
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության` 2019 թվականի առաջին նիստը: Այն վարել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սակայն այս կազմով գործադիրը նիստ էր անցկացնում վերջին անգամ, քանի որ երեք ներկայացուցիչներ այսօրվանից արդեն կշարունակեն իրենց աշխատանքը որպես պատգամավոր:


Դեպի խորհրդարան գնացողներին կառավարության մյուս անդամները ճանապարհեցին ծափերով, իսկ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նկատեց: «Ոչ այնքան որպես պարտավորություն, որքան արտահայտվելու ցանկություն, ես շատ շնորհակալ եմ: Անկեղծ ասած, խոսում եմ իմ և գործընկերներիս անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ մեր հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական աշխատանք էր ու շատ պատասխանատու: Հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն»:
Մյուս թեման, որին հենց սկզբում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, կառավարության կազմն ու կառուցվածքն էր: Նա արձանագրեց, որ օպտիմալացման իմաստը փող խնայելը չէ, այլ արդյունավետության բարձրացումը: Նա նաևր հայտարարեց, թե խաչ չեն քաշում սփյուռքի նախարարության վրա:
Հայտնի է արդեն, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել: Նրան վստահվելու է նոր ստեղծվող բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ղեկավարումը։