Ով կնշանակվի Արյունաբանական կենտրոնի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր տեղի է ունեցել Արյունաբանական կենտրոնի տնօրենի մրցույթ, և մրցույթը հաղթահարել են 3 հոգի՝ Արյունաբանական կենտրոնի տնօրենի ներկայիս պաշտոնակատար, անվանի բժիշկ Սամվել Դանիելյանը, Լոռու մարզի նախկին առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը և Կոտայքի փոխմարզպետ Լարիսա Մադոյանը:

Քննության ժամանակ մասնակիցները, բացի քաղիրավական քննությունը հանձնելուց, ներկայացրել են նաև զարգացման ծրագրեր, և Դանիելյանի ներկայացրած ծրագիրը, ի տարբերություն մյուսների, արժանացել է հանձնաժողովի միաձայն գնահատականին:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Սամվել Դանիելյանը` որպես Հայաստանում մանկական լեյկեմիաների բուժման հիմնադիր, անվանի արյունաբան-ուռուցքաբան և վաստակավոր կազմակերպիչ, նշանակվեց գլխավոր արյունաբան և Արյունաբանական կենտրոնի տնօրեն և վերջին կես տարվա ընթացքում տեղի ունեցան նշանակալի դրական փոփոխություններ՝ Կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, հայտնի մասնագետների համախմբում և ներգրավում Կենտրոնի աշխատանքներում, նորագույն բուժական մեթոդների ներդրում: Այս փոփոխությունների մասին բազմիցս նշել և գրառումներ էր արել նաև առողջապահության նախարարը, և Դանիելյանի նշանակումը մեծ ոգևորություն էր առաջացրել բժշկության ոլորտում:

Ներկայումս առողջապահության նախարարը պետք է որոշում կայացնի, թե ով պետք է նշանակվի տնօրեն:

Չնայած մյուս երկու մասնակիցները ևս հանձնել են քննությունը, սակայն արյունաբանության ոլորտի հետ որևէ կապ երբևէ չեն ունեցել ու անհասկանալի էր նրանց մասնակցությունը մրցույթին, և, բնական է, որ երկրի համար ստրատեգիկ նշանակություն ունեցող այս ոլորտը ղեկավարելու հարցում բնական ֆավորիտ է Սամվել Դանիելյանը, ում մասնագիտական ճանաչումը վաղուց դուրս է եկել նաև Հայաստանի սահմաններից և հենց նրա անվան հետ են մասնագիտական շրջանակները կապում ոլորտի հետագա զարգացումը և Արյունաբանական կենտրոնի տարածաշրջանային կենտրոն դառնալը:




Լրահոս