Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է դեղերի մանրա-մեծածախ գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:
Վարչական իրավախախտումները նախականխելու և ազգաբնակչության առողջության պահպանման նկատառումներից ելնելով, լինել զգոն՝ դեղեր ներմուծող անհայտ կազմակերպություներից դեղեր ձեռք բերելիս (նույնիսկ հաշիվ ապրանքագրի տրամադրման և դեղերի դրոշմապիտակավորված լինելու պարագայում) պահանջել տվյալ դեղի ներմուծման հավաստագրի պատճենը (դեղի ներմուծողը տեսանելի է բջջային հեռախոսի «Tax stamp» հավելվածով):
Խոսքը վերաբերում է, հատկապես «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղ (ՀՎՀՀ` 00906807) կազմակերպությանը, որը առանց առողջապահության նախարարության կողմից ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալու և դեղի որակը փորձաքննության ենթարկելու ՀՀ տարածք է ներմուծել (հայտնաբերված նմուշի դրոշմապիտակի սերիա՝ թիվ Ե0558737769) և իրացրել «Միլդրոնատ 100մգ/5մլ N10» (սերիա` 32810418, պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղը, խախտելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581 «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք կետեր։
Առանց առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերոնշյալ ներմուծված և շրջանառվող դեղի սերիան, համաձայն փորձագիտական եզրակացության, գրանցված չէ ՀՀ-ում՝ պիտանիության ժամկետի, դեղի մարդու օրգանիզմ ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով:
Հաշվի առնելով ազգաբնակչությանը որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման անհրաժեշտությունը, Տեսչական մարմինը դիմել է նաև առողջապահության նախարարությանը առանց ներմուծման (համապատասխանության) հավաստագրի ներմուծված վերոնշյալ դեղի նշված սերիայի շրջանառության դադարեցման և դեղի շուկայից հետկանչ կազմակերպելու մասին հրաման ընդունելու և հանրությանը իրազեկելու նպատակով։