Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ մի շարք հայտնի բժիշկներ, ԵՊԲՀ դասախոսներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ազատ չարձակել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին։ Օրերս հայտնի դարձավ, որ ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին եւ եթե նրան ներում շնորհվի, ապա ազատ կարձակվի 22 տարի անց։ Ստորագրահավաքը շարունակվում է, բժիշկները պատրաստվում են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի դեպ, ԵՊԲՀ-ն ստորագրահավաք չի կազմակերպել, որպես բժիշկ է Արմեն Մուրադյանը միացել ստորագրահավաքին։ Հ
իշեցնենք, որ ըստ վճռի՝ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին խաբեությամբ տարել է Արամ Հարությունյանի Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21 շենքի թիվ 18 բնակարան, վերջինիս սպանելու ու դիակը վերադարձնելու համար նրա հորից 20.000 ԱՄՆ դոլար պահանջելու և շահադիտական դրդումներով նախապես թաքցրած տեղից վերցրել է երկաթյա պտուտակող բանալին և հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում և տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսևորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետև ձեռք գցելով նրա պարանոցին, փորձել է խեղդամահ անել:
Արդյունքի չհասնելով՝ Արամ Հարությունյանից դանակ է պահանջել և դանակով մահացու հարվածներ հասցրել Իոսիֆ Աղաջանովի դեմքի ու պարանոցի շրջանում, որից հետո արդեն իսկ հատակին ընկած Իոսիֆ Աղաջանովի կոկորդը դանակով կտրել է Արամ Հարությունյանը: Շահադիտական դրդումներով և առանձնակի դաժանությամբ Իոսիֆ Աղաջանովին սպանելուց հետո նրա դիակը տեղավորել են նախապես այդ նպատակով գնած պայուսակի մեջ և այն տնից տեղափոխելով՝ թաքցրել են Երևան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածի շրջակայքում՝ քարերի տակ։
Ինքը՝ Մհեր Ենոքյանը, այժմ չի ընդունում իր մեղքը, սակայն ժամանակին նա ինքնախոստովանական ցուցմունք այդ մեղադրանքի մասով տվել է։ Տուժող Իոսիֆ Աղաջանովի իրավահաջորդ Միխայիլ Աղաջանովը, ով սպանված տղայի հայրն է, բազմիցս իր հրապարակային ելույթներում վերահաստատել է իր այն դիրքորոշումը, թե Մհեր Ենոքյանի մեղքն ապացուցված է, նա է իր որդուն սպանել, և այս գործում որևէ մութ անկյուններ չկան։ Նա անգամ կոչով դիմել է երկրի ղեկավարներին։
Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերի 30-ին Միխայիլ Աղաջանովը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով 22 տարի առաջ կատարված հրեշավոր սպանության մեղադրյալին ներում չշնորհել, քանի որ «պետությունը կատարել է իր օրինական գործառույթը, և սառնասիրտ ոճրագործ մարդասպանը ցմահ պատիժ է կրում», և դրանով են գոնե մի փոքր իրենք սփոփվում։