ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա ասուլիսի ժամանակ բավական անկեղծացել է` բացահայտելով մի քանի ուշագրավ փաստ: Նա խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Միաժամանակ Լուկաշենկոն արդարացել է, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում: Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը նաեւ այս հարցում էր մեղադրել Բելառուսին՝ պահանջելով պարզաբանումներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իր դաշնակցի հակառակորդին զենք է վաճառում: Լուկաշենկոն արդարացել է, թե այդ քայլին գնացել են իրենց վարկը փակելու համար, ավելին՝ նման զենք առաջարկել են ՀՀ-ին, բայց պաշտոնական Երեւանը մերժել է, եւ վերջապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում առաջինը ՌԴ-ն է, այլ ոչ թե իրենք:
Իրադարձությունների նման շրջադարձը թերեւս ուշագրավ է, եւ կարելի է աննախադեպ երեւույթ համարել: Վերջին քսան տարում դժվար է հիշել մի դեպք, երբ որեւէ պետության ղեկավար Հայաստանի նկատմամբ սխալ պահվածք ցուցաբերելուց հետո ներողություն խնդրեր, հետո այդ մասին բարձրաձայներ լրատվամիջոցներով: Ընդհակառակը, նախկինում տարբեր առիթներով ականատես ենք եղել, թե ինչպես ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրների ղեկավարները հրապարակայնորեն անհարմար դրության մեջ էին դնում Սերժ Սարգսյանին, իսկ նա էլ ամեն ինչ «կուլ էր տալիս»: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանն էլ պետք է զգուշավորություն ցուցաբերի եւ միջազգային գործընկերների հետ կտրուկ չխոսի: Պարզվեց՝ Փաշինյանի գործելաոճը լավ էլ արդարացնում է իրեն. ի վերջո, միջազգային հանրությունը հաշվի է նստում այն անձանց հետ, որոնք արժանապատվություն ունեն, կարող են հետամուտ առաջ տանել իրենց երկրի շահը, այլ ոչ թե կուլ տալ վիրավորանքները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը: Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձեւը»: Միաժամանակ, նկատենք, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր եւ այլն: Նշենք, որ միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար:

 

 

 

Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի Սամոն: Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին: Ու հավանական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լինի Կարապետյանին եւս հարցաքննել: Մինչ այդ նկատենք` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ու ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին ու Գագիկ Կարապետյանին: Եւ ահա մեզ երեկ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ երեկ մի քանի ուշագրավ հայտարարություններ հնչեցին: Նախ` Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ աշխատանքային այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Լավրովն ասել է, թե ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եւ գտնել արդյունավետ լուծում: «Ռուսաստանը` որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մտերիմ գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Լավրովը` հավելելով, որ հանդիպումները, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների միջեւ, կայացել են մինչեւ ՀՀ-ում անցած խորհրդարանական ընտրությունները: Ըստ Լավրովի` այսօր, երբ այդ ընտրություններն արդեն անցել են, եւ Հայաստանում ձեւավորվելու է նոր կառավարություն, հայկական կողմը պատրաստ կլինի վերականգնել բանակցային գործընթացը: «Մենք, իհարկե, չենք ձգտելու խնդրի կարգավորման սկզբունքային նոր որոշումների։ Կարգավորման հիմքերը հասկանալի են, բայց կփորձենք գտնել նոր, կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձեւակերպել կոնսենսուսը»,- նշել է նա: Կարծես որպես այս խոսքերի արձագանք` Ղարաբաղյան խնդրին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է լինել գլխավոր առաջնահերթություն։ Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության։ Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:
ՌԴ ԱԳ նախարարի եւ ՀՀ վարչապետի միջեւ այս հեռակա երկխոսությունն ուշագրավ է: Այսպիսով, ՌԴ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, իր վրա պատասխանատվություն է վերցնում Ադրբեջանի անունից հայտարարելու բանակցությունները վերսկսելու եւ արդյունավետ լուծում գտնելու պատրաստակամության մասին: Ընդ որում, ՌԴ-ն միաժամանակ շեշտում է, որ արդեն ավարտվել են ՀՀ ԱԺ ընտրությունները, ձեւավորվել է նոր իշխանությունը, ըստ այդմ՝ կրկին ժամանակն է վերադառնալու բանակցային սեղան: Եւ սրան անմիջապես հաջորդում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, երբ, արձանագրելով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը` որպես ՀՀ գլխավոր առաջնահերթություն, շեշտում է՝ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը: Այսինքն՝ ՀՀ-ն պատրաստ է այդ գործընթացին, ու նույնն ակնկալում է Ադրբեջանից:
Փաստորեն նախընտրական գործընթացներն այլեւս անցյալում են, եւ եկել է ռեալ աշխատելու ժամանակը, աշխատելու նաեւ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:




Լրահոս