Ցավում եմ, որ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին իմ տարիքի շուրջ. Մխիթար Հայրապետյանը հրաժեշտ է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մխիթար Հայրապետյանի հրաժեշտի խոսքը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ Ազգային ժողովում: Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատեցի ութ ամիս, այդ ընթացքում եղան և՛ ձեռքբերումներ, և՛ հաջողության պատմություններ, և՛ բացթողումներ: Ցավում եմ, որ շատ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին իմ տարիքի շուրջ, իհարկե, հնչեցին նաև բազում
առողջ քննադատություններ ու խորհուրդներ, որոնք ես ընդունեցի, վերլուծեցի, հետևություններ արեցի: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ նախարարի պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության անբացատրելի մեծ զգացումով՝ հույս ունենալով, որ իմ նշանակումը կոգեշնչի, նախևառաջ, երիտասարդներին, իմ փորձառությունը օգտակար կլինի նրանց համար, նաև իմ օրինակը կմոտիվացնի նրանց դրականորեն կոտրել երիտասարդության հանդեպ առկա թերահավատության բոլոր անհիմն կարծրատիպերը:

Հիմա հետահայաց վերլուծությամբ ութամսյա այս ընթացքը ուրվագծվում է իմ մեջ իբրև անփոխարինելի փորձ, քաղաքական հասունության նոր փուլ, նոր գաղափարների ու նախաձեռնությունների շրջան: Նախարարի պաշտոնում աշխատելու ամեն օրն ինձ համար լավագույնն անելու ձգտում էր: Ուրախ եմ, որ հանրությունը նախարարության և իմ աշխատանքին հետևում էր սևեռուն ուշադրությամբ, այն խոշորացույցի էֆեկտով օգնում էր մեզ շուտ նկատել սխալները, ուղղել դրանք:

Ինքս երբեք չեմ խուսափել սեփական սխալներն ընդունելուց, դա համարել եմ արդյունավետության հասնելու գլխավոր ցուցիչ: Այս ութ ամիսների ընթացքում գրեթե ամեն օր փորձել եմ սովորել նորը՝ վստահ լինելով, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականը նաև մշտապես սովորել ցանկանալու, սովորելուց  չվախենալու ու չխուսափելու մեջ է: Հենց այդպես է աշխատանքը վերածվում ապրելու, մտածելու, անընդհատ առաջ գնալու կերպի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հուսով եմ՝ կարողացել եմ այս ամիսների ընթացքում ձեզ հասցնել իմ սերն ու ջերմությունը, դե իսկ ձեզնից ստացած դրական լիցքերն ինձ անչափ ոգևորել են, ուժ տվել: Փորձելով խորապես ճանաչել սփյուռքը՝ այն իմ պատկերացումներում մարմնավորվել է իբրև գունեղ, անհամեմատելի տարբեր, բազմաշերտ, բայց հզոր մի ամբողջություն: Այն, ամենից առաջ, միլիոնավոր հայերի անձնական ու
համազգային պատմությունների, կարոտի, երազանքների, ներկայի նպատակների, վերջապես, մեծ համահայկական ներուժի մասին է: Եվ ճանաչածս այդ ուժեղ սփյուռքը մշտապես լինելու է իմ խոհերի, մտորումների, գաղափարների, նախաձեռնությունների մեջ:

Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար, պատասխանատու եմ լինելու նաև սփյուռքի առջև՝ անելով ամեն բան Հայաստան-սփյուռք գործակցության արդյունավետությանն աջակցելու համար:




Լրահոս