ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻ ՏԵՂԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սպասում է նորընտիր Ազգային ժողովի նիստին, երբ դադարեն այժմ գործող խորհրդարանի լիազորություններն, ու ՀՀԿ խմբակցությունից Արամ Հարությունյանն էլ պատգամավոր չլինի, որից հետո նոր նրան ձերբակալեն: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով կալանավորված, ինչպես նաեւ հետախուզվող անձի մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Մինչ այդ հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ամիսներ անց մեր տեղեկությունները հաստատվեցին:
Այսպիսով, իրավապահները պարզել են, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքի երեւակումների ուսումնասիրության եւ շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար Ս. Հ.-ից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6 մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչեւ նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել եւ միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով` դարձյալ միջնորդավորված եղանակով:
Այնուհետեւ Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշիվներով փոխանցումներ ապահովելու եղանակով նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն` առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:
Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական գործից: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ նրա անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Նախաքննական մարմինը արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե ինչպես է Գագիկ Կարապետյանը հայտնվել այս պատմության մեջ: Մասնավորապես, գործով ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել է կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով: Եվ ահա այս փաստերի հիման վրա իրավապահները կալանավորել են Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, իսկ Գագիկ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, սակայն վերջինիս եւս հայտնաբերել են ու ձերբակալել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՌՆԱԿ ՆԵՏԱԾԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձը ազատ է արձակվել:
Հիշեցնենք` 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին` ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ: Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում օրենքով սահմանված կարգով ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում` «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին: Թիվ 34 եզրակացության համաձայն` «մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ. ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան: Եվ ահա շուրջ երկու տարի է, ինչ Հովհաննես Մուրադյանը հարկադիր բուժում է ստանում հոգեբուժարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ նա մշտապես դիմում էր հանձնաժողովին` հայտնելով, որ ինքը առողջացել է, սակայն ազատ չէին արձակում, քանի որ բժիշկները գտնում էին՝ նրա առողջական վիճակը կարգավորված չէ: Եւ ահա օրերս հանձնաժողովը արձանագրել է, որ նրա առողջական վիճակը կարգավորվել է, եւ նրան ազատ են արձակել, ու նրա նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցը վերացվել է օրենքով սահմանված կարգով»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՐՅՈՒԴՈՆ ԷՐ ԶԱՆԳԵԼ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել, որ դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար եւ կարեւորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը: «Այժմ է՛լ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, եւ ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը եւ անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում, եւ իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար` ազատվելով ԱՀ ՊԲ N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից: Նախագահի հրամանագրով` գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՊԲN 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ` ազատվելով ԱՀ ՊԲ N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից: Կարեն Սարգսյանն ազատվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ հրամանագրով` Կարեն Սարգսյանը նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ` հատուկ հանձնարարությունների գծով:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ա. Թաթոյանի խոսքով` առանձնազրույցի արդյունքներով գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ արդարադատության նախարարություն: «Մանվել Գրիգորյանին մեր աշխատակիցները, այդ թվում` բժիշկը, պարբերաբար այցելում են: Վերջին անգամ ես եմ այցելել, առանձնազրույց եմ ունեցել, երեւի մեկ շաբաթ կամ 10 օր առաջ»,-ասել է Ա. Թաթոյանը: Վերջինիս խոսքով` բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. «Մենք ամենօրյա կապի մեջ ենք փաստաբանների հետ, մենք մեր գրությամբ բացահայտել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-ասել է նա:




Լրահոս