ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր ձեւավորվող խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր: Եվ, բնականաբար, սա իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի: Միայն վեցերորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած` այս անգամ պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու, իսկ նախորդ՝ հինգերորդ գումարման խորհրդարանից էլ միայն մեկով ավել: Այնուամենայնիվ, պատգամավորների թվի ավելացումն իր հետ բերում է նաեւ ծախսերի աճ:

Նախ հիշեցնենք, որ Ազգային ժողովի շարքային պատգամավորների աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, հանձնաժողովի նախագահները ստանում են 730 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալներինը` 693 հազար դրամ: Ընդգծենք, որ 2018 թվականի պետական բյուջեի տվյալներով` ԱԺ պահպանման ծախսերի համար հատկացված է եղել 4 մլրդ 645 մլն 204 հազար 500 դրամ, որից 3 մլրդ 632 մլն 45 հազար 700 դրամը չոր աշխատավարձն է: Եվ հետաքրքիր է, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ թիվը մի փոքր ավելացել է` դառնալով 4 մլրդ 968 մլն 459 հազար 400 դրամ:
Հիմա ստացվում է, որ 27 պատգամավորի համար եւս պետք է աշխատավարձ հատկացվի, պատգամավորական վճար տրվի, օգնականի աշխատավարձ` 198 հազար 500 դրամ (խոսքը կեղտոտ աշխատավարձի մասին է), գործուղումների ծախսեր եւ, եթե լինեն պատգամավորներ, ովքեր պետք է Երեւանում վարձով բնակվեն, ապա լրացուցիչ կստանան նաեւ վարձավճարի կեսով չափ գումար՝ մինչեւ 100 հազար դրամի սահմաններում: Էլ չենք ասում գրասենյակային ծախսերը՝ ծառայողական հեռախոսի վարձավճար, էլեկտրաէներգիայի ծախս, գրենական պիտույքներ (իսկ թղթի եւ տպիչների թանաքի ծախսը շատ-շատ մեծ է): Այսպես, ընդհանուր առմամբ, 300-400 մլն դրամից ավել գումարի մասին է խոսքը, որի մեջ մտնում են միայն պատգամավորների եւ նրանց օգնականների աշխատավարձերը: Իհարկե չմոռանանք գործուղումների մասին, որոնք եւս մեծ ծախսեր են` յուրաքանչյուրի համար ամենաքիչը 2000-2500 դոլարի սահմաններում:
Իհարկե, բացի պատգամավորների թվի եւ ծախսերի աճից հնարավոր են փոփոխություններ նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքի պարագայում:
ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն էլ` բոլոր պատգամավորները պետք է ներկայացված լինեն մշտական հանձնաժողովներում, իսկ ԱԺ ղեկավար կազմի եւ խմբակցությունների ղեկավարների պարագայում պարտադիր նորմը չի գործում:
Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր եւ 12-ից դարձել 9-ը: Այդ հանձնաժողովներից 6-ի նախագահությունը բաժին էր ընկել ՀՀԿ-ին, 3-ը` ԲՀԿ-ին: Ընդ որում, հանձնաժողովները տրվում են Դոնթի բանաձեւի սկզբունքով, եւ ստրատեգիական ու կարեւոր նշանակություն ունեցող հանձնաժողովները միշտ մնում են իշխող ուժի մոտ:
Եվ եթե գործի նախորդ տրամաբանությունը, ապա հանձնաժողովների թիվը պետք է ավելացվի: Բանն այն է, որ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստում Հրայր Թովմասյանը նշել էր, թե ՀՀԿ-ի առաջարկով մինչ օրս գործող հանձնաժողովների թիվը պետք է կրճատել, քանի որ պատգամավորների թիվը 131-ից կրճատվել եւ դարձել է 105, եւ որոշում է կայացվել միավորել հանձնաժողովները, եւ արդյունքում ստացվեց 9-ը: Հիմա նույն տրամաբանությունից ելնելով էլ` դրանք կարող են առանձնացնել կամ 1-2-ով ավելացնել, քանի որ ավելացել է նաեւ պատգամավորների քանակը:
Այն ժամանակ հանձնաժողովների թվի նման կրճատման մեջ «Ելք» խմբակցությունը միտում էր տեսնում, քանի որ 10 հանձնաժողովի պարագայում, Դոնթի բանաձեւի համաձայն, մեկ հանձնաժողով կտրվեր նաեւ «Ելք» խմբակցությանը, իսկ 9-ի պարագայում նույն մեխանիզմով հաշվարկի արդյունքում 6 հանձնաժողով ստացավ ՀՀԿ-ն, երեքն էլ` «Ծառուկյան» դաշինքը: Այսինքն` 10-ի դեպքում այդ մեկը կտրվեր հենց «Ելք»-ին: Եվ տարբեր հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար տարեկան 70-ից 80 մլն դրամ ծախս է լինելու պետական բյուջեից:
Նշենք, որ նույն Դոնթի բանաձեւով են հաշվարկվում եւ առաջադրվում նաեւ հանձնաժողովների նախագահների տեղակալները, ինչպես եվրոպական բոլոր խորհրդարանական կառույցների, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրահանձնաժողովի ղեկավար կազմերը:
Եվ այս իրավիճակում, եթե հանձնաժողովների թիվը չփոխվի, ապա կգործի նույն սկզբունքը. «Իմ քայլը» դաշինքը կստանա 6 հանձնաժողով, ԲՀԿ-ն` 3: Եթե, այնուամենայնիվ, 1 հանձնաժողով ավելանա, ապա այն բաժին կհասնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
Եվ մինչ ԿԸՀ-ն կբաշխի մանդատները, արդեն մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ով որ հանձնաժողովը կարող է ղեկավարել: Օրինակ` աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը կղեկավարի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հովհաննես Իգիթյանը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էլ կլինի Անդրանիկ Քոչարյանը, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կլինի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ չի բավարարել ՀՀ Քրեական օրենսգրքի չորս ծանր հոդվածներով, այդ թվում՝ 2008թ. սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը: Գեւորգյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասել է. «Ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ»: Գեւորգյանի խոսքով` իրենք շարունակելու են ներկայացնել փաստարկներ՝ «հիմնավորելով մեր անմեղությունը եւ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»: Իսկ հարցին, թե Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ ի՞նչ առնչություն ունի, Գեւորգյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի:
Մինչ այդ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտել` արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի այս որոշումը: Սակայն դատախազության հանրային կապերի վարչությունից տեղեկացրին, որ իրենք դեռ չեն ստացել դատարանի որոշումը: «Որոշումը կստանանք, կքննարկենք, ըստ այդմ՝ կորոշենք»,- եղավ պատասխանը:

 

 

ԿԿԱՐՃԵ՞Ն
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վերնիսաժի կրակոցների գործով մահացած Ռաֆիկ Խաչատրյանի հարազատներից մեկին օրերս հրավիրել են դատարան՝ պարզելու համար, թե արդյոք մեղադրյալի հարազատները ցանկանում են` մահից հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվի՞, թե՞ ոչ: Այս հանգամանքը պարզելուց հետո հստակ կդառնա կոնկրետ նրան վերաբերվող դրվագի մասով գործի հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով նրա ընկերը սպանվեց: Ռաֆիկ Խաչատրյանը կալանքի տակ էր, իսկ մյուս մեղադրյալներին հայտնաբերել են Վրաստանում ու առ այսօր չեն կարող տեղափոխել Երեւան:

 

 

ՄՏԱՀՈԳՈՂ
Հայաստանում ուղեւորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են: Նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զգալի նվազել է տաքսիների ուղեւորափոխադրումները` 9.5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը ավելի քան 10 հազարով պակասել է: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

 

 

 

ԱՆԿԵՂԾ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա լրագրողներին պատմել է, որ երկար եւ հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ: Ռուսաստանն էլ` որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մտերիմ գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար` փորձելով գտնել կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ստեղծել հիմք խնդիրը կարգավորելու համար, ասել է նա` հույս հայտնելով, որ հայկական կողմը կառավարությունը ձեւավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիտցենբերգերի հետ մի շարք հարցերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանի կողմից խաղաղությանը սպառնալիքների վերացման հարցերով: Մենենդեսը աջակցություն է հայտնել երկու թեկնածուներին, սակայն հայտնել է նաեւ նրանց աշխատանքներից ունեցած սպասելիքների մասին: «Ես սատարում եմ նրանց թեկնածությունը, սակայն ակնկալում եմ սերտ համագործակցել տիկին Թրեյսիի հետ այն հարցերում, որտեղ նա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ ջանքերին»,-հայտարարել է Մենենդեսը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասով էլ Մենենդեսը շեշտել է, որ հույս ունի երկխոսություն վարել նրա հետ, որ վերջինս համոզի Ադրբեջանին հրաժարվել սպառնալիքներից:

 

 

ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԵՐԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: «Հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, եւ նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ»,- ասել է նա՝ հավելելով,- «Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է»:




Լրահոս