«ՎԱՂՈՒՑ ԻՄ ՁՄԵՌ ՊԱՊԸ ԵՍ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախաամանորյա հարցերին պատասխանել է դերասանուհի Էվա Խաչատրյանը: Նա խոսել է իր նախընտրությունների, 2018-ի ձեռքբերումների, բուռն պահերի, գալիք տարվանից իր սպասումների եւ այլ թեմաների շուրջ:

-Էվա՛, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Եղբորս ծնունդը: Նա հորս որդին է, ոչ իմ մայրիկից: Մինչ այդ ես միայնակ էի, քույր-եղբայր չունեի: Այս տարիքում քույր կամ եղբայր ունենալը խորապես գիտակցված հրճվանք է:
-Ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել:
-Տարին ինձ համար, բնականաբար, բուռն աշխատանքային էր: Հուսով եմ՝ գալիք տարում էլ կլինեն մի շարք նախագծեր, ես էլ ճիշտ պահին կհայտնվեմ ճիշտ տեղում: Էներգիաս անսպառ է… Անցյալ, նախանցյալ տարիներին Ամանորի գիշերն աշխատել եմ. կարծում եմ՝ այս տարի կեսգիշերին չեմ աշխատի:
-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը:
-Չունեմ այդպիսի նախընտրություններ: Սեղան գցելը, դրա վրա ժամանակի եւ էներգիայի մեծ մասը սպառելն ինձ բնորոշ չէ: Իհարկե, ամանորյա սեղան ունենում ենք, բայց ուշադրություն ենք դարձնում տոնի խորհրդին: Սովորաբար Ամանորը նշում եմ նախ տանը մայրիկիս հետ, հետո` ընկերներիս հետ ռեստորանում, կամ գնում եմ Մոսկվա հայրիկիս հետ նշելու: Որոշումը պահի տակ եմ կայացնում, էմոցիաների ազդեցության տակ: Չեմ սիրում նախապես պլանավորել:
-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում:
-Հենց այդ լարվածությունը, ավելորդ ծանրաբեռնվածությունը: Քայլում ես եւ տեսնում ես, որ մարդկանց դեմքերը հոգսաշատ են, նրանք մտածում են միայն առեւտրի մասին: Դա էլ մի բան չի: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս խնդիրը կլուծվի, մարդիկ կհասկանան, որ սննդի առատության մեջ չէ երջանկությունը: Հիմա արդեն շատ եմ հանդիպում ընտանիքների, որոնք նման ավելորդ ջանքեր չեն գործադրում, հանգիստ են անցկացնում Ամանորը, ոչ սթրեսային:
-Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Ձյան, բուռն էմոցիաների, ալկոհոլի ազդեցության, լույսերի, տոնածառի, նյույորքյան երաժշտության եւ լիքը այլ բաների հետ: Ինձ համար Ամանորի շունչն ամենավառը արտահայտվում է նյույորքյան ամեն անկյունում: Ինձ ձգում է այնտեղի հանրության մոտեցումը այդ տոնին: Դա իսկապես շատ գեղեցիկ Ամանոր է:
-Ձեզ համար ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը:
-Կամերային թատրոնում երեք ներկայացման ծնունդը: Դրանց ծնողներից մեկն էլ ես եմ: Դրանք այս տարվա լավագույն ձեռքբերումներն են: Ի դեպ, շուտով եթերում կլինի նաեւ իմ մասնակցությամբ երկու հեռուստանախագիծ՝ կարճ սերիալ: Նկարահանվել եմ բացառիկ, նմանը չունեցող նախագծում: Դա ինձ համար փորձարարական, նմանը չունեցող մի բան էր:
-Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է:
-Իմ Նոր տարիները միշտ էլ լավ են անցել, երբեք տխուր չեմ անցկացրել տոները: Ի դեպ, հունվարի 1-ին հայրիկիս ծնունդն է, եւ այդ օրն ինձ համար կրկնակի տոն է:
-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը:
-Բարեբախտաբար, կորուստներ չեն եղել: 2018-ն ինձ համար աշխատանքային, բայց իներտ տարի էր: Իհարկե, եղել են մի շարք դժվարություններ, այսպես ասած, դժվարամարս տարի էր: Գերհոգնած էի, եւ այդ վիճակն անդրադառնում էր իմ գործունեության վրա: Հուսամ՝ 2019-ն էլ կլինի նույնքան բուռն տարի, բայց նաեւ հանգստի հնարավորությամբ:
-Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում:
-Շատ եմ սիրում ամանորյա ուտեստներ, մայրիկս դա գիտի եւ հաճախ պատրաստում է: Ամենասիրելին ինձ համար նրբաբլիթն է, որն ինձ համար մայրս նույնիսկ ամռանն է սարքում: Ի դեպ, վերջերս մի փոքր գիրացել եմ, դա զգացվում է թատրոնի հագուստները փորձելիս, այնպես որ, Ամանորին պետք է քիչ եւ կանոնավոր ուտեմ:
-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:
-Այո, շատ եմ գրել: Ի դեպ, ես վաղ հասակից գլխի եմ ընկել, որ Ձմեռ պապ չկա, բայց նամակագրությունը վերածել եմ խաղի, հասկացել եմ, որ, միեւնույն է, իմ խնդրանքը տեղ է հասնում: Ծնողներս էլ ինքնաբերաբար մտել են խաղի մեջ:
-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Իրականում ոչինչ, քանի որ վաղուց իմ Ձմեռ պապը ես եմ: Ու քանի որ ձմեռն իր հետ մի շարք խնդիրներ է բերում, որոնք դեռ պետք է լուծել, իրենից ոչինչ չեմ խնդրում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
«Լավ է, որ Նկարիչների միության նախագահը փոխվել է: Սուրեն Սաֆարյանի պապն էլ ժամանակին եղել է միության լավագույն ղեկավարներից մեկը, կարելի է ասել՝ վերջին լավ ղեկավարը: Եթե նա իսկապես մտահոգված է միության ճակատագրով, ուրեմն ամեն բան լավ կլինի: Իհարկե, մի փոքր փորձի պակաս կա, միության կադրերը ոնց որ կառավարության նոր կադրերը լինեն՝ ոչ փորձված, ոչ կոմպետենտ, բայց պետք է որ ամեն բան լավ լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Այն անցել է բավականին բուռն, անգամ ձայների հաշվումն աղմկոտ է եղել: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ է ընտրվել երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը: Նրանից բացի՝ մյուս երկու թեկնածուներից Կարեն Աղամյանը ստացել է 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն:
Պարոն Շահումյանը հիշեցրեց՝ միությունն այժմ ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես քայքայված վիճակում է, եւ ով էլ ղեկավարեր այն, նրա համար բավական բարդ էր լինելու: Հարցին, թե որքանով է կարեւոր կառավարման ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչների փորձը հաշվի առնելը, պարոն Շահումյանը պատասխանեց. «Արվեստը այլ, տարբերվող միջավայր է: Այստեղ հարաբերությունների բարոյական հարթությունը շատ կարեւոր է: Չէ՞ որ շատ դեպքերում հարգում ես լավ նկարչին, ոչ թե լավ ադմինիստրատորին: Մենք սովոր ենք, որ միության նախագահը պետք է անպայման հայտնի նկարիչ լինի, բայց պետք է տարբերակենք՝ ղեկավարի համար որ հատկությունն է կարեւորը: Հուսամ՝ Սուրենը կարդարացնի մեր սպասումները: Վարչությունն էլ մեծ անելիքներ ունի: Բացի այդ՝ միությունը պետք է ստուգվի, տարիներ շարունակ այն թալանվել է: Նոր ղեկավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ ի շահ երկրի նպաստի, որպեսզի բացահայտումներ կատարվեն»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՑՈՂԸ
«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` «Լեւանտե»-ի հետ խաղում: Այս կերպ, հարձակվողը 2018 թվականի իր գոլերի թիվը հասցրել է 50-ի: Նա դարձել է աշխարհում առաջին խաղացողը, որը հասել է այս ցուցանիշին: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, դարձել է 14 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: Բացի դա, Լիոնելը 4 հանդիպման է մասնակցել Չեմպիոնների լիգայում, որոնցում դարձել է 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնա»-ի սան է եւ ակումբում հանդես է գալիս 2003 թվականից: Մեսսին կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, նա անցկացրած 656 խաղում դարձել է 572 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի ամառը:




Լրահոս