Կգա ժամանակը. ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 11-ին մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը, սակայն հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը չէր ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը և հնարավորություն չէր ունեցել նաև գրավոր առարկություն պատրաստելու համար:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 17-ին:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանը նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված որևէ մեղադրանք: Հարցին` Սիլվա Համբարձումյանի հետ կաշառքի դրվագով առերեսում եղե՞լ է, թե որ Ա. Գևորգյանը պատասխանեց, թե առայժմ որևէ բան ասել չի կարող. «Կգա ժամանակը. ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Իսկ դեկտեմբերի 12-ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք էր առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս