանակ ասելիքով բեմադրություն:
Ներկայացման երգերը գրել է Արգինա Հարությունյանը: Սա նրա երկրորդ մանկական թատերական աշխատանքն է: Երգերի տեքստի հեղինակը մանկագիր Երազիկ Գրիգորյանն է. «Նրա հետ վաղուց եմ համագործակցում, իմ տասնյակ մանկական երգերի եւ խմբերգերի տեքստերի հեղինակն է: Պարոնյան թատրոնում մեծ ոգեւորությամբ աշխատեցի: Նախ որովհետեւ Գոհարի ստեղծագործական միտքը ընկալում եմ շատ արագ, եւ կարծում եմ՝ ստացվում է այն, ինչ մենք պահանջում ենք ինքներս մեզնից ու իրարից: Նաեւ ներկայացման դերասանները վաստակավոր արտիստներ են, հարուստ փորձով, շատ հետաքրքիր ու հայտնի մարդիկ են: Կենդանիների դերում նրանք մեծ բացահայտում եղան ինձ համար: Փորձերին հաճախ դուրս եմ գալիս դահլիճից, որովհետեւ չեմ կարողանում զսպել ծիծաղս: Մի խոսքով՝ լավ մտահղացման ու լավ համագործակցության արդյունք է այս ներկայացումը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ